HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Անապատի գիշերներում

Էդիկ Բաղդասարյան, Արա Մանուկյան

Մեկ տարուց ավելի է՝ «Հետք»-ը հետաքննություն է կատարում հայ կանանց վաճառքի մասին. ինչպե՞ս են նրանք հայտնվում Արաբական Միացյալ էմիրություններում, ի՞նչն է նրանց ստիպում բռնել այդ ճանապարհը եւ զբաղվել մարմնավաճառությամբ, ովքե՞ր են ղեկավարում կանանց վաճառքի «բիզնեսը» Հայաստանում եւ Արաբական Միացյալ էմիրություններում, եւ ինչու՞ չեն պատժվում այդ ղեկավարները: Ի՞նչ քայլեր են ձեռնարկում Հայաստանի եւ Էմիրությունների իրավապահ մարմինները կանանց վաճառքը կանխելու համար: Այս հարցերի պատասխանները «Հետք»-ի հետաքննական թիմը կտա «Անապատի գիշերները» հոդվածաշարով եւ ֆիլմով: Ներկայացնում ենք այդ շարքի առաջին նյութը:

Տաքսու պակիստանցի վարորդը շարունակում է պատասխանել մեր հարցերին: Վարորդները ինֆորմացիայի հրաշալի աղբյուր են, նրանք շատ բան գիտեն:

Նրանք գիտեն՝ որտե՞ղ են կանգնում կանայք, նրանց ճանաչում են նույնիսկ ազգություններով: Ասենք՝ որտե՞ղ կարելի է գտնել ռուս, չինացի, իրանցի, հայ կանանց կամ մինչեւ 18 տարեկան աղջիկներին:

Նրանք մեզ խորհուրդ են տալիս այցելել լավագույն գիշերային դիսկոտեկը:

Դուբայի վարորդները, որոնք հիմնականում պակիստանցիներ են եւ հնդիկներ, պատմում են Շեյխի, նրա հարազատների ապարանքների, ունեցվածքի, բիզնեսի մասին:

Մենք հայտնվում ենք Դուբայի բնակելի թաղամասերից մեկում՝ նախապես իմանալով, որ էժանագին հայ մարմնավաճառներն այստեղ են:

Հասնում ենք այդ վայրը, որտեղ շենքերի մուտքերի մոտ երեւում են չինացի, ռուս, ուզբեկ եւ հայ կանայք. նրանք սպասում են հաճախորդներին:

Հաճախորդներն էլ տեղում ընտրություն են կատարում, սակարկում եւ համաձայնության գալուց հետո բարձրանում բնակարան-հասարակաց տները:

Դուբայի իշխանությունները, ոստիկանությունը, անշուշտ, գիտեն, որ այս շենքերում հարյուրավոր նման բնակարաններ կան:

էժանագին այս կանանց հաճախորդները Դուբայում աշխատող պակիստանցիներն են, իրանցիները, հնդիկները եւ հարեւան մուսուլմանական երկրների արաբները: Հաճախորդները մտնում են սենյակները եւ 5, 10 կամ 15 րոպե անց դուրս են գալիս: Մարմնավաճառների մատուցած «ծառայության» գինը 10, 15, առավելագույնը 20 դոլար է: Օրվա ընթացքում հաճախորդների թիվը երբեմն անցնում է մի քանի տասնյակը:

Այստեղի մարմնավաճառ կանայք հիմնականում փնթի են, անգրագետ ու գռեհիկ:

Մենք իջնում ենք տաքսիից եւ միանգամից զրույցի բռնվում երեք հայ կանանց հետ: Իբրեւ թե՝ պատահաբար այդտեղ հայտնված զբոսաշրջիկներ ենք:

- Հայե՞ր եք,- հարցնում ենք:
- Հա,- լսվում է պատասխանը:
- Ի՞նչ եք անում այստեղ:
- Ի՞նչ պիտի անենք, անտեր շան նման թափառում ենք:

Նրանց խնդրեցինք զրուցելու համար բարձրանալ իրենց մոտ:

Մենք գաղտնի նկարահանում էինք այս ամբողջ ընթացքը ֆիլմ պատրաստելու համար: Սակայն նրանց դեմքերը կամ նկարները չենք կարող ցուցադրել, որովհետեւ նրանցից շատերն ամուսնացած են եւ երեխաներ ունեն: Նրանց ընտանիքների հիմնական մասը չգիտի, որ իրենք Դուբայում են եւ զբաղված են մարմնավաճառությամբ:

Բնակարանում գտնվող 6 կանանցից միայն մեկն էր Երեւանից: Մյուսները Հայաստանի փոքրիկ քաղաքներից են եւ գյուղերից:

Կանանց ներկայացանք իբրեւ Միացյալ Նահանգներից հանգստանալու նպատակով Դուբայ ժամանած հայեր' երկուսս իբրեւ նախկին հայաստանաբնակներ, երրորդը՝ բնիկ ամերիկահայ:

Փողոցում կանգնած կանայք չեն կարող հենց այնպես լքել իրենց կանգնելու վայրը: Նրանց «Բոսը», ինչպես պատմեց կանանցից մեկը, օրը հինգ-վեց անգամ ամենատարբեր ժամերի տաքսիով գալիս, պտտվում է՝ տեսնելու կանայք տեղու՞մ են, թե՞ ոչ: Վեց հայ կանանց այս սենյակում վերահսկում է Անուշ անունով երեւանցի կինը:

- Օրական քա՞նի հաճախորդ եք ունենում,- հարցնում ենք:
- Եսիմ,- ասում է Անուշը:
- Վտանգավոր չէ՞:
- Չէ, արդեն ճանաչում ենք օրվա մարդկանց,- պատասխանում է նա:
- Հայ կանայք շա՞տ են Դուբայում:
- Սաղ Հայաստանդ էստեղ է, էլի,- ասում է ջերմուկցի Նարան:

Որոշ ժամանակ զրուցելուց հետո՝ ցույց տալով 17-ամյա մի աղջկա լուսանկար, ասացինք, որ մեր բարեկամն է եւ նրան ենք փնտրում:

Ջերմուկցի Նարան ասաց. «Գործն այսպես է. ոչ ոք քեզ չի կարող ստիպել, եթե դու ցանկանում ես, էս գործը անում ես, եթե չես ցանկանում, գնում ես պոլիս ստեյշն (Police station), ասում ես: Վեց տարի է՝ Դուբայում եմ: Եթե քեզ թվում է, թե ֆինանսական պրոբլեմներով ենք եկել Դուբայ հասել, չէ:
- Բա ինչու՞ ես եկել:
- Պետք է եղել, եկել եմ: Հիմա իմ քաշին փողն էլ ունեմ, ոսկեղենն էլ ունեմ, տունն էլ ունեմ՝ Դուբայում էլ, Հայաստանում էլ: Ինձ ոչ մեկը չի կարող մի բան ասել,- պատասխանում է ջերմուկցի Նարան:

Այնուհետեւ կանայք ասում են, թե ինչպես կարելի է գտնել լուսանկարի մեր բարեկամին' ո՞ր դիսկոտեկները, գիշերային ակումբներն այցելենք նրան փնտրելու համար:

Վեցհոգանոց այս խմբի մեջ կար երկու կին, որոնց խաբեությամբ են բերել Դուբայ: Մյուսները եկել են սեփական կամքով: Հենց այդ երկուսը մեր զրույցի ամբողջ ընթացքում որեւէ բառ չարտասանեցին: Իսկ մեր՝ բնակարանում գտնվելու ժամանակ հաճախորդները ելումուտ էին անում կողքի սենյակներ: Մեր ներկայությունը որեւէ կերպ չխանգարեց նրանց աշխատանքին:

Հրաժեշտի ժամանակ հիշատակված երկու կանայք հասցնում են պատմել, թե ինչպես են իրենց խաբեությամբ բերել Դուբայ: «Ինձ ասացին, որ գնում ենք Բուլղարիա՝ ծաղկի խանութում աշխատելու: Հետո Մոսկվայից բերեցին այստեղ: Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա: Արդեն մեկ տարի է՝ այստեղ եմ, ամուսինս գիտի, թե ես Բուլղարիայում եմ: Տուն փող եմ ուղարկում, երբեմն հեռախոսով խոսում եմ երեխաներիս հետ: Ինչ արած, չգիտեմ էլ ինչ պետք է լինի սրա վերջը»,-ասաց մասիսցի կինը:

Երբ կանգնած էինք փողոցում, հայ կանայք մեզ ասացին՝ արագ նստեք տաքսի, թե չէ ոստիկանությունը կարող է գալ եւ բռնել մեզ:

Նրանք խնդրեցին նորից այցելել իրենց:

Նստելով տաքսի՝ շարժվում ենք առաջ՝ հանդիպելու այսօր Դուբայում ամենահայտնի կավատի՝ Մարիետայի կանանցից մեկին:

Դուբայ, հուլիս 2004

Մեկնաբանություններ (3)

Andranik
Hetq is blocked in Dubai, but do you know why??? Because the UAE police is directly involved into the sex trade in Dubai, information of Hetq causes them not to have Armenian girls in Dubai, it is that simple, the security forces in Dubai can track down any one in less than two hours, they know every thing about every one in Dubai, they even know how many times you flush you toilet per day. The most amazing thing is that they are an Islamic country, how do they have sex & prostitution in broad day light??? This is how the country makes money & this how Dubai was build, but people are amazed about Dubai with out knowing any thing of what is going on, they call it the attraction of Dubai, not for the biggest tower of the world but for the sex trade.
Andranik
Dubai was built on prostituting profit with no shame.
Andranik
What a wonderful attraction in Dubai for tourists who are amazed about the Islamic gulf country.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter