HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էռնեկյանի ընկերության աշխատակիցները պատմում են, թե ինչպես են թունավորվել

Սոնյան Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից է, արդեն 10 տարի՝ աշխատում է «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ում, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: 57 տարեկան է: Աշխատում է խաղողի այգիներում, և այս օրերին խաղողի վազերի ավելորդ բողբոջներն են մաքրում: Նա գոհ է իր աշխատանքից, ասում է՝ տանը պարապ նստելուց շատ լավ է:

«Հանգիստ գործ է, ղեկավարներն էլ շատ լավն են: Օրը 6000 դրամ աշխատավարձ են տալիս: Սնունդը, սուրճը, հագուստն ու կոշիկները իրենք են տալիս, գոհ ենք: Տարին մեկ անգամ նույնիսկ բուժզննում ենք անցնում, թե ինչու այդպես ստացվեց՝ չգիտենք», - ասում է Սոնյան:

Նա ընկերության խաղողի այգիներում սննդային թունավորում ստացած և հոսպիտալացված 80 քաղաքացիներից մեկն է: Պատմեց, որ գործատուի հաշվին շաբաթվա ընթացքում դաշտում տարբեր ուտելիքներ են ուտում՝ փլավ, կոտլետներ, թռչնամսով, կարտոֆիլով բրդուճներ և այլն: Երեկվա սննդի մենյուի մեջ եղել են հավի մսով, կարտոֆիլով համբուրգերներ: Տիկին Սոնյան ասում է, որ կերել է միայն կարտոֆիլը, թռչնամիս դարձյալ չի կերել, քանի որ չի սիրում:

Ընդմիջում արել են ժամը 12-ի մոտակայքում: Ժամը 13-ի սահմաններում սկսել են աշխատել, իսկ դրանից 1-2 ժամ անց աշխատակիցների ինքնազգացողությունը սկսել է վատանալ:

«Երևի կարտոֆիլին կպած ա եղել, դրա համար ուշ է ազդել: Ինձ վատ չէի զգում, բայց գիշերը զգացի, որ ստամոքսս ցավում է, սիրտս խառնում է», - ասում է Սոնյան: Նա այսօր առավոտյան որոշել է գալ Մեծամորի հիվանդանոց՝ եղբոր որդուն տեսակցելու, քանի որ նա էլ էր թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց: Կինը պատմեց, որ իր ոտքով նստել է ավտոբուս, բայց զգացել է, որ ճանապարհին ինքնազգացողությունը գնալով վատանում է: Հասել է հիվանդանոց և անմիջապես հոսպիտալացվել է:

Սոնյան պատմեց, որ ուտելիքը արևի տակ երբեք չի մնացել: Առավոտյան հայտնում են աշխատողների թվաքանակը, և ըստ այդ թվաքանակի էլ ուտելիք է պատրաստվում: Պատրաստի ուտելիքը դաշտ բերում են հենց ընդմիջման ժամին:

Հռիփսիմե Խաչատրյան

Աշխատողներից Հռիփսիմե Խաչատրյանը սկզբում գլխապտույտ է ունեցել, մտածել է՝ արևից է: Քիչ անց սրտխառնոցից, գլխապտույտից ու արագ սրտխփոցից բողոքել են բոլորը: Գլխապտույտով անմիջապես տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն, այնուհետև Մեծամորի ԲԿ: Ավելի ուշ ի հայտնի են եկել թունավորմանը բնորոշ այլ ախտանիշեր՝ բարձր ջերմություն, փորացավ և այլն:

«Կերել ենք մեր մշտական բուտերբրոտները, որի մեջ եղել է պանիր, հավի միս, կարտոշկա: Միանգամից բոլորի մոտ սկսվեց, շատ քիչ մարդիկ կային, որ գանգատ չունեին»,- հավելեց Հռիփսիմեն:

Վարդիթեր Մարտիրոսյանը եղել է խմբի բրիգադիրը: Նա նույնպես թունավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Իր աշխատանքային խմբում աշխատել է 30 հոգի: Միայն մի մասի մոտ են թունավորման նշաններ ի հայտ եկել:

«Չեմ կարող ասել, թե ինչու մի մասի մոտ եղավ, մյուսների մոտ՝ ոչ: Այդ բուտերբրոտներից մենք էլի ենք կերել, մեր մենյուի մեջ կա: Շաբաթվա ընթացքում փոխում են՝ երշիկ, հավի միս և այլն: Մենք ուտելիքը միանգամից ենք ուտում, չի մնացել, որ ասեմ՝ արևի ջերմությունից փչացել է», - ասում է Վարդիթերը:

«Մեծամոր ԲԿ»-ի տնօրեն Միքայել Վանյանը «Հետք»-ին ասաց, որ հիվանդների հոսքը սկսվել է երեկ երեկոյան՝ ժամը 18-ից: Հիվանդները դիմել են Արմավիրի հիվանդանոց: Ժամը 20:30-ի դրությամբ արդեն 58 հիվանդ հոսպիտալացված էր, 19-ն էլ՝  Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում, որը գործում է Մեծամորի ԲԿ-ի տարածքում: Արմավիրի հիվանդանոցի այլ բաժանմունքներ ևս հիվանդներ ընդունել են:

Հիվանդներից 4-ի վիճակը ծանր է եղել և բուժումը սկսել են վերակենդանացման բաժանմունքից: Այսօր առավոտյան հիվանդների մեծ մասը դուրս է գրվել: Հիվանդանոցում մնացել է 4 հիվանդ, որոնցից երկուսը բուժօգնության էին դիմել երեկ, իսկ 2-ը՝ այսօր:

«Երբ ահազանգը եղավ, ամբողջ կոլեկտիվը ոտքի վրա էր: Առաջին տպավորությունը սննդային թունավորումն էր, բայց, ինչ խոսք, մտավախություն կար` հաշվի առնելով մասսայական  բռնկումը, այլ տարբերակներ էլ էինք քննարկում: Փառք Աստծո, ծանր հիվանդ չունենք», - ասում է Միքայել Վանյանը և հավելում, որ հիվանդներից փորձանմուշներ են վերցրել և ուղարկել լաբորատոր փորձաքննության:

ԲԿ-ի տնօրենը նշեց, որ մինչև ուշ գիշեր հիվանդանոցում են եղել առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ու գլխավոր պետական սանիտարական բժիշկ Արտյոմ Վանյանը:

Արդեն տեղեկացրել ենք, որ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Բաղրամյան տարածաշրջանում գործող «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցների թունավորման դեպքի առթիվ։ Ըստ ՔԿ-ի՝ ընկերության լիազորված անձի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ընկերության թվով 247 աշխատակիցները խաղողի այգիներում  աշխատանքներ կատարելուց հետո ընդմիջմանը՝ ժամը 12- 13-ի սահմաններում, կերել են «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ի կողմից մատակարարված համբուրգերները, որոնցում եղել է հավի միս, պանիր, կարտոֆիլ և կանաչեղեն: Համբուրգերների հետ միասին նրանց տրամադրվել է նաև նույն ԱՁ-ի կողմից մատակարարված կեռաս և «ՎազգենՂուկասյան» ԱՁ-ի կողմից մատակարարված ջուր:

Դեպքի առթիվ ՔԿ-ի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը), կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter