Հինգշաբթի, 24 մայիսի

Մարտունեցիները պահանջներ են առաջադրել հէկի տնօրենին և 10 օր կսպասեն պատասխանին



Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչներն այսօր համայնքապետի, ՀԿ-ների և հէկի ներկայացուցիչների մասկանցությամբ քննարկել են իրենց համայնքում գործող հէկին առչնվող բնապահպանական և սոցիալական հարցերը: Հիշեցնենք, որ նրանք օրերս սպառնացել էին փակել հէկի ջուրը: 

Մարտունու համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ բնակիչները պահանջները կատարելու հստակ առաջադրանքներ են քննարկվել: Մասնավորապես, առաջադրվել է սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքներն օգտագործելու դեպքում էլեկտրաէներգիայի վճարները փոխհատուցելու պահանջը: Հէկի հետագա շահագործման պարագայում բնակիչներն առաջարկել են նաև վերանորոգել հէկ բարձրացող ճանապարհները, որի շրջակայքում ապրում է նաև շուրջ 30 ընտանիք և օգտվում այդ ճանապարհից: 

Առաջարկվել է ջրաչափ տեղադրել օգտագործվող ջրի վրա, որպեսզի ջրի սակավության պատճառով գետի ողջ հոսքը չօգտագործի միայն հէկը:

«Այսինքն՝ բնության համար որպեսզի խոչընդոտ չառաջանա, չվնասի կենդանիների բազմացումը, պետք է անպայման ջուրն այդ տարածքով հոսի: Գետում մշտական ջուրը պետք է լինի»,- ասաց համայնքի ղեկավարը:

Մարտունեցիների առաջադրած պայմանները քննարկելու համար հէկի ներկայացուցիչները, այդ թվում քննարկմանը ներկա տնօրեն Մայիս Մկրտչյանը, ով, ինչպես արդեն գրել ենք, Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի եղբայրն է, 10-օրյա ժամկետ են խնդրել: Նրանք այդ բոլոր հարցերը պետք է քննարկեն հէկի իրական սեփականատիրոջ հետ, ով, իրենց հավաստմամբ, այժմ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: 10 օրից նրանք կրկին հավաքվելու են, որպեսզի գյուղացիների առաջադրած պահանջների մասին իրենց դիրքորոշումը հայտնեն:

«Բացի դրանից, համայնքը պետք է ինչ-որ բանով շահի, քանի որ համայնքի տարածքն է հատկացված: Քննարկում ենք նաև համայնքի շահը»,- ավելացրեց համայնքապետ Ավետիսյանը:

Հէկի ենթակառուցվածքները, ըստ համայնքապետի, առնչվում են համայնքի 12 բնակչի հողատարածքներին: Սակայն այդ տարածքում ապրում է 30 ընտանիք, որոնք տարբեր տեսակի զրկանք են կրում հէկի պատճառով, օրինակ՝ ոմանք կենդանիները չեն կարող ջրի մոտ հասցնել:

«Մենք նենց չի, որ հենց առաջին քայլն անում են՝ միանգամից հէկերը փակվեն: Եթե ամբողջ ՀՀ-ում հէկերը փակվեն, թող մերը վերջինը փակվի: Բոլոր դեպքերում, եթե դա օգուտ է տալիս բնակչությանը, եթե աշխատատեղեր է տալիս, մենք դրա կողմից ենք, բայց եթե հէկն աշխատի միայն էդ բնակիչների համար, որ էնտեղ աշխատում են ու բնությանը վնաս տա, ու ոչ մեկը ոչ մի բանից չօգտվի...: Պետք է էնպես լինի, որ և՛ բնությանը վնաս չտա, և՛ հէկն աշխատի, և՛ ժողովրդի աշխատատեղը բավարարվի, և՛ համայնքն օգտվի դրանից: Մենք այդ պայմաններն ենք առաջադրել»,- ամփոփեց համայնքապետը:

Լուսանկարները՝ www.ecolur.org-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ