HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Անապատի գիշերներում - 2

Էդիկ Բաղդասարյան, Արա Մանուկյան

Հայտնի կավատ էջմիածնեցի Մարիետա Մուսայելյանի աղջիկները հիմնականում հաճախում են «Սայկլոն» ( «Cyclon the C lub») դիսկոտեկը: «Սայկլոնը» Դուբայի ամենահայտնի դիսկոտեկն է: «Որտե՞ղ կարելի է աղջիկներ գտնել» հարցին Դուբայի ցանկացած տաքսու վարորդ անմիջապես պատասխանում է' «Սայկլոն»-ում: Մեկ տարի առաջ «Սայկլոնի» տերերը հնդիկներ էին, այսօր, ինչպես հայտնեց տեղացիներից մեկը, որի անունը չենք կարող նշել, այն պատկանում է Դուբայի միգրացիայի ծառայության եւ ոստիկանության բարձրաստիճան երկու պաշտոնյաների: Նման տեղեկությունները շատ դժվար է ճշտել Դուբայում: Ընդհանրապես, Արաբական Միացյալ էմիրություններում պետական մարմիններից որեւէ տեղեկություն ստանալը մեծ խնդիր է, հատկապես օտարերկրացի լրագրողների համար:

Գիշերվա ժամը 3-ին, երբ փակվում է դիսկոտեկը, հարյուրավոր աղջիկներ եւ տղամարդիկ միանգամից դուրս են «թափվում» փողոց: Դրսում տղամարդիկ սկսում են ընտրություն կատարել եւ սակարկել: Այդ պահին ամենուր լսվում է անգլերեն «How much»-ը: Օդի մեջ զգում ես սեքս-բիզնեսի ամբողջ «հմայքը»: Հաճախորդներին հիմնականում հետաքրքրում է մեկ ժամվա, մեկ գիշերվա արժեքը: Երբ սկսվում է սակարկությունը, աղջիկները ներկայացնում են իրենց «կարողությունները»' սեքս տարբեր ձեւերով: Սեքս երկու, երեք հոգով: Մի սեւամորթ, ցույց տալով իր հետույքն իմ գործընկեր Արային, ասում է' տե՛ս, ի՞նչ հարմար է սեքսի համար: Չինուհին, բռնելով ձեռքս, ասում է, որ կարողանում է հանգստացնել նաեւ մերսումով: Հաճախորդներն ամենատարբեր տարիքի են եւ ամենատարբեր խավերից: Երբեմն թանկարժեք մեքենաներով հաճախորդներ են մոտենում եւ հենց մեքենայից կատարում ընտրությունը: «Սայլկլոնն» այդ պահին արեւելյան շուկայի է վերածվում: Վաճառվող միակ ապրանքը կինն է, նրա մարմինը: Գինովցած տղամարդիկ եւ կանայք գնի մասին բարձր սակարկում են:

Օ.Գ.-ն Մարիետայի աղջիկներից էր: «Սայկլոնում» նա հայտնի էր «Բեյբի» անունով: Երբ Արան նրան անգլերենով հարցրեց մեկ գիշերվա գինը, Բեյբին ծիծաղելով ասաց' 1000 դրահմ ( 300 դոլար ) : Մեկ ժամվա գինը 500 դրահմ էր: Օ-ն անգլերեն միայն այդ բառերը գիտեր:

Օ-ի 18 տարին լրացել էր 2003-ի դեկտեմբերին: Այդ ժամանակ նա դեռ Երեւանում էր եւ յոթ ամսվա հղի: Իսկ հղիության ութերորդ ամսում' 2004-ի հունվարին, նա արդեն Դուբայում էր: Օ-ին Դուբայ էին հասցրել Մոսկվայով: Դեռ Երեւանում նրան վաճառել էին Դուբայում կավատությամբ զբաղվող Մարիետային եւ Հայաստանից դուրս տարել բանգլադեշցի Սիրուշիկի ու Նելլիի օգնությամբ: Մարիետան հենց նրանց է Օ-ի համար վճարել 500 դոլար: «Մոսկվայում մեզ յոթ հոգով պահում էին մի բարձրահարկ շենքի երրորդ հարկում: Օդակայանում մեզ դիմավորել էր Արմեն անունով բարձրահասակ մի տղա: Երբ բերեց այդ տունը, մի ուրիշ տղա էլ եկավ' Սեւո էին ասում նրան, քյավառցի էր: Դրանք մեր անձնագրերը վերցրին, վեց օրից մեզ նոր ռուսական կեղծ անձնագրերով, տարիքներս փոխած' տարան Դուբայ: Օդակայանում Մարիետան մի տղամարդու հետ էր եկել, հետո իմացանք անունը' Արմեն էր (Արմեն Ղազարյան ) : Տարան մի բնակարան, անձնագրերը վերցրեցին ու սկսեցինք աշխատել»,-պատմում է երեւանցի 19-ամյա Սյուզին:

«Օ-ին բժիշկը սրսկեց, ու նա վիժեց երեխուն: Երբ ես Օ-ին այդ մասին հարցրի, նա սկսեց լացել, ոչ մի բան չէր հիշում, երբ երեխան դուրս էր եկել, նրա ուշքը գնացել է, նա ասում էր' ոչինչ չեմ հիշում: Օ-ն մի տեսակ խփնվել է, առաջ էդպես չէր»,-պատմում է Օ-ի ընկերուհիներից մեկը' երեւանցի Ա-ն:

Օ-ի մասին մենք գիտեինք դեռ երեք տարի առաջ, երբ հոդված էինք պատրաստում Երեւանի Վարդաշենի հատուկ կրթահամալիրի մասին, ուր տեղավորված են դժվար դաստիարակվող երեխաներ: Օ-ն եւ նրա քույրը այստեղ էին հայտնվել, որովհետեւ նրանց հայրն ու մայրը բաժանվել էին եւ ամուսնացել ուրիշների հետ' երեխաներին թողնելով թոշակառու տատի ու պապի խնամքին: Նրանք էլ թոռների դաստիարակությամբ չէին կարողանում զբաղվել, ու աղջիկները հայտնվել էին Վարդաշենի հատուկ կրթահամալիրում: Հետո քույրերը փախան կրթահամալիրից եւ հայտնվեցին փողոցում: Որոշ ժամանակ անց Օ-ն հայտնվեց աղջիկներ հավաքագրողների ցանցում:

Օ-ն Դուբայից ամսական 100 դոլար էր ուղարկում Երեւանում տարբեր տեղերում ապաստան փնտրող քրոջը՝ 17-ամյա Ե-ին: Նա նույնպես հղի էր եւ այժմ արդեն երեխա ունի:

«Մենք էդ տանը մնացինք երկու ամիս: Հետո տեղափոխվեցինք ուրիշ տուն, Մարետը ասում էր, որ Pol ice- ը իրենց տան տեղը գիտի, պետք է տեղափոխվենք: Վերջին անգամ «Շերատոն» հյուրանոցի մոտ էինք ապրում, երբ Մարետը մեզ թողեց ու փախավ' տանելով մեր անձնագրերը, ոսկիները, շորերը»,-պատմում է Մարիետայի աղջիկներից մեկը, որը կավատի անհետանալուց հետո երկու ամիս բանտ էր նստել:

Աղջիկներ ընտրելիս Մարիետան ջանում էր, որ նրանք նորմալ ընտանիքներից չլինեն, ծնողներ չունենան: Նրա աղջիկները մանկատներից են, ծնողազուրկ են, սոցիալապես խիստ անապահով վիճակում գտնվող ընտանիքներից:

Նրա աղջիկներից մեկը Գավառի մանկատան սան Եվա Թովմասյանն է: Նա այսօր Դուբայում է եւ ապրում է տարբեր հայ աղջիկների մոտ: Չունի որեւէ փաստաթուղթ, ուստի, ի վերջո, կհայտնվի ոստիկանությունում:

Դեռեւս 2000 թվականին Դուբայի ոստիկանությունը Մարիետա Մուսայելյանին արտաքսել էր ԱՄԷ–ից: Հայաստանում իր մեղմ պատիժը կրելուց կարճ ժամանակ անց, նա սկզբում Հայաստանում, ապա Դուբայում շարունակում է նույն գործով զբաղվել:

2004-ի սեպտեմբերին Մարիետան իր ընկերոջ' Արմենի հետ, ինչպես արդեն նշել ենք, վերցնելով այդ ժամանակ իր հսկողության ներքո աշխատող յոթ աղջիկների անձնագրերը, ոսկիները եւ փողերը, Դուբայից մեկնեց Օման, որից հետո' Ռուսաստան, այնտեղից էլ դարձյալ ետ Հայաստան, որտեղ երկուսն էլ ներկայումս կալանքի մեջ են: Մարիետայի անհետանալուց հետո նրա աղջիկներից երեքը հայտնվել են բանտում: Օ-ն դրանց մեջ էր, նա վեց ամսվա հղի էր: Բանտում նա վիժել է: Մարիետայի երկու աղջիկները շարունակում են բանտում մնալ, իսկ երեքը Դուբայում զբաղվում են մարմնավաճառությամբ:

Մարիետան 2003թ. հետախուզվում էր Ինտերպոլով: Առնվազն միամտություն կլինի կարծել, թե Արաբական Միացյալ էմիրությունների ոստիկանությունը կամ Ինտերպոլի գրասենյակը չգիտեին, որ Մարիետա Մուսայելյանը գտնվում է Դուբայում: Այսօր Ինտերպոլով հետախուզվող վեց հայ կանանց գտնվելու վայրերը հայտնի են մեզ, եւ դա մեզ հաջողվել է պարզել՝ մեկ տարվա ընթացքում երեք անգամ այցելելով Դուբայ: Ընդամենը մի քանի օր է անհրաժեշտ Դուբայի իրավապահներին նրանց գտնելու եւ մեր իրավապահներին հանձնելու համար: Սակայն, նրանք դա չեն անում, որովհետեւ նման ցանկություն պարզապես չունեն:

Ինչու՞ են Մարիետա Մուսայելյանը եւ նրա անվտանգությունն ապահովող, սիրեկան Արմեն Ղազարյանը հանձնվել այս ձեւով:

Մեկ տարի առաջ Մարիետայի որդին Իրանից Էմիրություններ թմրադեղեր ներմուծելիս ձերբակալվել է եւ դատապարտվել ինը տարվա ազատազրկման: Նա այսօր Արաբական Միացյալ էմիրությունների բանտերից մեկում է: Հնարավոր է, որ Մարիետան փորձում է որդուն ինչ-որ ձեւով տեղափոխել Հայաստան' պատիժն այստեղ կրելու համար: Մյուս տարբերակը, որը նույնպես հավանական է, հետեւյալն է' նա ուզում է իր վրայից հանել Ինտերպոլով հետախուզման փաստը: Դրա համար նա Հայաստանում մի քանի ամիս կազատազրկվի, ինչպես նախկինում: ՀՀ Գլխավոր դատախազությունը կանանց վաճառքով զբաղվողներին մեղադրանք ներկայացնելիս միշտ օգտագործում է նվազագույն պատժաչափ: Չնայած քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվել եւ մտցվել է թրաֆիկինգի մասին հոդվածը (132) , սակայն Հայաստանում դեռեւս հակված չեն կիրառել այն: Նույնիսկ ամենահայտնի կավատին' Նանոյին, ում անվանում էին «մայր կավատ», նման մեղադրանք չներկայացվեց: 2004թ.-ին Նանոն դատապարտվեց երկու տարի ազատազրկման (Տես նաեւ' Երկու տարի ազատազրկում մայր կավատին): Դա նշանակում է, որ շուտով Նանոն ազատության մեջ կլինի եւ կշարունակի հայ կանանց նորից վաճառել արաբական տարբեր երկրներում: Նույն «ճակատագրին» կարժանանա նաեւ հանրահայտ Մարիետան, ում գործը շուտով պետք է լսվի դատարանում:

Մեկնաբանություններ (1)

Andranik
Hetq is blocked in Dubai, but do you know why??? Because the UAE police is directly involved into the sex trade in Dubai, information of Hetq causes them not to have Armenian girls in Dubai, it is that simple, the security forces in Dubai can track down any one in less than two hours, they know every thing about every one in Dubai, they even know how many times you flush you toilet per day. The most amazing thing is that they are an Islamic country, how do they have sex & prostitution in broad day light??? This is how the country makes money & this how Dubai was build, but people are amazed about Dubai with out knowing any thing of what is going on, they call it the attraction of Dubai, not for the biggest tower of the world but for the sex trade.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter