Կիրակի, 23 սեպտեմբերի

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական տվեց



Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունանի առաջին այցը Շիրակի պետական համալսարան նշանավորվեց ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի դիմումով: Նախորդ օրը հրաժարական էր տվել բուհի կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ հանդիպել է բոլոր շահագրգիռ կողմերին:

«Ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր համալսարանում տիրող ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների մթնոլորտում քննարկվում է Հայաստանի բուհերից մեկի ներքին խնդիրները: Ես երեկ հանդիպում եմ ունեցել ռեկտոր պարոն Մինասյանի հետ: Այսօր նույնպես առանձնազրույց ենք ունեցել եւ այս իրավիճակից դուրս գալու համար գտել ենք մեկ լուծում: Ինչպես գիտեք արդեն, խորհրդի նախագահը նախորդ օրը հրաժարական է տվել: Լուծումն այն է, որ ձեւավորվելու է նոր խորհուրդ, որը ձեր մասնակցութամբ եւ մեր վերահսկողությամբ, օրենքի տառին համապատասխան կանցկացնի ռեկտորի նոր ընտրություններ»:

Նախարարը շեշտեց, որ Սահակ Մինասյանի հրաժարականի քայլը շատ ողջունելի էր եւ այս պահին միակ փոխզիջումային տարբերակն էր: Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը: Վերջինիս հանձնարարվել է դիտարկել հեռացված երկու դասախոսների վերականգնման հնարավորությունը առաջիկա շաբաթների ընթացքում, իհարկե եթե նման հնարավորություն կա:

«Ես որքան գիտեմ, նրանք դատարան են դիմել այս հարցով, հիմա եթե հնարավորություն կա նրանց հետ վերադարձնելու բուհ՝ օրենքի շրջանակում, ապա արվի դա, եւ համալսարանը մտնի բնականոն հունի մեջ»: Ինչ վերաբերում է աշխատանքից հեռացված պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին, նախարարը նշեց, որ դա կապված է եղել բուհում կատարված կառուցվածքային փոփոխությունների հետ՝ հաստիք է կրճատվել, որը ավելորդ է համարվել: Նոր ձեւավորվելիք կառավարման խորհուրդը հետագայում կքննարկի այս խնդիրը եւս:

Արդեն նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն առավել հակիրճ գտնվեց: Նա հայտարարեց, որ երկու տարի առաջ իր հետ Շիրակի պետական համալսարան է բերել նոր մշակույթ, որը փորձ արվեց խաթարելու: «Ես չեմ մեկնաբանելու դա այսօր եւ հետայսու էլ չեմ մեկնաբանի, բայց հետամուտ եմ լինելու, որ ուսանողակենտրոն միջավայրն ավելի զարգանա, իսկ հետոյի մասին առանձին կասեմ: Ամեն դեպքում ես արեցի իմ քայլը»,- նկատեց Սահակ Մինասյանը:

Մեկ ամսից Շիրակի պետական համալսարանում կձեւավորվի կառավարման նոր խորհուրդ, եւ ռեկտոր կդառնա այն թեկնածուն, որը կվայելի խորհրդի մեծամասնության աջակցությունը: Նախարարը խոստացավ հաջորդ շաբաթ կրկին այցելել Գյումրի՝ հանդիպելու բուհի ուսանողների հետ, որ ժամանակի սղության պատճառով այս անգամ տեղի չունեցավ: Լրագրողների հարցին, թե մեկ այլ խնդրահարույց բուհի՝ կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Կարինե Ավդալյանի գործունեության հետ կապված ինչ դիրքորոշում ունի նախարարը, վերջինս ասաց, որ դեռ ժամանակ չի ունեցել զրուցելու տիկին Ավդալյանի հետ: Կոնսերվատորիայի հետ կապված խնդիրները կքննարկվեն հաջորդ շաբաթ Գյումրի կատարելիք աշխատանքային այցի ժամանակ:

Նշենք, որ քիչ առաջ «Ֆեսյբուք» սոցիալական ցանցում, ուղիղ եթերում այս հարցին անդրադարձել է նաև նախարար Արայիկ Հարությունյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ