HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ուղղաթիռային օպերատորը սկսել է տեխնիկական թռիչքները

Քաղավիացիայի գլխավոր վարչությունն այսօր հայտնել է, որ «Արմենիան հելիքոփթերս» ընկերությունը, որը մտադիր է շուտով ուղղաթիռային փոխադրումներ սկսել Հայաստանում, արդեն տեխնիկական թռիչքներ է կատարում երկրի տարածքում:

«Չվերթների ընթացքում օդաչուներն ուսումնասիրում են Հայաստանի օդային տարածքում իրականացվող թռիչքների յուրահատկությունները, օդային երթեւեկությանը մասնակցող սուբյեկտների միջեւ փոխհարաբերությունները, տեսարժան վայրերը, մշակում են գեղեցիկ երթուղիներ՝ այդ վայրերին մոտենալու համար, դիտարկում են ուղղաթիռների վայրէջքի համար հարմար տեղանքները եւ այլն»,- նշում է ՔԱԳՎ-ն՝ հավելելով, որ իրականացվող գործողություններն ուղղված են թռիչքային անվտանգության բարձրացմանը:

Հիշեցնենք, որ «Արմենիան հելիքոփթերս»-ի կայքը, որը դեռեւս գործարկման փուլում է, նշում է, որ իրականացնելու է չարտերային թռիչքներ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում, ընկերությունն առաջարկում է նաեւ VIP փոխադրումներ ու օդային էքսկուրսիաներ:   

Ինչպես նշել ենք նախորդ հոդվածի մեջ, տակավին փետրվարին հիմնադրված ընկերությունը նախատեսում է շահագործել եվրոպական «Eurocopter EC130» եւ ամերիկյան «Robinson R66» տիպի ուղղաթիռներ: Նշել էինք նաեւ, որ կառավարությունն ապրիլին արդեն մաքսային արտոնություններ է տվել 1,5 մլրդ արժեքով «EC130 T2» ուղղաթիռի ներմուծման համար, որի ծագման երկիրը Ֆրանսիան է:

Ինչպես տեսնում ենք ՔԱԳՎ-ի տարածած լուսանկարներից, տեխնիկական թռիչքներ է կատարում «R66» ուղղաթիռը, որը կրում է Ռուսաստանի գրանցման համար՝ RA-05788: «Ռոսավիացիայի» տվյալներով՝ այս համարը տրվել է «Աբինսկի էլեկտրամետալուրգիական գործարան» ՍՊԸ-ին պատկանող ուղղաթիռին: Գործարանը գտնվում է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Աբինսկ քաղաքում: Դրա մոտ 80 տոկոս բաժնեմասը պատկանում է Պետդումայի պատգամավոր Իվան Դեմչենկոյին: 20 տոկոսի տերերն էլ վրացիներ են:

Հիշեցնենք, որ «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ի միակ սեփականատերը 52-ամյա երեւանցի Կարեն Ալֆրեդի Վարդանյանն է, իսկ տնօրենը՝ Ռուսաստանի Դմիտրով քաղաքի բնակիչ Սերգեյ Կոմարովը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter