Հինգշաբթի, 16 օգոստոսի

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդու ընկերությունը կհատի Դսեղի անտառները


Անտառների պահպանության բարեփոխումների ծրագրով այս տարի Դսեղի անտառտնտեսությունում 14 հազար խմ փայտանյութ է պատրաստվելու։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերում անտառների պահպանության բարեփոխումները վերածվել են անտառների մասսայական ոչնչացման գործընթացի: Բարեփոխումների ծրագրով Դսեղի անտառտնտեսության անտառներում նախատեսվել է շահագործել 19 հատատեղ: Դսեղի անտառտնտեսության մեջ մտնում են Մարցի, Մոտկորի, Դսեղի, Լորուտի 14505,2 հա անտառները:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կոմերցիայի և մարկետինգի բաժնի պետ, անտառների վերահսկողության բաժնի պետի պաշտոնակատար Վաղարշակ Սարգսյանի ասելով՝ նախատեսված 19 հատատեղերի շահագործման աճուրդին մասնակցության ընդամենը մեկ հայտ է ներկայացվել: Այս պահին աճուրդի է դրվել այդ մեկ հատատեղը:

«Հայանտառը» փայտանյութի պատրաստման նախորդ տարվա 2000 խմ պլանի դիմաց Դսեղի անտառտնտեսությանը հանձնարարել է 19 հատատեղերում պատրաստել 14 հազար խմ փայտանյութ:

Հիշեցնենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր մասնաճյուղերում բարեփոխումներ է սկսել անտառային ոլորտի կայուն կառավարման, անտառների պահպանության և ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության համար:

«Դսեղի անտառտնտեսության» անտառներում հատատեղ շահագործելու միակ հայտը ներկայացրել և շահել է Արմավիրում գրանցված «Ագրո այգի» ՍՊԸ-ն: Այս ընկերության սեփականատերերն են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդին՝ Սարգիս Ղահրամանյանը (50%) եւ Դալար Ներսես Անտոնին (50%)։ Վերջինի ներկայացուցիչները 10-օրվա ժամկետում պետք է ծանոթանան հատատեղին, ապա սկսեն դրա շահագործումը: «Պայմանագիրը իրենց հետ կնքված է»,- հայտնեց Վաղարշակ Սարգսյանը:

Դսեղցի 80-ամյա Մարտուն Շեկոյանը 39 տարի աշխատել է Թումանյանի անտառտնտեսության տեխնիկայի անվտանգության, ապա անտառպաշտպանության և պահպանության ինժեներ: Այդ տարիներին Դսեղի անտառները նույնպես վերահսկվել են «Թումանյանի անտառտնտեսության» կողմից: Մ. Շեկոյանը պնդում է՝ եթե այս պահին Դսեղի անտառտնտեսության ամբողջ անտառը կտրեն, 14 հազար խմ փայտանյութ դուրս չի գա անտառից:  

Մարտուն Շեկոյանը

Նա ասում է, որ «Թումանյանի անտառտնտեսությունում» իր աշխատած տարիներին Դսեղը 1 բալանոց խտությամբ անտառներ է ունեցել, հիմա դարձել է 0,1 խտությամբ անտառ: «Դսեղի անտառներում պատահական երկու տեղ կա, որ հնարավոր չէ կտրել անտառը, ինքնաթիռով պետք է հանես այնտեղից ծառը, այսինքն թեք լանջ է: «Դսեղի անտառտնտեսությունում» էդպիսի տեղեր է անտառ մնացել եւ մատղաշ ծառերն են շատացել անտառում։ Հիմա գնանք, տեսեք ինչքան ծառեր են քարշ տվել, ջահել ծառերն էլ հատված հսկա ծառերի տակին ջարդված պառկած են: Ուրեմն իմացեք, հիմի անտառ չկա: Հիմա էնենց վիճակ ա, որ մի անգամ կարող է ուժեղ անձրև գալ, մի 2-3 ծառ է մնացել անտառում, էդ էլ սելավը քոքահան անի, տանի»,- ասում է Շեկոյանը:

Մ. Շեկոյանի խոսքով՝ Դսեղի անտառտնտեսությունում մեկ տարվա ընթացքում 14 հազար խմ փայտանյութի պատրաստելու հրաման տվող «Հայանտառ»-ի ղեկավարը Դսեղի անտառների վիճակից անտեղյակ մարդ է:

«Դսեղի անտառտնտեսության» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ նախկին պատգամավոր, հանրապետական Կարեն Սարիբեկյանի հետ մեզ չհաջողվեց զրուցել Դսեղի անտառտնտեսության անտառներում տիրող վիճակի և ընթացող բարեփոխումների մասին: Ասացին՝ տնօրենի պաշտոնակատարը մեկ-մեկ է երևում անտառտնտեսությունում: Հեռախոսով Կ. Սարիբեկյանը մեզ բացատրեց, որ մեկ ամիս է, ինչ «Դսեղի անտառտնտեսության» տնօրենի պաշտոնակատար է. «Չգիտեմ կաշխատեմ, թե կհրաժարվեմ տնօրենի պաշտոնից: Ժամանակը ցույց կտա: Ամեն ինչ կարվի օրենքի սահմաններում: Միայն կարող եմ ասել, որ իմ պաշտոնավարման մեկ ամսվա ընթացքում «Դսեղի անտառտնտեսության» անտառներում ապօրինի անտառահատումներ չեն եղել»,- ասաց նա: «Էսօրվա վիճակով, եթե մենք անհատ ձեռներեցների հետ կնքած աշխատանքային պայմանագրերով առաջնորդվենք, փայտանյութի արժեքի ավելանալու դեպքում փայտի գնորդը կքչանա»,- ասաց Վաղարշակ Սարգսյանը:

«Հայանտառը» վերջին անգամ 2008 թվականին է ունեցել անտառակառավարման պլան։ «Հիմա ո՞ւրա, ի՞նչ անտառակառավարում, ի՞նչ անտառակառավարման պլան: «Հայանտառը» անտառակառավարման պլան չունի: Որտեղ ուզում են՝ ծառը կտրում են: Հիմա առանց անտառակառավարման պլանի հատատեղը անհատ ձեռներեցին են տալիս, թե գնա հատումներ արա»,- ասում է Մ. Շեկոյանը:

Վաղարշակ Սարգսյանի խոսքով՝ «Հայանտառի» մասնաճյուղերի անտառային տարածքներում առանց անտառակառավարման պլանների հատատեղը ընտրվում է կառավարության որոշումով ներկայացված փայտանյութի ամբողջ ծավալի հաշվարկմամբ: Այս տարվա համար հաստատված 96 հազար խմ հատատեղային ֆոնդ է տրամադրված ամբողջ «Հայանտառին»:

«Հայանտառը», առանց հաշվի առնելու իր մասնաճյուղերի անտառներում տիրող վիճակը, հատատեղային 96 հազար խմ փայտանյութի ֆոնդը բարեփոխումներով 2018թ-ին բախշել է իր մասնաճյուղերին: Վ. Սարգսյանի խոսքով՝ «Հայանտառի» մասնագիտական խումբն է անտառներում հատատեղերը ընտրում և կնքում ծառերը: Ինքը՝ Վաղարշակ  Սարգսյանը, նույնպես անտառի մասնագետ չէ, բայց ասաց՝ 15 տարի աշխատել է անտառտնտեսություններում:

«Թող մարդիկ ուղարկեն, գնանք հաշվարկ անենք, ես կարամ ապացուցեմ, իրենք էլ կտենան, որ «Դսեղի անտառտնտեսության» անտառներից 14 հազար խմ փայտանյութ դուրս չի գա: Մոտկորի ձորերումը ծառ է մնացել ամենադժվար տեղերումը, մեր Դսեղի անտառներումը դժվար տեղերումը մեքենա չի գնում, մարդը ոտով զոռի ա գնում էդտեղ: Էդտեղ ա անտառ մնացել, ոնց պիտի անել՝ ես չգիտեմ»,- ասում է  Մ. Շեկոյանը:  


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (2)
1. Սիրարփի Առուստամյան09:24 - 16 մայիսի, 2018
Ե՞րբ պետք է դադարեցվի այս սպանդը, անապա՞տ ենք ուզում, Հայաստանն արդեն դարձել է անհրապույր, փոշոտ ու աղտոտ մի տարածք, ոչ մի բանով աչքդ չի շոյվում: Եվ անընդհատ այստեղ կամ այնտեղ լսում ու կարդում ես՝ մեր գեղեցիկ երկիրը: Մեր երկիրը գեղեցիկ չէ, եկեք ճշմարտությունն ասենք, և գնալով ավելի ու ավելի տգեղ է դառնում: Իբր թե կանաչապատում են՝ մոլախոտ ծառատեսակներ են տնկում շագանակի, հաճարենու ու բոխու փոխարեն, իսկ անտառներն էլ անխնա ոչնչացնում են մի քանի մեծահարուստի և նրանց հպատակների կողմից:
2. Լոռեցի19:07 - 16 մայիսի, 2018
Կթքի չոբան Չատնի փետին, իր մարզպետ բաբայի հետ։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։