HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» գործով նիստը հետաձգվեց. ամբաստանյալներին դատարան չէին բերել

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռեր»-ի 11 անդամներին՝ Արմեն Լամբարյանին, Աշոտ Պետրոսյանին, Արթուր Մելքոնյանին, Տիգրան Սարգսյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին, Հովհաննես Վարդանյանին, Մանվել Աթոյանին, Վարդգես Գևորգյանին, Կարո Եղնուկյանին և Խաչատուր Գիչյանին դատարան չէին բերել։

Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ դատարան չբերելու պատճառը ոստիկանության ուղեկցող գումարտակի Շենգավիթի դատարանում լինելու փաստն է: «Եթե ամբաստանյալ չկա, նիստ չի կարող տեղի ունենալ»,- ասաց դատավորը:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով նիստի ավարտից հետո աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան, ինչի արդյունքում վերջիններս չեն տեղափոխվել ՔԿՀ-ներ և ուղեկցող գումարտակը նրանց հետ գտնվում է Շենգավիթի դատարանում։

Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը այսօրվա նիստին ցանկանում էր իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել, սակայն դատարանը որոշեց, որ ամբաստանյալների բացակայության պարագայում հնարավոր չէ:

Փաստաբան Նինա Կարապետյանցը պահանջեց ընդմիջել նիստը եւ ՊՊԾ գունդը գրաված անդամներին ներկայացնել նիստին։ «Սա սաբոտաժ է, որպեսզի մարդկանց հնարավորություն չտան ներկայանալ դատարան: Մյուս դատական նիստերով բերում են, ձեր դատական նիստերին չեն բերում: Ի՞նչ է նշանակում՝ մեքենա չկա ամբաստանյալներին դատարան բերելու համար, կամ ուղեկցող չկա, ուղեկցողները մնացել են դատարանում: Դա պետության պարտականությունն է, պետք է ապահովել ամբաստանյալների ներկայությունը: Սա կյանքի ու մահվան հարց է»,- ասաց փաստաբանը։

Մեղադրող Հակոբ Ենոքյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դատարանը իրավազոր չէ պահանջել ամբաստայալների դատարան բերելու մասին որոշում կայացնել։ Դատախազ Արթուր Չախոյանը նույնպես նշեց, որ ամբաստանյալների բացակայության պարագայում նիստը չի կարող ընթանալ։

Տիգրան Հայրապետյանը դատավորին կոչ արեց չենթարկվել դատախազության կոչերին: «Դատավորը նույնիսկ իրավասություն ունի առանց նիստ հրավիրելու Կարո Եղնուկյանի խափանման միջոցը փոխել»,- հայտարարեց փաստաբանը։ Իսկ փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ երկու ամիս «Սասնա ծռերի» գործով նիստ չի եղել եւ շարունակվում են նիստերը հետաձգել, ինչը խախտում է խմբի անդամների իրավունքը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստը հետաձգելու որոշում կայացրեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter