Հինգշաբթի, 16 օգոստոսի

«Դատավոր, քայլ արա». փաստաբաններն ու քաղաքացիները պահանջում են ազատ արձակել Սասնա ծռերին



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը: Դատարանի դահլիճը լեփ-լեցուն է:

«Սասնա ծռերի» աջակիցները եկել են նիստին մասնակցելու և ապակեպատ դահլիճի ապակիներից այս կողմ պարբերաբար պահանջում են «Սասնա ծռերին» ազատ արձակել:

«Դատավո´ր, քայլ արա», «Դատավո´ր, ինքդ որոշիր», «Ազատությու´ն քաղբանտարկյալներին» և նմանատիպ կոչեր են հնչեցնում աջակիցները:

Նշենք, որ մեկ ամսից ավելի է, ինչ այս գործով դատական նիստեր տեղի չեն ունենում: Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ դատարանը պահանջել է, որպեսզի ամբաստանյալները ներկայացվեն նիստերին, ինչը չի արվել:

Ապրիլի 13-ից սկսած «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարել էին «թավշյա հեղափոխություն» սկսելու մասին, որի շրջանակներում քաղաքացիները փակում էին փողոցներն ու անհնազանդության այլ գործողությունների դիմում: Ստեղծված պայմաններում Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց, իսկ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Պայքարի այս ամբողջ ընթացքում նիստեր տեղի չեն ունեցել եւ կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ դատարան չեն բերվել:

Այսօրվա դատական նիստին գործով բոլոր պաշտպանները միջնորդություն ներկայացրին իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու վերաբերյալ:

Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ իշխանությունը, որի դեմ «Սասնա ծռերը» պայքարել են, հեռացել է, և նման պայմաններում, ըստ նրա, վերացել է ռիսկը, որ ամբաստանյալները պիտի գնան և արդեն իսկ հեռացած իշխանության դեմ պայքարեն:

Երվանդ Վարոսյանն ընդգծեց, որ հանդիսանալով իշխանության ներկայացուցիչ, դատական իշխանություն կրող դատավորն ունի նաև որոշակի քաղաքական ու հասարակական պարտականություններ։ «Ձեր որոշումներից է կախված նաև այն քաղաքացիական համերաշխությունը, որի մասին հիմա շատ է խոսվում։ Ի վերջո, իրոք, պետք է փակել բոլոր արատավոր էջերն ու մաքուր էջից գնալ առաջ։ Ու այսօր, այս պահին դա կախված է ոչ թե ինչ-որ քաղաքական ղեկավարությունից, այլ կոնկրետ մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դուք եք»,- հայտարարեց Երվանդ Վարոսյանը

Փաստաբան Արմինե Ֆանյանն ընդգծեց, որ այդ գործով վկաների մեծ մասը ոստիկաններ են:

«Եթե մենք կարող ենք ոստիկանների վրա ճնշում գործադրել, ապա ամեն ինչ ավելի վատ է, քան մենք պատկերացնում ենք»,- հայտարարեց Ֆանյանը:

Փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ եկել է «Սասնա ծռերին» ազատ արձակելու և այլ անձանց՝ այս իրավիճակի պատասխանատուներին կալանավորելու ժամանակը:

Դատարանում այս պահին խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը շարուանկվում է:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ