HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ֆինանսներից մինչև էներգետիկա. փորձագետները քննարկում են Հայաստանի տնտեսության մարտահրավերները

Ֆինանսաբանկային համակարգից մինչև էներգետիկա՝ Հայաստանում տնտեսությունը մարտահրավերների առաջ է, ունի բարեփոխումների կարիք, և նոր կառավարության անելիքները շատ են։  «Տնտեսական լրագրողների ակումբի» նախաձեռնած «Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները» թեմայով կլոր սեղան-քննարկմանն այսօր փորձագետները առաջարկություններ ներկայացրին։ «Հետք»-n առանձնացրել է դրանցից մի քանիսը։

Քաղաքական իրադարձությունները՝ քննություն բանկային համակագի համար

«Արարատբանկ»-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի խոսքով՝ հայաստանյան վերջին մեկուկես ամսվա քաղաքական իրադարձությունները քննություն էին բանկային համակարգի համար։ «Իմ գնահատականով՝ բանկային համակարգը հաջողությամբ հանձնեց այդ քննությունը։ Դա նշանակում է, որ համակարգը Հայաստանում կայուն է»,- համոզված է Ա. Օսիպյանը։

Ըստ նրա՝ հեղափոխության օրերին, չնայած լարված  քաղաքական իրադրությանը, հայաստանյան բանկերը ոչ միայն վարկեր են տրամադրել ու ավանդներ ներգրավել, այլև ներգրավել են նոր բաժնետերեր. «Դա շատ մեծ ազդակ է մեր բանկային համակարգի համար»։

Հայաստանում  բանկային համակարգը, Ա. Օսիպյանի խոսքով, զարգացած է և մրցակցային։ Դրան զուգահեռ, ընդհանուր տնտեսությունն է թույլ  զարգացած։ Եթե տնտեսությունը սկսի զարգանալ, ապա բանկային համակարգի վրա դա ևս դրական ազդեցություն կունենա։

Հեղափոխությունից հետո հայ հասարակության մի մասը կտրուկ փոփոխությունների է սպասում իր կյանքում։ Դա ռիսկային է այնքանով, որ եթե այդ սպասումների թեկուզ մի մասը չիրականանա, կարող է հիասթափության փուլ սկսվել։ «Արարատբանկ»-ի վարչության նախագահը համաձայն է այն տեսակետի հետ, որ սպասումները  մեծ դեր ունեն տնտեսության մեջ, այդ թվում՝ ֆինանսաբանկային համակարգի համար։ «Հեղափոխությունը Հայաստանում իրականացրին երիտասարդները։ Եվ եթե չարդարացվեն նրանց սպասումները, մենք կունենանք նոր արտահոսք։ Մենք շահագրգռված ենք, որ էվոլյուցիան հաջողվի, և մենք ունենանք զարգացած երկիր։ Դրա համար շատ բան պետք չէ։ Պետք է ունենանք տնտեսական զարգացման մեկ ծրագիր, մեկ վեկտոր։ Եվ ով գալիս է իշխանության, պետությունը պետք է տանի այդ ճանապարհային քարտեզով։ Պետք չէ հեծանիվ հորինել։ Իմ գնահատականով՝ պետք չէ դրսից տնտեսագետներ հրավիրել, պետք է տեղում ստեղծել փորձագետների խումբ։ Մենք ունենք այնպիսի տնտեսագետներ, որ այլ երկրներ մեզ կնախանձեն։ Պետք է օգտագործվի այդ ներուժը, և ամեն ինչ արվի պարզ ու թափանցիկ։ Այդ ժամանակ մեր սպասումները կարդարանան։ Այս պահին ֆինանսական շուկայում բացասական սպասումներ չունենք, վիճակը կայուն է»,- նկատում է Ա. Օսիպյանը։    

Ըստ նրա` հայաստանյան բանկային համակարգն այսօր մի շարք մարտահրավերների առաջ է՝ նոր կանոնակարգումներ,  մրցակցային խնդիրեր, ֆինտեխի ազդեցությունը բանկային համակարգի վրա և այլն։

Կառավարության երեկվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը մտադիր է մեխանիզմներ մշակել գյուղատնտեսական վարկերի տույժերի և  տուգանքների համաներում հայտարարելու համար։  Հարցին, թե որքանով է բանկային համակարգն այսօր պատրաստ նման քայլի, Ա. Օսիպյանը պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է, սակայն պետք է  խնդիրն այլ տեսանկյունից դիտարկել։ «Ամեն ինչ հնարավոր է։  Որոշակի զիջումներ պետք է լինեն նաև հարկային դաշտում։ Ավելի գլոբալ բան կուզեի քննարկել։ Տարբեր սուբսիդիաներ միշտ էլ եղել են։ Բայց ես դա  արդյունավետ չեմ համարում։ Պետք է հասկանալ՝ ինչու՞ գյուղատնտեսությունը չի կարողանում վարկ սպասարկել։ Որովհետև մեր գյուղատնտեսությունը ոչ էֆեկտիվ է։ Մենք պետք է մտածենք առաջին հերթին՝ ինչպես զարգացնել գյուղատնտեսությունը»,- նշեց նա։

Անհրաժեշտ է քաղաքական կամք՝ տեսնելու և հարկելու ստվերը

Ի տարբերություն նախորդ կառավարությունների՝ այս կառավարությունն ունի բավականին մեծ սոցիալական կապիտա: Նման համոզմունք ունի տնտեսագետ Արտակ Մանուկյանը։ «Արդի ուղղություններում տնտեսական աճի որոշակի մասը պայմանավորված է նաև այս սոցիալական կապիտալով։ Սա շատ կարևոր է հատկապես քաղաքական կամքի դրսևորման առումով։ Դա առաջին  հերթին նշանակում է` տեսնել  և հարկել ստվերը։ Պաշտոնական գնահատականով՝ Հայաստանի պարագայում համախառն ներքին արդյունքի  (ՀՆԱ) կազմում 22%-ը ստվերն է։ Ոչ պաշտոնական գնահատականներով՝ Հայաստանի ՀՆԱ-ում ստվերի չափաբաժինը 40%  է։ Այսինքն, վերջին տվյալներով՝ Հայաստանի տնտեսության մեջ ստվերը, պաշտոնական գնահատականներով, 2.5 մլրդ դոլար է, իսկ ոչ պաշտոնական գնահատականներով՝ մոտ 4 մլրդ  դոլար»,- նշեց Ա. Մանուկյանը։

Ըստ նրա՝ ստվերի հարկումից հետո հնարավոր է կարճաժամկետ հեռանկարում գեներացնել տարեկան առնվազն 180 մլն ԱՄՆ դոլար (86 մլրդ դրամ)։

Տնտեսագետը  կարևորում է բիզնեսին ճիշտ ուղերձներ հղելը։ Առաջարկում է դիտարկել հարկային համաներման գաղափարը։ Սա չի նշանակում հարկերից ազատել  տարիներ շարունակ ստվերային գործունեություն իրականացնողներին, այլ հայտարարագրել նախկինում կուտակած հարկային պարտավորությունները, որոնք շրջանցվել են և թույլ տալ այդ գումարները վճարել որոշակի ժամանակահատվածում։

Ա. Մանուկյանը կարևորում է տնտեսական մրցակցության բարձրացումը, որը կհանգեցնի սպառողական գների նվազման։ Նա մի շարք քայլեր  է առաջարկում պետական կառավարման քաղաքականության առումով։ Օրինակ՝ եկամուտների գեներացումն ուղղել ներառական աճին, հստակեցնել տնտեսական մրցակցության խաղի խանոնները, ապահովել ինստիտուտների արդյունավետություն և թափանցիկություն, հանրային վերահսկողություն և այլն։

Էներգետիկան, գյուղատնտեսությունն ու ծառայությունների ոլորտը

Տնտեսագետ, փորձագետ Աշոտ Մարկոսյանի խոսքով՝ էներգետիկան Հայաստանի արտահանման կարևոր ուղղություններից մեկն է։ «Չունենք վառելիքաէներգետիկական ռեսուրսներ, բայց ունենք զարգացած ենթակառուցվածքներ։ Սա Հայաստանին համեմատական առավելություն է տալիս, որը պետք է օգտագործենք»,- համոզված է տնտեսագետը։

Նա կարևորում է գործող կազմակերպությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը։ «Հայաստանի տնտեսության համար ի՞նչն է ավելի կարևոր՝ ծրագրե՞րը, թե՞ փողի թանկ կամ էժան լինելը։ Պատկերացրեք՝ սա հռետորական հարց չէ։ Մեր առևտրային կազմակերպությունների պարտքերը, որոնց մեծ մասը բանկերին են պարտք, թույլ չեն տալիս ոլորտը զարգացնել։ Այսինքն՝ մեր ձեռնարկությունները վերարտադրության տեսանկյունից չունեն ռեսուրսներ»,- նշեց Ա. Մարկոսյանը։

Քննարկմանը ներկա մյուս բանախոսը՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, ընդգծեց գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտներում որակական աճի ապահովումը։ «Ծառայությունների ոլորտում բավականին մեծ տեմպերով աճ է գրանցվում, բայց երբ խորանում ենք, տեսնում ենք, որ այս ոլորտում միշտ ամենամեծ կշիռը զբաղեցրել է ֆինանսական և ապահովագրական ոլորտը, հիմա էլ ֆինանսական և ապահովագրական ոլորտին իր կշռով հավասարվում է շահումով խաղերի (բուքմեյքերական ընկերություններ) և խաղատների ոլորտը։ Հիմա մեր ծառայությունների բնագավառի աճը, եթե պայմանավորված պետք է լինի կազինոների և շահումով խաղերի գործունեությամբ, ապա դա չի կարող վկայել, որ տնտեսությունը որակապես աճել է։ Օրինակ՝ կրթությունը և մշակույթը շատ թույլ դիրքերում են։ Ծառայությունների աճը պետք է ինքնանպատակ չլինի»,- նշեց Վ. Խաչատրյանը։

Մեկնաբանություններ (1)

Էդվարդ Արզումանյան
Պ-ն Աշոտ Մարկոսյան, եթե Հայաստանը չունի վառելիքա-էներգետիկ ռեսուրսներ, ապա ինչպես նա կարող է էլեկտրաէներգիա արտադրել արտահանման համար??? Գոնե մեկ անգամ այդպիսի քննարկումների, որտեղ էներգետիկ թեմա կա -հրավիրեք էներգետիկ փորձագետի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter