ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Սնանկացած «Արմավիայի» ու «Էյր Արմենիայի» չիրացված գույքի աճուրդները շարունակվում են



Հայաստանի նախկին (2003-2013 թթ.) ազգային ավիափոխադրող «Արմավիան» չնայած սնանկ է հայտարարվել դեռ 2014-ին, մինչ օրս չի լուծարվել, քանի որ նրա գույքի աճուրդը դեռ ընթացքի մեջ է: Սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը 2015-ից փորձում է վաճառել գործարար Միխայիլ Բաղդասարովի ավիաընկերության գույքը, սակայն պրոցեսը շատ դանդաղ է ընթանում:

Առաջինը՝ դեռ 2016-ին, հաջողվեց վաճառել «Արմավիայի» օֆշորային սեփականատեր «Միկա Լիմիթեդին» պատկանող «Ծաղկատուն» հանգստյան տունն ու նույնանուն հյուրանոցը, որոնք գտնվում են Ծաղկաձորում: Սրանք «Արմավիայի» պարտավորությունների դիմավ գրավադրված էին «HSBC» բանկում: Տեւական ժամանակ անց էլ ամբողջությամբ իրացվեցին ավիաընկերության նյութական միջոցները՝ ինքնաթիռի պահեստամասեր, օժանդակ նյութեր, գրասենյակային գույք եւ այլն: Այս լոտն ի սկզբանե կազմված էր ավելի քան 1500 ենթալոտերից:

Մինչ օրս չի հաջողվում վաճառել 2 լոտ: Դրանցից մեկն «Արմավիայի» «CRJ 200LR» ինքնաթիռն է (Հայաստանում շահագործման տարիներին կրում էր «Սերգեյ Մերգելյան» անունը), որն արտադրված է 1999 թ., մեր երկրում է 2009-ից, մինչ օրս կայանված է «Զվարթնոց» օդանավակայանում: Ընդ որում՝ բացակայում է օդանավի աջակողմյան շարժիչը, ղեկավարման սրահի որոշ կարեւոր համակարգեր: 2015-ի օգոստոսին օդանավի մեկնարկային գինը 364 մլն դրամ էր, հիմա այն իջել է մինչեւ 74 մլն:

Վաճառվում է նաեւ «Արմավիայի» պարտավորությունների համար «Ամերիաբանկում» գրավադրված եւ «Միկա Լիմիթեդին» պատկանող նախկին «Դիլիջան Ֆրոլովա» հանքային ջրերի գործարանը, որը գտնվում է Երեւանի Կիլիկիա թաղամասում: 2016-ի փետրվարին գույքի գինը 1,3 մլրդ դրամ էր, իսկ հիմա հասել է մինչեւ 618 մլն-ի:

Azdarar.am կայքի համաձայն՝ ապրիլի 20-ին «Արմավիայի» գործով հերթական աճուրդը չի կայացել, եւ Կ. Ասատրյանը հաջորդը նշանակել է մայիսի 25-ին: Հիշեցնենք, որ «Արմավիան» 100-ից ավելի պարտատեր ունի:

Մյուս սնանկացած ավիաընկերությունն «Էյր Արմենիան» է, որը 2013-ին «Արմավիայի» անկումից հետո մտավ ուղեւորափոխադրումների շուկա ու միջազգային չվերթներ էր կատարում 2013-2014 թթ.: 2015-ին այս օպերատորն էլ սնանկ ճանաչվեց, ու 2016-ին սկսվեց նրա լուծարման գործընթաց, որը մինչ օրս, ինչպես «Արմավիայի» դեպքում է, չի ավարտվել: Մինչս օրս հաջողվել է իրացնել ընկերության 11 մեքենաները: Իրացվել է նաեւ գրասենյակային գույքը:

Չի հաջողվում իրացնել «Էյր Արմենիայի» սեփականատեր Արսեն Ավետիսյանի ծնողների սեփականություն հանդիսացող երեւանյան առանձնատունը, որը գրավադրված է ավիաընկերության պարտատեր «HSBC» բանկում: Հենց վերջինիս պահանջով է օպերատորը սնանկ ճանաչվել: 2016-ին առանաձնատունը գնահատվում էր ավելի քան 813 մլն դրամ, իսկ այսօր դրա գինն ընկել է մինչեւ 284 մլն:

Վաճառքում են նաեւ «Էյր Արմենիայի» հիմնական եւ շրջանառու միջոցները՝ կազմված 2 ենթալոտից: 2016-ին դրանց ընդհանուր գինն ավելի քան 19 մլն էր, իսկ այսօր՝ մոտ 2 մլն:

«Էյր Արմենիայի» սնանկության գործով կառավարիչը նույնպես Կարեն Ասատրյանն է: Նա նախորդ աճուրդը, ինչպես «Արմավիայի» պարագայում, նշանակել էր ապրիլի 20-ին, բայց այն չի կայացել, քանի որ հայտ չի եղել: Հերթականը նշանակվել է մայիսի 23-ին:

Լուսանկարում՝ Արսեն Ավետիսյանն («Էյր Արմենիա») ու Միխայիլ Բաղդասարովը («Արմավիա»)  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ