HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Սարի թաղի կոյուղաջրերը թափվում են «գաջեգործների» բնակարաններ (տեսանյութ)

Սարի թաղի վեց փողոցների կոյուղաջրերը մեծ ճահիճ են գոյացրել թաղամասի մի հատվածում։ Անձրեւների շրջանում ճահճաջուրը սելավաջրերի հետ հոսում է մոտ մեկ կիլոմետր դեպի ներքեւ՝ Գաջեգործների փողոց, աղբյուրների նման դուրս գալիս այս կամ այն հատվածում։

Սարիթաղցիները գարշահոտությունից են խեղդվում, իսկ Գաջեգործների փողոցի բնակիչները խոնավության ու տհաճ հոտից չգիտեն ինչպես ազատվել։

Գաջեգործների փողոցի բնակիչները «Հետք»-ի հետ զրույցում պատմեցին, որ կոյուղաջուրն առվի նման լցվում է տներ ու բակեր, թուլացնելով փլուզում հենապատերը։

Անգամ գաջի գործարանից երբեմն արտանետվող փոշին այնքան չի անհանգստացնում տարածքի բնակիչներին, որքան՝ Սարի թաղից դեպի ներքեւ հոսող կոյուղաջրերը։

Իսկ Սարի թաղի բնակիչ Էդիկ Սիմոնյանը պատմում է, թե ինչպես է ձեւավորվել ճահիճը, ինչ վնասներ է պատճառել բնակիչներին։ Լինում է, որ օրը մեկ-երկու անգամ պետք է դուրս գանք, հողը բահով մաքրենք, ջրերին ճանապարհ բացենք, որպեսզի էս թաղամասի բնակչությունը չխեղդվի։ Գարշահոտությունը մինչեւ կանգառ է հասնում»։

Կոյուղաջրերից գոյացած ճահճուտը չորացրել է նաեւ այգիների ծառերը։ Սարի թաղի բնակիչները դիմել են քաղաքապետարան, Էրեբունի վարչական շրջան, «Երեւան ջուր» ընկերություն, սակայն հարցը չի լուծվել։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը, արձագանքելով սույն խնդրի վերաբերյալ «Հետք»-ի հարցմանը, պարզաբանել է, որ Գաջեգործների փողոցի բնակիչների կողմից նշված հատվածում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից սպասարկվող կենտրոնացված ջրահեռացման համակարգ գոյություն չունի, կեղտաջրերի հեռացումը կատարվում է բաց առվակով:

«Հորդ անձրեւների ժամանակ հեղեղային հոսքերը լցվում են առվակի մեջ, վերջինիս թողունակությունը չի բավարարում նման հոսքերի տեղափոխման համար, ինչն էլ կոյուղաջրերի կուտակումների եւ գարշահոտության պատճառ է հանդիսանում:

Նոր կոյուղագծի կառուցումն այստեղ, վարձակալության պայմանագրի համաձայն, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ պարտավորությունների մեջ չի մտնում»:

Ընկերությունն իր պարզաբանման մեջ ընդգծել է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն գործում է 2017թ. հունվարից եւ հանդիսանում է նախկին «Երեւան Ջուր», «Նոր Ակունք», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Լոռի-ջրմուղկոյուղի» ընկերությունների ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի վարձակալը՝ 15 տարի ժամկետով, բայց ոչ այդ ընկերությունների իրավահաջորդը։

«Կոյուղագծի կառուցումը հնարավոր կլինի իրականացնել տվյալ հարցում շահագրգիռ կողմերի միջոցներով՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016թ. թիվ 378-Ն որոշմամբ սահմանված կարգով: «Վեոլիա Ջուր»-ն իր կողմից պատրաստ է մասնակցել հարցի լուծմանն ուղղված ցանկացած քննարկման: Այդ մասին տեղեկացվել է նաեւ Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմը»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:

Իսկ Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմն առայժմ չեզոք է այս հարցում։ Դեռեւս ապրիլի 4-ին «Հետք»-ը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հարցեր է ուղղել Սարի թաղի կոյուղաճահճի վերաբերյալ։ Անցել է ավելի քան 40 օր, սակայն քաղաքապետից որեւէ պատասխան չի ստացվել։

Հաշվի առնելով խնդրի մասշտաբները` հարցման տեքստում քաղաքապետին առաջարկել էինք Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի որեւէ ներկայացուցչի հետ հանդիպում կազմակերպել հարցազրույց անցկացնելու կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Դատելով արձագանքի բացակայությունից` քաղաքապետարանում խնդրի լուծման պատկերացումները բացակայում են։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter