HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բյուջեն մոտ 5 մլրդ դրամ խախտումներով է ծախսվել

Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թվականի  հաշվետվությունը, ըստ որի՝ մոտ 5 մլրդ դրամի խախտման փաստեր են արձանագրվել։

Սկզբնապես Կառավարության մայիսի 11-ի նիստին օրակարգում ընդգրկված էր, որ այս հաշվետվությունը պետք է ներկայացներ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը (արդեն՝ Ֆինանսների նախկին նախարար): Սակայն մայիսի 10-ին՝ կեսօրից հետո, նիստի օրակարգից հարցը հանվել է։ Այն այդպես էլ չընդգրկվեց նիստի օրակարգ և հայտնի չէ՝ առաջիկայում կընգրկվի, թե ոչ։

Ստուգումներն իրականացրել է Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը։

Տեսչությունը ստուգել է, թե որքանով են ճիշտ և օրինական ծախսվել պետական բյուջեից, հանրապետական հատուկ ֆոնդերից ու պետական այլ աղբյուրներից հատկացվող գումարները։ Ֆինանսների նախարարությունից հստակեցրին, որ ստուգումները մեծամասամբ վերաբերել են պետական միջոցներից սնվող կառույցների 2014-2016թթ. գործունեությանը, որոշ դեպքերում՝ նշված ժամանակահատվածից առաջ և հետո։ Իրականացված ստուգումներում ընդգրկվել են նաև պետական և 50%-ից ավելի պետական մասնակցությամբ ընկերություններն ու այլ սուբյեկտներ, որոնց գումար է հատկացվել պետական միջոցներից։

Ըստ ներկայացված հաշվետվության՝ 2017 թվականի ընթացքում ավարտված ստուգումներով արձանագրվել են 4.978 մլրդ դրամի խախտման փաստեր։ Այդ գումարից ավելի քան 3 մլրդ դրամն, ըստ նախարարության, ենթակա է վերականգնման (կամ վերաձևակերպման), այսինքն՝ ենթակա է վերադարձման պետական բյուջե, համայնքային բյուջեներ, ենթակա է հաշվառմամբ ձևակերպման և այլն։ «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնեցին, որ մնացած մոտ 1.957 մլրդ դրամը վերականգնման կամ վերաձևակերպման ենթակա չէ. «...քանի որ այդ գումարների ծախսման մասով արձանագրվել են հարկաբյուջետային և հաշվապահական հաշվառման սահմանված կանոններից շեղումներ՝ մասնավորապես թույլ են տրվել ընթացակարգային խախտումներ, որոնք ըստ էության չեն հանգեցրել գումարների անարդյունավետ և ոչ նպատակային ծախսման»:

Կրկին ըստ հաշվետվության՝ 2017 թվականի ընթացքում վերականգնվել կամ վերաձևակերպվել է ընդամենը 1.109 մլրդ դրամ։

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, որ նշված 1.109 մլրդ դրամը միայն 2017 թվականի ստուգումներով արձանագրված խախտումների գումարը չէ։ Դրանից 774.8 մլն դրամն է 2017 թվականինը, իսկ 334.2 մլն դրամը՝ նախորդ տարիներին իրականացված ստուգումներով արձանագրված գումարներն են։  

«Ինչ վերաբերում է 2017 թվականին արձանագրված խախտումների արդյունքում վերականգնման (վերաձևակերպման) ենթակա գումարների ամբողջությամբ վերականգնմանը, ապա հարկ է նշել, որ հարցը խիստ պայմանավորված է ստուգվող կազմակերպությունների ֆինանսական վիճակով, քանի որ վերջիններս հիմնականում ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից: Այդուհանդերձ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ միջոցների արդյունքում 2017թ. կատարված ստուգումներով արձանագրված գումարներից 2018թ. առաջին 4 ամիսների ընթացքում վերականգնվել է ևս 463.5 մլն դրամ»,- հայտնեցին Ֆինանսների նախարարությունից։

Հետաքրքիր է կառույցների ու մարմինների ցանկը, որտեղ տեսչությունը խախտումներ է հայտնաբերել։

Նախ նշենք, որ կառույցը ստուգումներն իրականացրել է երեք ուղղությամբ, առաջինն՝ ըստ աշխատանքային ծրագրերի, որում ընդգրկված են նախարարությունները, մարզպետարաններն ու մարզային կառույցները, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը և այլն։ Երկրորդը վարչապետի կողմից տրված հանձնարարականների պատշաճ կատարման ուղղությունն է, որտեղ ընդգրկված են Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմիններ և այլն։ Եվ երրորդ ուղղությունը իրավապահ մարմինների պահանջով կատարված ստուգումներն են Գյումրու տարածաշրջանային պետական քոլեջում ու Ազատանի բժշկական ամբուլատորիայում։

Այս երեք ուղղություններով կատարված ստուգումների արդյունքում, ինչպես նշեցինք վերևում, ընդհանուր առմամբ 4.978 մլրդ դրամի խախտման փաստեր են արձանագրվել։ Մասնավորապես, 2017թ. աշխատանքային ծրագրերի ստուգումների արդյունքում արձանագրվել են 2.862 մլրդ դրամի խախտումներ, վարչապետի հանձնարարականների հիման վրա ստուգումների արդյունքում՝ 2.112 մլրդ դրամի խախտումներ, իսկ իրավապահների պահանջով ստուգումների արդյունքում՝ շուրջ 4 մլն դրամի։

Ավելի քան 2 մլրդ դրամի խախտման փաստեր՝ Հանրային հեռուստաընկերությունում

Ամենամեծ ծավալի խախտման փաստերն արձանագրվել են Հանրային հեռուստաընկերությունում, եթե դիտարկենք ըստ առանձին կառույցների: «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում ստուգումների արդյունքում հայտնաբերվել է պետական աղբյուրներից հատկացվող գումարների ծախսման ավելի քան 2 մլրդ դրամի խախտման փաստ։ Այսինքն՝ արձանագրված ընդհանուր խախտումների (4.978 մլրդ դրամ) ավելի քան 40%-ը գրանցվել է Հանրային հեռուստաընկերությունում։   

«2017թ. ընթացքում Տեսչության կողմից համապատասխան աշխատանքներ են տարվել ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների պատշաճ կատարման ուղղությամբ: ՀՀ վարչապետի 20.04.2017թ. N 02/23.19/9694-17 հանձնարարականի հիման վրա «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվել է ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության ստուգում»,- նշված է հրապարակված նախագծում:

Հատկանշական է, որ Հանրային հեռուստաընկերությունը արձանագրված խախտումների 2 մլրդ դրամից միայն մոտ 321 մլն դրամն է ենթակա վերականգնման (վերաձևակերպման)։  

Որոշման նախագծում և հավելվածներում չի մանրամասնվում, թե կոնկրետ ինչ խախտումների մասին է խոսքը։ Մեր հարցին, թե մասնավորապես ի՞նչ խախտումներ են արձանագրվել Հանրային հեռուստաընկերությունում, Ֆինանսների նախարարությունից պատասխանեցին, որ արձանագրվել են հարկաբյուջետային և հաշվապահական հաշվառման սահմանված կանոններից շեղումներ:

«Նշված գումարից վերականգնման ենթակա 183.6 մլն դրամն արդեն իսկ մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե, 132.6 մլն դրամը արձանագրվել է որպես վերաձևակերպման ենթակա գումար, իսկ 1.692.8 մլն դրամը ենթակա չէ վերականգնման կամ վերաձևակերպման և այդ մասով ընկերության կողմից շտկվել են արձանագրված թերությունները»,- նշված է հարցման պատասխանում:

Ծրագրային խախտումները

Իսկ նախարարություններում, մարզպետարաններում և մարզային կառույցներում, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում և այլ կառույցներում ստուգումների արդյունքում ընդհանուր առմամբ 2.862 մլրդ դրամի խախտման փաստեր են արձանագրվել։  

Օրինակ՝ առողջապահության ոլորտում խախտումները կազմել են 592.6 մլն դրամ, որից  421 մլն դրամը՝ Առողջապահության նախարարությունում։ Խախտումների են հայտնաբերվել այնպիսի ծրագրերի մասով, ինչպիսիք են «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագիրը, «Հաշմանդամ և կարիքավոր երեխաներին օրթեզներով և կորսետներով ապահովման ծառայություններ» ծրագիրը, «Արյան հավաքագրման ծառայություններ» ծրագիրը և այլն։

Իսկ, օրինակ, Մշակույթի նախարարությունում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են 521.3 մլն դրամի խախտման փաստեր, որից մոտ 322 մլն դրամը հենց նախարարությունում, 106 մլն դրամը՝ «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում, 53.5 մլն դրամը՝ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում և այլն։

Յուրաքանչյուր ստուգման ավարտից հետո ֆինանսների նախարարի կողմից համապատասխան առաջարկություններով գրություններ են հասցեագրվել ստուգված կազմակերպություններ կամ պատկան վերադաս մարմիններ, և հսկողություն է իրականացվել վերջիններիս կողմից ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ:

«Պատասխանատու մարմինների կողմից խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ պարբերաբար ստացվող տեղեկատվության համաձայն` համապատասխան պաշտոնատար անձանց տրվել են հանձնարարականներ, առանձին դեպքերում խախտում թույլ տված անձինք ենթարկվել են պատասխանատվության, արձանագրված գումարների մի մասը վերականգնվել է, իսկ գումարների վերականգնման հարցում ծագած դժվարությունների դեպքում կազմվել են վճարումների ժամանակացույցեր»,- հայտնում է Ֆինանսների նախարարությունը:

Նշենք, որ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողություն ֆինանսների նախարարությունը առաջին անգամ չէ, որ իրականացնում է։ Նախարարության ներկայացրած գծապատկերում ցուցանիշներն են՝ 2013-2017թթ. իրականացված ստուգումների քանակի, արձանագրված, վերականգնման/ վերաձևակերպման ենթակա և փաստացի վերականգնված/վերաձևակերպված գումարների վերաբերյալ (մլն դրամ).

Մեկնաբանություններ (2)

Արմենակ Եղիայեան
Հայաստանի մէջ պարկեշտ հայ գոյութիւն ունի՞՞՞:
Ashot
Իսկ քրեական գործ չի հարուցվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter