Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Սասնա ծռեր» խմբավորմանն օժանդակելու մեղադրանքով կալանավորվել է ԱԱԾ-ի նախկին աշխատակից



Մայիսի 13-ին փաստաբան Արայիկ Պապիկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում հրապարակեց այն մասին, որ «Սասնա ծռեր» խմբավորմանն օժանդակելու մեղադրանքով կալանավորվել է Կարեն Խաչատրյանը, ընդ որում՝ կալանավորվել է ՊՊԾ գնդի գրավումից 19 ամիս հետո։ Դատախազությունից «Հետք»-ը փորձեց ճշտել, թե ինչի մեջ է մեղադրվում Կարեն Խաչատրյանը եւ ինչ առնչություն ունի «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ։

Դատախազությունից տեղեկացրին, որ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա միջոցներ տրամադրելով և խորհուրդներ տալով, օժանդակել է 2016 թ. հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբավորմանը։

«Մասնավորապես խմբի կազմակերպիչների կողմից հրահանգավորվել է հիշյալ գնդի զավթման ընթացքում մնալ թիկունքում և ապահովել ՊՊԾ գնդի հարակից տարածքում հոծ բազմության կուտակումները՝ այդ կերպ խոչընդոտելով կազմակերպված խմբի հանցավոր գործողությունները խափանելուն ուղղված իրավապահ մարմինների իրավաչափ գործողությունները»,- տեղեկացնում են տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա համար, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող կազմակերպված խմբի անդամներից մեկի հետ հեռախոսազրույցների ընթացքում տեղեկություններ է փոխանցել գնդի հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ եւ խորհուրդներ տվել խմբի անդմաներին։

Դատախազությունից տեղեկացնում են, որ Կարեն Խաչատրյանը եղել է ԱԱԾ-ի աշխատակից եւ ՊՊԾ գնդի գրավման ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել նաեւ այնպիսի անձանց հետ, որոնց ինքնությունը նախաքննության մարմնի կողմից դեռևս պարզված չէ։

Մայիսի 10-ին դատարանի որոշմամբ, Կարեն Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Դատախազությունից «Հետք»-ին տեղեկացրին, որ Կարեն Խաչատրյանը ԱԱԾ-ում ծառայության ընթացքում ձեռք բերված որոշակի հմտությունների շնորհիվ պահպանել է գաղտնիություն եւ 1,5 տարի հետո բացահայտվել։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ Կարեն Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը նման է Կարո Եղնուկյանի մեղադրանքին. «Ինքը մեղադրվում է խմբում գտնվող անձանցից մեկի հետ հեռախոսազրույց ունենալու մեջ, չգիտեմ` եղել է, թե ոչ, բայց 1,5 տարի հետո ձերբակալել են, հետո կալանավորել»։ Ըստ փաստաբանի՝ Կարեն Խաչատրյանին ձերբակալելու օրը տունը խուզարկել են եւ գումար վերցրել. «Այսօր կինը գնացել է գումարը վերցնելու խնդրանքով, կնոջը մերժել են եւ պայման են դրել, որ ցուցմունք տա գումարի վերաբերյալ, հետո քննարկեն այն վերադարձնելու հարցը»։

Արայիկ Պապիկյանը նշեց, որ գնդի գրավման ժամանակ Կարեն Խաչատրյանը այլեւս ԱԱԾ աշխատակից չի եղել։

Կ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կետով։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ