HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նորակերտցիները դարձյալ փակել են ճանապարհը և պահանջում են համայնքապետի ու ավագանու անդամների հրաժարականը

Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակիչներն այսօր շարունակում են իրենց բողոքի ակցիան: Նրանք դարձյալ փակել են գյուղի ճանապարհը և այս անգամ կոչ են անում համայնքի ղեկավար Շահեն Կարապետյանին և ավագանու անդամներին ներկայացնել իրենց հրաժարականը: Դրանից հետո կանցկացվեն արտահերթ ընտրություններ, ինչի արդյունքում, ցուցարարների կարծիքով, ընտրված ավագանին և ղեկավարը հնարավորություն կստանան ուսումնասիրել և համայնքի բնակիչներին ներկայացնել պարզաբանումներ առկա հարցադրումների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան նորակերտցիները փակել էին գյուղի ճանապարհը և 16 տարվա համայնքապետ Շահեն Կարապետյանից պահանջում էին հետ բերել տարիներ առաջ «կոպեկներով» իր մերձավորներին օտարված համայնքային սեփականությունը: Նախկին համայնքապետարանի, բուժկետի շենքերը, մանկապարտեզի հարևանությամբ գտնվող զբոսայգին տարիներ առաջ օտարվել են համայնքապետի մերձավորներին: Գյուղացիները պահանջում էին նաև մանրամասն հաշվետվություն ներկայացնել, թե ինչպես է տնօրինվում համայնքային բյուջեն, քանի որ դրանից տեղյակ չեն:

Այսօր ցուցարարները հերթական գրավոր տեքստն են պատրաստել: Նշում են, որ երեկ տարածված իրենց հայտարարության պահանջների վերաբերյալ ո՛չ համայնքի ղեկավարը և ո՛չ էլ ավագանին հստակ պատասխաններ չեն տվել։ Համայնքի ղեկավարը և ավագանու անդամները չեն ցանկացել հանդիպել իրենց մտահոգությունն արտահայտող Նորակերտ համայնքի բնակիչների հետ, իսկ առկա պահանջների վերաբերյալ արտահայտած դիրքորոշումներին ծանոթացել են ԶԼՄ-ների միջոցով։

«Պետք է արձանագրենք, որ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների կողմից որևէ հստակ պատասխան չի տրվել բարձրաձայնված պահանջներն իրականացնելու վերաբերյալ: Մասնավորապես, մասսայական ծանոթացման չի ներկայացվել համայնքի բյուջեն, համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի ցանկը, դրանք օտարելու վերաբերյալ ավագանու որոշումներն ու պայմանագրերը։ Ավելին, պարզաբանումները, որոնք տրվել են համայնքի ղեկավարի կողմից, ընդունելի չեն և գալիս են հաստատելու շրջանառվող տեղեկություններն առ այն, որ հասարակական նշանակություն ունեցող գույքն օտարվել է համայնքի ղեկավարի մերձավոր ազգականներին»,-նշված է հայտարարության մեջ։

Ցուցարարները նշում են, որ համայնքի ղեկավարի այն պնդումը, թե իբր վերը նշված գույքն օտարվել է օրենքով սահմանված կարգով, և յուրաքանչյուր ոք կարող էր այն ձեռք բերել, չեն համապատասխանում իրականությանը: Նրանց դիտարկմամբ, նախ` դրանց օրինականությունը ստուգելու համար որևէ փաստաթուղթ չի ներկայացվել, ինչը պետք է հասանելի լիներ համայնքի բնակիչներին: Երկրորդ` ավագանու նիստերը, որտեղ որոշվել է թույլատրել վաճառքի հանել հիշյալ գույքը, տեղի է ունեցել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի մի շարք նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներով։ Մասնավորապես` դրանք, օրենքի պահանջին հակառակ, կայացել են գաղտնի և փակ ռեժիմով, նախապես համայնքի բնակիչները չեն տեղեկացվել ավագանու նիստի, դրա օրակարգի մասին: Բացի այդ,  հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրակարգում է եղել համայնքի բնակիչների կենսական շահերը սպասարկող օբյեկտների վաճառքի թույլտվության հարց, չի իրականացվել նաև հանրային քննարկում՝ բնակիչների դիրքորոշումը ճշտելու նպատակով։

«Հետևյալ հիմնավորումները հաշվի առնելով, հավատարիմ մնալով երեկ տարածած հայտարարության տեքստին և նկատի ունենալով, որ ոչ միայն չի կատարվել որոշակի տվյալների հրապարակում, այլև չի հնչել դրանք կատարելու պատրաստակամություն, կոչ ենք անում համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին ներկայացնել իրենց հրաժարականը, որը հիմք կհանդիսանա անցկացնել արտահերթ ընտրություններ, ինչի արդյունքում ընտրված ավագանին և ղեկավարը հնարավորություն կստանան ուսումնասիրելու և համայնքի բնակիչներին ներկայացնելու պարզաբանումներ առկա հարցադրումների վերաբերյալ»,- հայտարարությունը եզրափակում են ցուցարարները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter