HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Գերմանական ֆոնդերի գործունեությունը փակ է Հայաստանում

Էդիկ Բաղդասարյան
Լիանա Սայադյան

Երկար ժամանակ է «Հետք»-ը փորձում է հոդվածաշար պատրաստել արտասահմանյան տարբեր կազմակերպությունների' Հայաստանում իրականացրած եւ իրականացվող ծրագրերի մասին: Ինչքանո՞վ է այդ կազմակերպությունների գործունեությունն օրինական եւ արդյունավետ, ինչպիսի՞ կոռուպցիոն ռիսկեր կան: Մեր արձանագրած փաստերը ցույց են տալիս, որ մի շարք կարզմակերպություններ տարբեր մրցույթներ են անցկացնում, տալիս դրամաշնորհներ, մարդկանց ընդունում աշխատանքի' խախտելով իրենց իսկ հայտարարած ժողովրդավարական սկզբունքներն ու չափանիշները:

Գերմանական երկու' Էբերտի եւ Նաումանի հիմնադրամները տարիներ շարունակ տարբեր ծրագրեր են իրականացնում Հայաստանում: Երկու հիմնադրամներն էլ Երեւանում ունեն ներկայացուցիչներ:

Ամիսներ շարունակ մենք փորձում էինք այս երկու գրասենյակներից որոշ տեղեկություններ իմանալ նրանց գործունեության մասին:

Սակայն նշված երկու կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ հրաժարվում են պատասխանել մեր հարցերին:

Նրանք ասում են, որ մեր պահանջած տեղեկությունները չեն կարող տրամադրել, դրանք փակ են, եւ իրենք չունեն իրենց կենտրոնական գրասենյակների թույլտվությունը:

Զարմանալի է, ինչպե՞ս կարող է Եվրամիության անդամ Գերմանիան նման պահանջ դնել իր ներկայացուցիչների առջեւ: Սա էր նաեւ պատճառը, որ որոշեցինք զբաղվել այդ հիմնադրամների գործունեությամբ: Բեռլինում մեր գործընկերներից մեկը, տեղեկանալով այս մասին, զարմացավ եւ խոստացավ տեղեկություններ հայթայթել:

Նրան էլ էր հետաքրքել, թե ինչով են զբաղվում այդ հիմնադրամները մեր տարածաշրջանում, ինչի վրա են ծախսվում նրանց ֆինանսական միջոցները, եւ ինչու են այդ տեղեկությունները փակ:

Մեր աղբյուրներից մեկը հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ Նաումանի հիմնադրամը 250 հազար դոլարի ֆինանսական հատկացում է կատարել տեղական մի կազմակերպության'Հայաստանի լրատվամիջոցներից մեկի հետ լիբերալ արժեքների քարոզման ծրագիր իրականացնելու համար:

Նաումանի հիմնադրամի Երեւանի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը մեզ խորհուրդ տվեց այդ տեղեկությունները ճշտելու համար դիմել իրենց տարածաշրջանային ներկայացուցչին' Ասպարուխ Պանովին:

Սակայն տարբեր ժամանակահատվածներում մեր գրած երեք էլեկտրոնային նամակներին պարոն Պանովն այդպես էլ չպատասխանեց: Երբ մեր հանդիպման ժամանակ Կարեն Միրզոյանին հարցրինք իրենց ֆինանսական գործունեության մասին, նա նշեց, որ այդպիսի գործունեություն չկա. «Կանխիկ բերում են փողը, տալիս-գնում են»:

Ու՞մ են տալիս, ինչի՞ համար, ինչքա՞ն, ոչ մեկը չի իմանում, եւ ոչ մի տեղ չի գրանցվում: Մեզ հետաքրքրում էր, թե այս ճանապարհով տարիներ շարունակ ի՞նչ գումարներ են ծախսվել Հայաստանում:

Մենք էլեկտրոնային փոստով նամակ հղեցինք նաեւ Գերմանիա' Նաումանի հիմնադրամի կենտրոնական գրասենյակ: Սակայն այնտեղից էլ որեւէ պատասախան չստացանք:

Էբերտի հիմնադրամի երեւանյան գրասենյակի տնօրեն Նաիրա Գեւորգյանին գրավոր նամակով դիմեցինք 2004-ի օգոստոսի 8-ին: Ահա այդ նամակի բովանդակությունը. «Հետք» ինտերնետային թերթը հոդվածաշար է պատրաստում միջազգային կազմակերպությունների' Հայաստանում իրականացրած եւ իրականացվող ծրագրերի մասին:

«Մեզ անհրաժեշտ են հետեւյալ տեղեկությունները.
1. Խնդրում ենք նշել Հայաստանում Էբերտի հիմնադրամի իրականացրած եւ իրականացվող բոլոր ծրագրերը:
2. Ո՞ր կազմակերպությունների հետ են իրականացվել այդ ծրագրերը: Խնդրում ենք նշել կազմակերպությունների անունները:
3. Որքա՞ն գումար է ծախսվել յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար: Խնդրում ենք նշել նաեւ յուրաքանչյուր ծրագրի արժեքը:
4. Ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ իրականացված ծրագրերի արդյունքներին»:

Անցավ մեկ մեկ ամիս: Զանգեցինք' պարզելու, թե ինչու Ն. Գեւորգյանը չի պատասխանում նամակին: Մեզ ասացին, թե տիկին Գեւորգյանն արձակուրդում է, եւ խոստացան պատասխանել մեկ շաբաթվա ընթացքում: Անցավ եւս մեկ ամիս, դարձյալ զանգեցինք:

Ն. Գեւորգյանը խոստացավ շուտով պատասխանել: Անցավ եւս մեկ ամիս, նորից զանգեցինք: Այս անգամ նա ասաց, որ խորհրդակցել է իր ղեկավարների հետ եւ իրեն հրահանգել են ոչ մի տեղեկություն չտալ: Մենք փորձեցինք պարզել, թե ով է նման բան ասել, եւ խնդրեցինք մերժման պատասխանը գրավոր ուղարկել:

Ն. Գեւորգյանը դարձյալ խոստացավ մեկ շաբաթվա ընթացքում ուղարկել, բայց առ այսօր նրա մերժման նամակը մենք չենք ստացել: Սա նշանակում է, որ լրագրողին ակնհայտ կերպով խաբում են: Իսկ երբ լրագրողին խաբում են, ուրեմն թաքցնելու բան ունեն:

Հայտնի չէ, թե տարբեր հյուրանոցներում այս հիմնադրամների կազմակերպած սեմինարները, համաժողովները գրանցվե՞լ են այդ հյուրանոցներում, ծախսված գումարներից հարկեր վճարվե՞լ են, թե ոչ, եւ ընդհանրապես' ծախսվե՞լ է արդյոք անքան գումար, որքան «ցույց է տրվել»:

Մենք փորձեցինք որոշ հարցեր պարզաբանել Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից' տեղեկացնելով, որ վերը նշված հիմնադրամներից չենք կարողանում տեղեկություններ ստանալ: Ցանկանում էինք նաեւ իմանալ, թե ի՞նչ է նախատեսում Գերմանիայի օրենսդրությունը նման դեպքերում: Դեսպանատան մամուլի պատասխանատու Հայկ Կակոսյանն ասաց հետեւյալը. «Գերմանիայում չկա օրենք, որը պարտադրի որեւէ կազմակերպության տեղեկություններ տալ»:

Մենք զարմացած հարցրինք. «Չէ՞ որ այդ ֆոնդերի միջոցները գոյանում են ինչ-որ մարդկանց նվիրատվություններից, եթե նրանցից մեկը կամ որեւէ գերմանացի ուզում է տեղեկանալ, թե ինչով է զբաղված իր երկրի այսինչ ֆոնդը, չի՞ կարող դա իմանալ»:

Պատասխանն ավելի քան տարօրինակ էր. «Գերմանիայում նման օրենք չկա, ո՛չ, չի՛ կարող»:
«Իսկ միջազգային փաստաթղթե՞րը, որոնց միացել է Գերմանիան»:
«Չգիտեմ, այդ մասին չեմ կարող ասել»,-ասաց Հայկ Կակոսյանը:

Անկախ նրանից' Գերմանիայում կա տեղեկատվության մատչելիության մասին օրենք, թե ոչ, նա Եվրամիության անդամ երկիր է եւ պարտավոր է կիրառել Մարդու իրավունքների Եվրոպական համաձայնագիրը եւ դրա 10-րդ հոդվածը:

1950 թվականի նոյեմբերի 4-ին ընդունված եւ 1953 թվականի սեպտեմբերի 3-ին ուժի մեջ մտած Մարդու իրավունքների Եվրոպական Համաձայնագրի 10-րդ հոդվածը հռչակում է. «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը' առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից...»:

2002թ. հունիսին Բունդեստագի պատգամավոր, Գերմանիա-Հարավային Կովկաս կապերի խորհրդարանական խմբի անդամ, Ֆրիդրխ Նաումանի հիմնադրամի խորհրդի անդամ Իրմգարդ Շվեյցերը Երեւանում «Հայաստանի հանրապետության եւ Եվրամիության միջեւ համագործակցության հեռանկարները» թեմայով սեմինարի մասնակիցներին խորհուրդ էր տալիս լինել ՙթափանցիկ, բաց, մատչելի»:

Իհարկե, խոսքն այն ժամանակ վերաբերում էր Հայաստանում սպասվելիք ընտրություններին: Դժբախտաբար, մենք չենք կարող նույն խորհուրդը տալ գերմանացի պատգամավորին, որ թափանցիկություն պետք է պահանջել նախ սեփական, հետո նոր ուրիշ երկրներից: Չենք կարող, որովհետեւ մենք Եվրամիության անդամ չենք, եւ մեր խորհուրդները որեւէ մեկը չի ընդունի:

ՀՀ արդարադատության նախարարության պետռեգիստրի գործակալությունից տեղեկացրին, որ «Էբերտի հիմնադրամ» եւ «Նաումանի հիմնադրամ» անվանումով օտարերկրյա իրավաբանական անձինք հաշվառված ներկայացուցչություններ չունեն Հայաստանում:

Այդուհանդերձ, Նաումանի եւ Էբերտի հիմնադրամների 'Հայաստանում ծավալած գործունեության մասին իսկապես հետաքրքիր փաստեր կան, որոնք կներկայացնենք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter