Կիրակի, 23 սեպտեմբերի

Պետգույքի կառավարման վարչության նախկին պետը առանց թույլտվության ծառահատում է իրականացրել



Մարտ ամսին ծառահատումներ են իրականացվել պետական գույքի կառավարման վարչության արդեն նախկին պետ Արման Սահակյանին պատկանող Հալաբյան հ.20/1 հասցեում: Այստեղ նախկինում գործում էր նրա` «Դոլչե» ընտանեկան ժամանցի կենտրոնը:

Նշված տարածքում ծառահատումներն իրականացվել են, երբ Արման Սահակյանը դեռևս պետական գույքի կառավարման վարչության պետ էր: Հիշեցնենք, որ նա հրաժարական է տվել մայիսի 10-ին, երբ ձևավորվում էր նոր կառավարություն:

Ծառահատման օրինականությունը պարզելու համար երկու անգամ գրավոր հարցմամբ դիմեցինք Երևանի քաղաքապետարան, որտեղից երկու հակասական պատասխան ստացանք: 

Ապրիլ ամսին մեզ ուղարկված պատասխանում քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը հավաստիացրել էր, թե քաղաքապետարանը տեղյակ է ծառահատումից, և որ այն իրականացվել է դենդրո-նախագծի հիման վրա: 

 

Մայիս ամսին նույն ծառահատման վերաբերյալ արդեն երկրորդ հարցումն ուղարկեցինք քաղաքապետարան: Հետաքրքրվեցինք, թե Արման Սահակյանին քանի՞ ծառի հատման թույլտվություն է տրվել, և արդյոք քաղաքապետարանի համապատասխան մասնագետները հսկել են՝ քանիսն են հատվել: Մայիսի 14-ին քաղաքապետարանից այլ պատասխան ստացանք` ծառահատումն իրականացվել է առանց բնապահպանության վարչության հսկողության, քանի որ համապատասխան թույլտվություն չի եղել: Այսինքն՝ Արման Սահակյանն առանց թույլտվության ծառահատում է իրականացրել, բայց թե քանի ծառ է հատվել, քաղաքապետարանը չի մանրամասնել:

 

Անհասկանալի է, թե քաղաքապետարանը ապրիլ ամսին ինչու էր թաքցնում այդ ծառահատման` թույլատրված չլինելու հանգամանքը և հավաստիացնում, որ Արման Սահակյանը ծառահատում իրականացնելու թույլտվություն է ունեցել: 

Արման Սահակյանին տվյալ տարածքում քանդման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տրվել է հունվարի 12-ին: Թե ինչ է կառուցվում այստեղ, դեռևս պարզ չէ: Քաղաքապետարանից հաղորդել են միայն քանդման թույլտվության տրամադրման մասին: 

Քաղաքապետարանից տեղեկացնում են նաեւ, որ համաձայն Երևանի ավագանու 2013թ. N 623-Ն որոշման` շինարարական աշխատանքների ավարտից հետո Արման Սահակյանի միջոցների հաշվին տնկվելու է 22 ակացիա և 22 մշտադալար տնկիներ՝ հատված թեղու տնկիների փոխարեն: 

Բնապահպան Անի Խաչատրյանը առաջիններից էր, որ բարձրաձայնեց այս տարածքում տեղի ունեցած ծառահատման մասին: Ասում է՝ մարտի 7-ին երթուղայինով անցնելիս նկատել է, որ քաղաքապետարանի աշխատակիցներն էտում են միայն այդ տարածքի ծառերը: Այդ հանգամանքը կասկածելի է թվացել նրան. «Սկզբում էտում էին հենց այդ հատվածը, իմ բարձրացրած աղմուկից հետո վերևի մասը փակեցին քաղաքապետարանի պաստառով, որ ծառերը դրսից էլ չերևան»:

Մի քանի օր հետո Անին որոշում է գնալ այդ տարածք ու ներսից նայել, թե ինչ շինարարություն է: Նկատել է, որ ծառերի արմատները փորել են, իսկ տարածքում աշխատող բանվորները պարզաբանել են, որ այդ աշխատանքներն արվել են ջրագիծ անցկացնելու համար:

Օրեր անց Անին կրկին գնում է այդ տարածք, թիթեղներից ներս անցնում ու նկարահանում, թե ինչպես են ծառերը հատվել և տարածքից տարվել, իսկ ներսում շինարարական տեխնիկա է աշխատում: Շինարարներից հետաքրքրվել է, թե որտեղ են օրեր առաջ հատված ծառերը, սակայն նրանք անտեղյակ են եղել:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ