Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Բժշկի ուղղորդած դեղատանը 9 000 դրամի դեղերը վաճառել են 40 000 դրամով



Ապրիլի 11-ին մասնագիտությամբ հաշվապահ Լիլիթ Հարությունյանը 5 շաբաթական հղիությամբ դիմել է «Մոր  և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» (Մարգարյան հիվանդանոց)՝ ընթացիկ զննություն անցնելու համար: Մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադևոսյանը Լիլիթին ասել է, որ սաղմը դեռ փոքր է և չեն կարող ուլտրաձայնային հետազոտություն անել՝ պտուղը ստուգելու համար: Բժիշկն այդ օրը սաղմի մեծացման համար Լիլիթին մեկ շաբաթվա դեղ է նշանակել:

Մեկ շաբաթ անց արդեն Լիլիթի համար հիվանդանոցում անկետա են բացել, ուլտրաձայնային հետազոտություն արել, որտեղ երևացել է երեխայի սիրտը: Զննությունից օրեր անց՝ կիրակի օրը, Լիլիթն արյունահոսություն է ունենում, զանգահարում է բժշկին, որը նրան դեղ է նշանակում, սակայն հաջորդ օրը կինը վիժում է: Բժիշկը արգանդի խոռոչի մաքրման համար Լիլիթին «Միրոպրիստոն» և «Սայտոտեկ» դեղահաբեր է նշանակել, որոնք, Լիլիթի խոսքով, «ստիպել է» գնել հիվանդանոցի դեղատնից. «Բժշկուհին ստիպեց, որ ես իրենց մոտի դեղատնից գնեմ էդ դեղերը: Ասաց՝ դեղերն ամբողջությամբ արժեն 40 000 դրամ, և շատ թանկ դեղեր են ու պարտադիր պետք ա խմեմ, թե չխմեմ, ինձ ինչ-որ բան կլինի»:

Լիլիթի խոսքով՝ բժիշկ Թադևոսյանն իրենց ներկայությամբ զանգահարել է դեղատուն և դեղատան աշխատակցին ասել, թե ինչ դեղեր պետք է տա ամուսիններին: Այդ 5 դեղահաբի համար Լիլիթն ու ամուսինը՝ Միքայել Ջզդանյանը, վճարել են 40 000 դրամ: Սակայն, տուն հասնելով` արդեն վիժել է, և դեղերն ընդունելու կարիք չի ունեցել:

Հետագայում արդեն ամուսինները պարզել են, որ իրենց գնած դեղերի համար այլ դեղատներում 9 000-10 000 դրամ կարող էին վճարել՝ 40 000 դրամի փոխարեն, և որ այդ դեղերը վաճառվում են դեղատոմսով, այնինչ իրենք հիվանդանոցի դեղատնից դրանք գնելու համար դեղատոմս չեն տվել:

Ամուսիններն իրենց պետք չեկած դեղերը դեղատուն են հանձնել հաջորդ օրը: Վճարած 40 000 դրամը հետ ստանալու համար Միքայելը 20 օր սպասել է, եւ ստացել միայն այն ժամանակ, երբ դեղատանը մեծ աղմուկ է բարձրացրել. «Իմ գումարը վերադարձրել են, բայց ես ուզում եմ փոխանցել, որ իրենք ուրիշի վշտի, ցավի վրա գումար են աշխատում: Էդ դեղերն արժեն 9 000 կամ 10 000, ես շատով եմ ասում ձեզ, ընդամենը 5 հատ տաբլետկան, բայց իրենք մեզանից վերցրեցին 40 000 դրամ»:

Միքայելը բժշկին հայտնել է, որ դեպքի մասին տեղեկացնելու է լրատվամիջոցներին, որից հետո հեռախոսազանգեր է ստացել, իր աշխատավայր է եկել նաև Մերի Թադևոսյանի որդին և խնդրել չբողոքել, որ իրեն ամեն ինչով կօգնեն:

«Հետք»-ի հետ զրույցում մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադևոսյանը նշեց, որ ամուսինների` դեղահաբերի համար վճարած 40 000 դրամը նախատեսված է եղել երկու չափաբաժնի համար, սակայն այդ օրը այդ մասին չի ասել Լիլիթին և Միքայելին, ինչն էլ թյուրըմբռնման պատճառ է դարձել. «Ես նույնիսկ նրանցից մի քանի անգամ ներողություն եմ խնդրել, ասել եմ՝ կներեք, որ չեմ ասել դա երկու չափաբաժնի համար է նախատեսված»:

Բժշկի փոխանցմամբ՝ մի չափաբաժնով ամուսինները ապրիլի 23-ին պետք է ստանային 2 դեղահաբ «Миропристон» և 4 դեղահաբ «Սայտոտեկ», նույն քանակի դեղեր օրեր անց կրկին վերցնեին: Սակայն, բժշկուհին տեղյակ չէ, թե ամուսինները դեղատնից ինչ քանակի դեղ են վերցրել. «Ես ձեռ առ ձեռ ո՛չ տվել եմ, ո՛չ գումարի հետ գործ ունեմ: Կարևորն այն է, որ հիվանդը, եթե դեղը ընդուներ և դրանից նրան վնաս լիներ կամ օգուտ լիներ կամ պատճառ լիներ, կարելի էր ձեզ հետ քննարկել` մեկն է, երկուսն է, թե երեքն է: Բայց քանի որ դեղորայքը չի ընդունվել, և դեղորայքի գումարը բոլորը վերադարձվել է, ես անմիտ եմ համարում նման քննարկումը»,- ասում է Թադևոսյանը:

Միքայելի խոսքով` երկրորդ չափաբաժնի մասին իրենց որևէ բան չեն ասել, անգամ դեղատանը 8000 դրամ արժողությամբ «Миропристон» դեղահաբից մեկ հատ են տվել, ոչ թե երկուսը, ինչպես բժշկուհին է ասում:

Մերի Թադևոսյանը պատճառաբանում է, թե ամուսիններին մոտակա դեղատուն է ուղղորդել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ օրերին երկրում խառը իրավիճակ է եղել. «Ապրիլի 23-ին կաթվածահար վիճակում էր, և չորս կողմը փակ էր, այդ իսկ պատճառով հարմար գտա ամուսիններին դեղերը գնելու համար ուղղորդել հիվանդանոցի ներսում գործող դեղատուն»:

Մանկաբարձ-գինեկոլոգի նշանակած երկու դեղերն էլ 2014 թվականի օգոստոսի 1-ից հանվել են ազատ վաճառքից և հիվանդներին տրամադրվում են միայն բժշկի դեղատոմսի հիման վրա: Դիտարկմանը, թե նման պարագայում ինչպես են ամուսինները կարողացել դրանք ձեռք բերել առանց դեղատոմսի, գինեկոլոգն ասաց, որ դեղատան աշխատակցին հեռախոսով է ասել. «Բայց հիմա այնպիսի իրավիճակ է, որ դեղատոմս կարող ենք գրել, կարող ենք՝ չգրել: Էդ դեղատոմսերի հարցը հիմա կարող է օրակարգից դուրս գա: Դե, էն ժամանակ էլ էր տենց խառը, դա ամսի 23-ին էր: Դուք գիտեի՞ք, թե մի ժամ հետո ձեզ հետ ինչ է լինելու, ես չգիտեի: Ենթադրենք բժիշկը դուրս չի գրել դեղատոմսը, թող լինի բժիշկը մեղավոր է այն չափով, որ ինքը դեղատոմս չի գրել: Եթե բժիշկը խորհուրդ է տվել գնալ մոտակա դեղատուն, թող բժիշկը մեղավոր լինի այդ չափով: Ուրիշ մեղավորություն ես այս դեպքում չեմ տեսնում»,- ասաց Մերի Թադևոսյանը: 

Տեսանյութը` Դավիթ Բանուչյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. գոհար19:04 - 18 մայիսի, 2018
....Բժիշկն այդ օրը սաղմի մեծացման համար Լիլիթին մեկ շաբաթվա դեղ է նշանակել: Ի՞նչ դեղ է նշանակել սաղմի արհեստական մեծացման համար։ Ի՞նչն է ստիպել շուտափույթ, ոչ բնական ռիթմով սաղմը մեծացնել ։ Խմե՞լ է արդյոք սաղմի մեծացման դեղերը և դրանի՞ց է արդյոք սկսվել վիժումը ։ Անհայտ է։ Ցանկալի կլիներ գրվել ։
2. Վազգեն03:38 - 19 մայիսի, 2018
Ժամանակն է բուժ հաստատությունները մաքրել անբարեխիղճ բժիշկներից, որոնք ոչ թե բուժում են, այլ էլ ավելի վատթարացնում հիվանդի վիճակը
3. Նելլի20:16 - 24 մայիսի, 2018
Նշված դեղերը առաջացնում են արհեստական վիժում, ինչ սաղմի մեծացման մասին է գնում խոսքը?
4. Գրիգոր20:05 - 31 մայիսի, 2018
ցավոք դա միակ դեպքը չէ, որ շատ բժիշկներ կապված են այս կամ այն դեղատան հետ, ուղորդում են ևնաև հատուկ նշում, թե նույն դեղի որ բրենդային անալոգը գնեն․որի դիմաց ստանում հավելյար գումար տվյալ դեղատանից կամ տվյալ դեղը գովազդող այսպես կոչված բժիշկ-ներկայացուցիչից
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ