HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մշակույթի նախարարությունն աջակցում է գանձագողերին

Քննչական կոմիտեն (ՔԿ) փետրվարի 26-ի հաղորդագրությամբ տեղեկացրեց մեկ տարի առաջ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի Շահումյան հանքավայրի տարածքում գտնվող դամբարանները թալանելու դեպքով կատարված քննության արդյունքների մասին: Դեպքը տեղի էր ունեցել 2017թ. փետրվարի վերջին, 3 դամբարաններից հափշտակել էին պատմամշակութային արժեք ներկայացնող իրեր: Կապանում գտնվող մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտը հայտնաբերվել էր 2009թ.: Հուշարձան-դամբարանադաշտը բացահայտելուց անցել է 8 տարի, սակայն մշակույթի նախարարությունն այդպես էլ այն չի ընդգրկել պատմամշակութային հուշարձանների ցանկում: ՔԿ-ն 2017թ. սեպտեմբեր ամսին քրեական գործը կարճելու մասին որոշում է կայացրել հենց այդ պատճառաբանությամբ:

ՔԿ-ն չհրապարակեց հուշարձանը թալանողների անունները: «Կապանի բնակիչը, տեղեկանալով Շահումյան հանքավայրի տարածքում թաղված հնությունների եւ գանձերի մասին, 2017թ. ապրիլին գնացել է նշված վայր եւ մետաղորսիչ սարքով գտել պատմական մեծ արժեք ունեցող տարբեր առարկաներ...»,- ասվում է հաղորդագրության մեջ: Քննությամբ պարզվել է, որ «Կապանի բնակիչը» Սեւակ Սաֆարյանն է, «իսկ այլ անձինք»՝ նույն քաղաքի բնակիչներ Գուրգեն եւ Գագիկ Ավագյանները:

Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Սյունիքի եւ Վայոց ձորի մարզի բաժնի պետ Վիգեն Ծատրյանը  հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել 2017թ. փետրվարի վերջին: Մարտի 3-ին դիմել էր «Կապանի լեռնարհարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի ղեկավարությանը` տարածքում համատեղ հերթական դիտարկումը կատարելու համար: Շրջայցի ժամանակ արտաքին հողաշերտը բացելու թարմ հետքեր են նկատել, չափումներ են կատարել: «Կատարվածի մասին իրավապահներին պարտավոր էր տեղեկացնել կոմբինատը, սակայն նրանք տեւական ժամանակ լռել էին: Ուստի, ես դիմեցի մշակույթի նախարարություն, նրանք էլ տեղեկացրին իրավապահներին, որից հետո քրեական գործ հարուցվեց եւ պարզվեց, որ փետրվարի վերջին էին քանդել տարածքը»,- հայտնեց պրն Ծատինյանը:

ՔԿ-ն տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում, խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել են դամբարաններից հափշտակված իրերը: «Իրեղեն ապացույց է ճանաչվել 78 անուն առարկա, որոնց թվում` կավե խեցանոթներ, սափորներ, քրեղաններ, գավեր, ծիսական անոթներ, կճուճներ, փարչ, կավանոթի բեկորներ, բրոնզե դաշույններ, կոճակներ, ապարանջաններ, ականջօղեր, ծամկալներ, կախազարդ, ասեղ, երկաթյա նիզակներ, դաշույններ, խողովակոթառ, նետասլաքներ, կավե խեցանոթ, կավե սափոր եւ կավե սափորի բեկորներ: Նշված 78 անուն առարկայից 74-ը ի տնօրինություն է հանձնվել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան ՀՈԱԿ-ին, իսկ 4-ը՝ Կապանի երկրագիտական թանգարան ՊՈԱԿ-ին»,- մեր գրությանն ի պատասխան` տեղեկացնում է ՔԿ-ն:

«Այդ առարկաները մենք գնել ենք, ոչ թե առգրավել եւ ի տնօրինություն են հանձնել թանգարանին»,- ՔԿ-ի տեղեկատվությունն ուղղում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան ՀՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Գյուրջյանը: Թանգարանն այդ առարկաները ձեռք է բերել անցյալ տարվա ապրիլին, Կապանի բնակիչ Սեւակ Սաֆարյանից:

Այդ ժամանակ ՔԿ-ն դեռեւս չէր բացահայտել դամբարաններն ավերողներին, հետեւաբար խուզարկությամբ չէր կարող առգրավել, ինչպես ներկայացվում է հաղորդագրության մեջ: 2017թ. հուլիս ամսին այս թեմայով մեր հրապարակումից հետո քննիչն այցելել էր Էրեբունի թանգարան, ծանոթացել Ս. Սաֆարյանից գնած առարկաներին եւ արձանագրություն կազմել:

Էրեբունի թանգարանի տնօրենն ասում է, որ դրանք արժեքավոր իրեր են, երկար տարիներ իրենց թանգարանը չէր համալրվել արտեֆակտներով: «Չնայած նրան, որ անընդհատ պեղումներ են կատարվում, բայց թանգարան ոչինչ չի մտնում, մինչդեռ այդ տղան 3 դամբարանից այդքան մեծ քանակի իրեր է հանել»,- ասաց պրն Գյուրջյանը:

«Դա գողացված չէ, այդ իրերը կրկին հայտնաբերել եմ Շահումյան կոչվող տարածքից եւ չգիտեի, որ հուշարձանի տարածք է: Այդ իրերն ու իմ մետաղորսիչ սարքը վաղուց հետ են տվել ինձ»,- հայտնեց Սեւակ Սաֆարյանը: Նա վիրավորվում է, երբ իրեն գանձագող են անվանում՝ «սա իմ հոբբին է»:

Մասնագետների ասելով՝ Շահումյան հանքավայրի տարածքում հայտնաբերված դամբարանադաշտը մոտավորապես 7-8 հա տարածք է զբաղեցնում (ամբողջությամբ ճշտված չէ): Այն հայտնաբերվել է 2009-ին, սակայն դեռեւս պատմության եւ մշակույթի հուշարձանի կարգավիճակ չունի: 2012թ. Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը պեղումներ է կատարել այնտեղ եւ պարզել է, որ հայտնաբերվածը բազմաշերտ հուշարձան է՝ բնակատեղի եւ դամբարանադաշտ: Այն ընդգրկում է ք.ա. 1-ին հազարամյակից մինչեւ միջնադար ժամանակաշրջանը, զբաղեցնում է մոտ 7 առանձին տեղամասեր: Պեղումների ժամանակ հայտնաբերված մեծ քանակի գտածոները հանձնվել են Կապանի երկրագիտական թանգարան:

Քննչական կոմիտեն, քրեական գործի քննության արդյունքում պարզելով հուշարձաններն ավերելուն ու թալանելուն նպաստող պայմանները, միջնորդագիր է ներկայացրել մշակույթի նախարարին՝ միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու եւ պատմամշակութային արժեք հանդիսացող տարածքներին կարգավիճակ տալու վերաբերյալ:

«Նկատի ունենալով, որ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի Շահումյան հանքի տարածքում հայտնաբերված դամբարանադաշտին չի տրվել հուշարձանի կարգավիճակ, իսկ ՀՀ քրեական օրենսդրությամբ պատասխանատվություն է նախատեսվում պետական պահպանության ներքո գտնվող պատմամշակութային հուշարձանները վնասելու կամ ոչնչացնելու համար, իսկ դրա պահպանության պարտականությունը «Կապանի լեռնահարստացման կոմբինատե ՓԲԸ-ին հանձնված լինելու փաստը հավասարեցված չէ պետական պահպանության կարգավիճակին»,- կարճման որոշումն այսպես է հիմնավորել ՔԿ-ն։

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում նաեւ այդ դեպքի համար:

Նորահայտ հուշարձանների պահպանության եւ անվթարության ապահովումը

Հուշարձանի  հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու եւ ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաեւ գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 

Հուշարձան ավերողին հուշարձանի պահապան էին կարգել

Սեւակ Սաֆարյանի անունը հանրությանը հայտնի է Սյունիքի մարզի «Շինատեղ» հանրապետական հուշարձանի տարածքից 2016թ. մարտին մեծ քանակի՝ 265 կտոր, եզակի արտեֆակտները հայտնաբերելու դեպքով: Հնագետները հայտարարեցին, որ ուրարտական շրջանին վերագրվող նման պատմագիտական գանձ Մերձավոր Արեւելքում գոյություն չունի:

ՔԿ-ն 25.07.2016թ. կարճեց այս դեպքով հարուցված քրեական գործի վարույթը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Պատճառաբանությունը նույնն էր, ինչ Շահումյան հնավայրի դեպքում՝ տարածքը, որտեղից Ս. Սաֆարյանը մետաղորսիչ սարքի միջոցով գտել եւ «հափշտակել» էր գտածոները, ընդգրկված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում: ՔԿ-ն Ս. Սաֆարյանին վերադարձրեց մետաղորսիչ սարքը, որով նա փնտրել եւ գտել էր եզակի արտեֆակտները, իսկ նրանից առգրավված 265 կտոր առարկաները հանձնեցին մշակույթի նախարարության տնօրինությանը: «Հնագիտական գտածոները, որոնք ձեռք են բերվել ապօրինի գործունեության արդյունքում, ժողովրդի սեփականությունն են եւ պետք է անհատույց հանձնվեն թանգարանին»,- ասվում էր կարճման որոշման մեջ:

Շահումյան հանքավայրի տարածքում կատարված գանձագողությունը տեղի էր ունեցել այս քրեական գործի վարույթը կարճելու որոշումից 7 ամիս անց: Մինչ ՔԿ-ն գանձագողությունն իրականացնողներին հայտնաբերելու համար «քննչական եւ օպերատիվ-որոնողական» գործողություններ էր իրականացնում, Ս. Սաֆարյանն արդեն Էրեբունի թանգարանին էր վաճառել դամբարաններից հանված առարկաները եւ աշխատանքի էր անցել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում: Նրան աշխատանքի էր ընդունել մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը:

Ս. Սաֆարյանը մշակույթի նախարարությունից պահանջում էր փոխհատուցել իրեն՝ «Շինատեղ» գյուղատեղի տարածքից հայտնաբերված 265 արտեֆակտներն առգրավելու համար: Նախարարությունը հրաժարվեց վճարել գտածոների համար, սակայն Ս. Սաֆարյանը մտադիր չէր հաշտվել այդ մտքի հետ եւ հետեւողականորեն բողոքներ էր գրում իրավապահ մարմիններին, Կառավարությանը, նախագահի վերահսկողական ծառայությանը եւ այլ ատյանների: Արեւ Սամուելյանը փորձում էր նրան համոզել հրաժարվել փոխհատուցումից, իսկ երբ նրան չհաջողվեց, ցանկացավ խորամանկելով ազատվել Ս. Սաֆարյանից:

«Ա. Սամուելյանը ժամկետ է դրել, զանգեց եւ ասաց, թե մինչեւ այս շաբաթվա վերջը քեզ կլորիկ գումար կտանք պարգեւատրման ձեւով, դու անհապաղ գանձերից հրաժարվիր, միայն թե գրությունով եւ ստորագրված»,- տեղեկացրեց Սեւակը:

Վերջինս հրաժարվել էր որեւէ փաստաթուղթ ստորագրել՝ առանց գումարը ստանալու, որից հետո մշակույթի նախարարի տեղակալն ավելի կտրուկ քայլերի անցավ՝ պահանջեց հրաժարվել փոխհատուցման մտքից, հակառակ դեպքում կդիմի դատախազություն:

 20.04.2017թ. Սեւակին հասցեագրված էլեկտրոնային նամակով Ա. Սամուելյանը հայտնել էր. «Ի պատասխան Ձեր ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացված եւ ՀՀ մշակույթի նախարարություն վերահասցեագրված 2017թ. փետրվարի 21-ի դիմումի հայտնում ենք, որ մշակույթի նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ վերացնելու ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քրեական գործը կարճելու մասին որոշումը եւ քրեական գործ հարուցելու համար»:

Ա. Սամուելյանի այս գրությունն ընդամենը շանտաժ էր, որովհետեւ մշակույթի նախարարությունը քրեական գործը կարճելու որոշումը բողոքարկելու իրավասություն չուներ, բացի այդ, արդեն լրացել էր բողոքարկելու համար օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետը: Բնականաբար, սա չէր կարող հետեւանք ունենալ, եւ Ա. Սամուելյանն իբրեւ փոխհատուցում Սեւակին այդ աշխատանքն էր առաջարկել:   

Քննչական կոմիտեի ավել ուշ տարածած հաղորդագրություններից տեղեկանում ենք, որ Շահումյան հանքավայրի տարածքում գտնվող պատմության եւ մշակույթի հուշարձանները ոչնչացնողին բացահայտելուց հետո ՔԿ-ն մշակույթի նախարարին առաջարկել է քննարկել Ս. Սաֆարյանի` հուշարձանի պահապան աշխատելու նպատակահարմարության հարցը: Նա 3 ամիս հետո ազատվեց աշխատանքից:

Միաժամանակ, ՔԿ-ն մշակույթի նախարարին միջնորդել է գործուն միջոցներ ձեռնարկել պատմամշակութային արժեք հանդիսացող տարածքները հայտնաբերելուց հետո սեղմ ժամկետներում դրանք հաշվառելու, կարգավիճակ տալու, սահմանանշելու եւ ցուցանակներով կահավորելու ուղղությամբ:

Մշակույթի նախարարության վերջին մեկ տարվա գործունեությանը հետեւելով` կարող ենք ասել, որ նախարարությունն այս ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելու մտադրություն չունի: Հնագետները եւ մշակութաբանները բազմաթիվ առաջարկներ արեցին, որոնք էականորեն կփոխեին վիճակը, սակայն նախարարությունը դրանցից ոչ մեկը չքննարկեց: Տարիներ շարունակ նորահայտ հուշարձաններին կարգավիճակ չտալը ոչ այլ ինչ է, քան անգործություն, որով նախարարությունը կամա թե ակամա նպաստում է պատմամշակութային հուշարձանների, մշակութային արժեքների ոչնչացմանը, պատմության խեղաթյուրմանը, թանգարաններն արժեքավոր արտեֆակտներից զրկելուն:

«Լավ եք աշխատել, շնորհակալ եմ ձեր թիմին»,- «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի տարեկան հաշվետվությունը ներկայացնելու առիթով շտապել էր հայտնել մշակույթի արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանը: Մինչդեռ, նախարարի խրախուսանքին արժանացած ՊՈԱԿ-ի տնօրենի հաշվետվության մեջ ոչ մի բառ չկար իր հիմնական գործառույթի՝ մշակութային հուշարձանները պահպանելու եւ այդ ոլորտում առկա խնդիրներին գոնե լուծումներ առաջարկելու մասին:

ՊՈԱԿ-ի տնօրենի հաշվետվությունը վերաբերում էր հուշարձանների տարածքում մշակութային կյանքի աշխուժացմանը, հուշարձան արգելոցներում միջոցառումների իրականացմանը, արգելոցներից ստացված եկամուտների ավելացմանը, բայց ոչ հուշարձանների պահպանությանը: Իսկ մենք ամեն օր տեղեկանում ենք հուշարձաններն ու դամբարաններն ավերելու նոր դեպքերի մասին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter