HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Լոռիում գյուղացիները բացել են ճանապարհը միայն գյուղնախարարությունից ստացված հեռախոսազանգից ու խնդրի կարգավորման խոստումից հետո

Այսօր մթերվող կաթի գնի դեմ բողոքի ակցիայի էին դուրս եկել Լոռու մարզի Գուգարքի ու Սպիտակի տարածաշրջանի գյուղերի բնակիչները: Գյուղացիների մի մասը նախ հավաքվել է Վանաձորում՝ Լոռու մարզպետարանի դիմաց, ապա տեղեկանալով, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջիկայում հրաժարականի դիմում է ներկայացնելու ու չի կարող իրենց օգտակար լինել, որոշել են բողոքի ակցիան իրականացնել Վանաձոր-Սպիտակ-Երևան ճանապարհին:

Ճանապարհին հարակից գյուղերի բնակիչները Լեռնապատ համայնքի հարակից տարածքում փակել են ճանապարհը՝ այդպիսով հրավիրելով ոլորտի ու պատկան մարմինների ուշադրությունը խնդրին:

Լեռնապատ գյուղի բնակիչները դժգոհում են, որ վերջին օրերին կաթ մթերողները իջեցրել են կաթի գինը, իսկ այսօր արդեն տեղեկացրել են, որ կաթի մեկ լիտրը հաջորդող օրերին մթերելու են 130 դրամով:

Այս սակագինը գյուղացիներն անընդունելի են համարում: Նրանք գտնում են, որ մթերողները, գյուղացուց ավելի էժան գնելով կաթը, գերշահույթ ստանալու ակնկալիքներ ունեն:

 Ժամեր շարունակ ճանապարհը փակած գյուղացիներին որևէ պաշտոնատար անձ չի մոտեցել: Հալավարի բնակիչ Գևորգ Աբազյանի խոսքով, իրենք որոշել են ժամանակավոր զիջումների գնալ ու բացել ճանապարհը միայն ՀՀ գյուղատնտեսության ու բնապահպանության նախարարությունից ստացված հեռախոսազանգից հետո:

«Նախարարության աշխատակիցը հեռախոսազանգի միջոցով մեզ խոստացավ, որ խնդիրը կկարգավորվի: Մենք էլ համաձայնվեցինք սպասել: Սակայն, եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում գների կարգավորում ու կայունացում չեղավ, մենք նորից փակելու ենք ճանապահը»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց Լեռնապատի բնակիչ Հովհաննեսը:

Գյուղացիներն ասում են, որ վաղը հրաժարվելու են հանձնել կաթը, եթե առավոտյան մթերողները կաթի մեկ լիտրի համար առաջարկեն 140 դրամից պակաս սակագին: Իսկ ընդհանուր առմամբ գյուղացիները հույս ունեն, որ գյուղատնտեսության նորանշանակ նախարարը քայլեր կձեռնարկի մթերվող կաթի գինը մինչև 170 դրամ հասցնելու համար, այլապես, ինչպես իրենք են նշում, անհնար կլինի կատարված ծախսերն ու ներդրումները փոխհատուցելը:

Հիշեցնենք, որ նույն խնդրի հետ կապված երեք օր առաջ բողոքի ակցիա էին իրականացրել նաև Արագածոտնի մարզի գյուղացիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter