HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկական կոնյակներ՝ ՌԴ-ում վաճառվող կեղծված կոնյակների շարքում. Ռոսկաչեստվոյի ուսումնասիրությունը

Որակի ռուսական համակարգը (Ռոսկաչեստվո) ավարտել է ռուսական խանութներում վաճառվող կոնյակի զանգվածային ստուգումն ու այսօր հայտնել արդյունքների մասին։ Ըստ կառույցի՝ լաբորատոր ուսումնասիրության ենթարկված  47 ապրանքանիշի կոնյակներից 15-ն, ըստ էության, կեղծված են. պատրաստված են ոչ թե խաղողի հումքով, այլ՝ ավելի էժան սպիրտից։ Նրանց թվում մի մասն էլ ճանաչվել է որպես պոտենցիալ վտանգավոր ապրանք։  Այդպիսով, ըստ ռուսական լրատվամիջոցների, Ռոսկաչեստվոն եկել է եզրակացության, որ ռուսական շուկայում կոնյակի շուրջ մեկ երրորդը կեղծված է։

Ուսումնասիրվել են նաև մի քանի հայկական կոնյակներ ու հայտնաբերվել է, որ նրանց մեջ կան ինչպես համեմատաբար բարձր միավորների արժանացած, այնպես էլ՝ վտանգավոր ու կեղծված կոնյակներ։

Լաբորատորիա ուղարկված բոլոր կոնյակները երեք տարվա հնության են։ Դրանք ուսումնասիրության են ենթարկվել ըստ 25 որակական և անվտանգության չափանիշների:   Մեծ մասը ռուսական արտադրության են։ Ընտրվել են նաև ֆրանսիական, հայկական, մոլդովական ու վրացական կոնյակներ։

Ըստ Ռոսկաչեստվոյի՝ ոչ խաղողի հումքով պատրաստված 15 կոնյակները, թեև ըստ էության կեղծված են համարվում, բայց օրենսդրական նրբությունները թույլ չեն տալիս դրանք հենց ուղղակիորեն անվանել կեղծված։ Սակայն, դրանք պատրաստված են ոչ խաղողի հումքից, ինչը  հակասում է նորմատիվ փաստաթղթերի և ենթաօրենսդրական ակտերի պահանջներին։

5 կոնյակ էլ, որից  4-ը նաև վերևում նշված 15-ի շարքին է դասվում, ճանաչվել է որպես պոտենցիալ վտանգավոր ապրանք։ Ըստ եզրակացության՝ դրանք կոնյակ կոչվել չեն կարող, քանի որ բաղադրության մեջ հայտնաբերվել են արհեստական բուրավետիչներ (արոմատիզատորներ):

Ռոսկաչեստվոյի պաշտոնական կայքում նշված է, որ ռուսական շուկայում  առավել մեծ սպառում ունեն երեք տարվա հնության կոնյակները, որոնք համեմատաբար էժան են։ Երեքաստղանի կոնյակների վաճառքի բարձր մակարդակն, ըստ կառույցի, արտադրողներին գայթակղում է մոռանալ որակի մասին։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որակի բարձր պահանջներին համապատասխանել են միայն 4 ֆրանսիական  և 1 ռուսական արտադրության կոնյակներ։

3 հայկական կոնյակ ճանաչվել է կեղծված, որից 1-ը՝ նաև վտանգավոր

47-ից կոնյակներից 5-ում հայտնաբերվել են արհեստական բուրավետիչներ։ Դրանց օգտագործումն, ըստ Ռոսկաչեստվոյի, արգելված է ինչպես միջպետական, այնպես էլ՝ ռուսական ազգային չափանիշներով։ Այս կոնյակները համեմատաբար մատչելի գին ունեն  (0.5 լիտրի մանրածախ գինը՝ 371-511 ռուբլի)։

Վտանգավոր ճանաչված կոնյակների շարքում է հայկական KD երեքաստղանի կոնյակը, որն արտադրում է «Արեգակ» կոնյակի գործարանը։ Այս կոնյակի մասով ի հայտ են եկել պարտադիր իրավական պահանջների խախտումներ։ Բաղադրության մեջ առկա են առողջության համար վտանգավոր քանակի ծանր մետաղներ։ Այն չի պարունակում արհեստական ներկանյութեր, սակայն հայտնաբերվել են բուրավետիչների բաղադրիչներ։ Հումքը  խաղողի սպիրտը չէ։

Ընդհանուր առմամբ, այս ուսումնասիրության շրջանակներում ներառվել է 6 հայկական կոնյակ։ Նրանցից երեքն, ըստ Ռոսկաչեստվոյի, կեղծված կոնյակներ։

Մեկը  վերևում նշված  KD կոնյակն է։ Մյուսը Легенды Севана կոնյակը, որն արտադրում է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը, երրորդը՝ «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի  ПОЗДРАВИТЕЛЬНЫЙ կոնյակը։ Վերջին երկուսն էլ թեև ճանաչվել են որպես անվտանգ, սակայն կեղծված են՝ պատրաստված են ոչ խաղողի հումքից։

Կեղծված համարվող կոնյակների հիմնական մասը ռուսական են։

Ռոսկաչեստվոն ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմել է նշված 47 ապրանքանիշի կոնյակների վարկանիշը։ Կոնյակները գնահատվել են 0-5.5 սանդղակով, որտեղ 0-ն  ամենացածր գնահատականն է, իսկ 5.5-ը՝ ամենաբարձրը։

Արդյունքները կարող եք տեսնել այստեղ։  Ինչպես երևում է, ամենաբարձր միավորներին են արժանացել ֆրանսիական HENNESSY, COURVOISIER, MARTELL, REMY MARTIN  և ռուսական  Бахчисарай կոնյակները։ Անվտանգ են, պատրաստված են խաղողի հումքից, չեն պարունակում ներկանյութեր, բուրավետիչներ և այլն։

6 հայկական կոնյակից մյուս երեքն արժանացել են համեմատաբար բարձր միավորների

Հայկական երեք կոնյակ էլ այս ուսումնասիրության արդյունքում կոնյակների վարկանիշում ստացել են համեմատաբար բարձր միավորներ, քանի որ համապատասխանել են մի շարք չափանիշների։ Անվտանգ են և պատրաստված են խաղողի հումքից։

Դրանք են «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի Ной Араспел, «Երևանի կոնյակի գործարան»-ի АРАРАТ և «Սամկոն» կոնյակի գործարանի 3 звезды կոնյակները։

Հայկական կոնյակի հիմնական գնորդը Ռուսաստանն է

Ըստ Մաքսային ծառայության տվյալների՝ 2017-ին Հայաստանից արտահանվել է ընդհանուր առմամբ 25.5 մլն լիտր կոնյակ՝ 207.3 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով։ Արտահանման գլխավոր շուկան Ռուսաստանն է։ Հայ կոնյակագործները մեծ կախում ունեն ռուսական շուկայից, քանի որ արտադրանքի գերակշիռ մասն արտահանում են։

2017 թվականին 22.8 մլն լիտրն (177.4 մլն դոլար) արտահանվել է միայն Ռուսաստան։

2016  թվականի համեմատ՝ Ռուսաստան արտահանված հայկական կոնյակի ծավալն աճել է 4.5 մլն լիտրով կամ մոտ 25%-ով, իսկ մաքսային արժեքը՝  ավելի քան 52 մլն դոլարով կամ 42%-ով։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2017 թվականին Հայաստանում արտադրվել է 30 մլն լիտր կոնյակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter