HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վարդանյան ընտանիքի» առաջարկին հավանություն տալու որոշման նախագծում ծառերի հատման մասին կետ չի եղել

«ՈՐՈՇՎԵՑ – 1. Հավանություն տալ Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված՝ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի՝ Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ.Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգու բարեկարգման նպատակով իրականացվելիք շինարարական, այդ թվում՝ շատրվանների  կառուցման աշխատանքների արդյունքը Երևան համայնքին նվիրաբերելու առաջարկին»:

Սա հատված է Երևանի քաղաքապետարանի՝ նախորդ տարվա դեկտեմբերի 26-ի նիստի արձանագրությունից: «Վարդանյան ընտանիքի» նվիրաբերությանը հավանություն տալու նախագիծն ընդունվել է միաձայն՝ 61 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ: 

Քաղաքապետարանը պայմանագիր է կնքել նշված հիմնադրամի հետ մի քանի հիմնական պայմանների ներառմամբ: 

Պայմանների մասին

-նվիրաբերությունն իրականացվում է որպես բարեգործություն, նվիրաբերության նպատակն է՝ Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված բարեկարգ այգին բացառապես հանրության հանգստի համար ծառայեցնելը,

-այգին առնվազն 99 տարի պետք է հանդիսանա համայնքի սեփականությունը և ծառայի նվիրաբերության պայմանագրով նվիրաբերության նպատակին,

-շինարարական և բարեկարգման աշխատանքները «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվում է իրականացնել մինչև 2018 թ. սեպտեմբերի 25-ը, իսկ Երևան համայնքը պարտավորվում է ընդունել դրանք՝ նվիրաբերության պայմանագրին համապատասխան,

-շինարարական և բարեկարգման աշխատանքները՝ ներառյալ նախագծման աշխատանքները, իրականացվում են «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հաշվին՝ վերջինիս ընտրած կապալառուների միջոցով:

«Վարդանյան ընտանիքը» պարտավորվում է

-Երևան համայնքին հանձնել այգու ճարտարապետակոնստրուկտորական նախագծերը և ինժներական ցանցերի սխեման,

-Իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնում և/կամ փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը:

Քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի ասելով՝ հատվել են ուռենիներ և թեղիներ:

Երեկ Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել ծառահատումների մասին՝ նշելով, որ այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Ապա տեղեկացրել է, որ «բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ նոր և բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն»:

Բայց ինչպես տեսնում ենք վերը նշված որոշման նախագծում, բարեկարգման ծրագրում խոսք չի եղել ծառերի (ինչպես քաղաքապետարանն է պնդում՝ «չոր ու ծերացած ծառերի») հատման մասին: Ընդ որում՝ լուսանկարները հուշում են, որ բացառությամբ Բեյրութի և Իտալիայի փողոցներին հարող հատվածների՝ այգու մնացած ամբողջ տարածքը վերածվել է շինհրապարակի, որտեղից բոլոր ծառերը վերացվել են: Քաղաքապետարանի տրամաբանությանը հետևելիս պիտի կարծել, թե ամբողջ այգու տարածքում միայն «չոր ու ծերացած ծառեր» են եղել, այնինչ նախկինում արված լուսանկարներն այլ բանի մասին են խոսում:   

Մեկնաբանություններ (2)

Arsen
Վերջին նկարի մեջ հստակ երևում է ծառերի բացակայությունը այգու մեջտեղի հատվածում, այնպես որ հոդվածի վերջին նախադասությունն ակնհայտ սուտ է։
Ռուդոլֆ Մւրադյան
Տարոնը շարունակում ա ՀՀԿ-ի սև գործը: Սա նման ա սաբոտաժի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter