HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեխահայ գործարարն Այգեհատում ընկույզի վերամշակման արտադրություն հիմնելու մտադրություն ունի

«Հետքի» հարցերին պատասխանում է չեխահայ գործարար Աղասի Զավարյանը, որն իր ծննդավայր Այգեհատի անմշակ հողերը գնել եւ ընկուզենու այգիներ է հիմնում:  

Դուք երկար տարիներ ներդրումներ եք կատարել Չեխիայում: Ի՞նչ կարծիք ունեք Չեխիայի տնտեսության և բիզնես միջավայրի մասին:

Բոլոր զարգացող երկրները կցանկանային Չեխիայի պես տնտեսություն ունենալ: Չեխիայում բիզնեսի հաջողության առաջին գաղտնիքը ներդրումների ապահով միջավայրն է: Փողը սիրում է հանգստություն: Ներդրողին միայն մի բան է հետաքրքրում՝ ներդրված գումարը գտնվի հանգիստ միջավայրում: Չեխիայում ներդրողն իրեն ապահով է զգում նաև օրենքի կողմից: Եթե ինչ-որ տարաձայնություններ են լինում, օրենքն այնպես է գրված, որ պաշտպանում է ներդրողի շահերը: Այսօր  Չեխիայի Հանրապետությունում Հայաստանից շատ ներդրողներ կան: Ուղղակի ցավալի է, որ ներդրումների համար Հայաստանի ներդրողները գալիս են Չեխիա: Ես ավելի վաղ Չեխիա գնացած գործարարների թվին եմ պատկանում: Դա ինչ-որ տեղ կարելի է հասկանալ: Կապիտալը Հայաստանում չի աշխատում, դա վատ է: Բացի այդ, գազի և էլեկտրաէներգիայի սահմանված բարձր սակագների պայմաններում հայ ներդրողներին այնքան էլ ձեռք չի տալիս Հայաստանում ներդրումներ անել: Բայց ես 100%-ով համոզված եմ, որ կապիտալի ներհոսք կսկսվի Հայաստան: Ծնողներիս ծննդավայրում իմ բիզնես ոգևորությունը  հենց դրա մասին է խոսում:

Ե՞րբ եք հաստատվել Չեխիայում:

-Ես ընտանիքիս հետ Չեխիայի Պրահա մայրաքաղաքում հաստատվել եմ 1994թ.: Այնտեղ գործարար Կարեն  Վարդանյանի հետ  կառուցել ենք Պրահայի լավագույն հյուրանոցներից  մեկը՝ «Գեներալ» հյուրանոցը, որը հետագայում վաճառել ենք: Ներդրումներ եմ կատարել նաև Պրահայի ռեստորանային ոլորտում: Իմ  27-ամյա որդին` միջազգային բիզնեսի մասնագետ Դավիթ Զավարյանը տնօրինում է Պրահայի մեր երեք ռեստորանները: Բիզնեսի մասնագետ է նաև աղջիկս: Փոքր որդիս նույնպես կրթություն կստանա այդ մասնագիտությամբ:

Ինչպե՞ս և որտե՞ղ եք սկսել Ձեր բիզնեսը:

Ես ինձ համարում եմ բիզնեսի մարդ, ով զրոյից ստեղծել է իր գործը: Իմ մեծ բիզնեսը գտնվում է Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Իմ գործընկեր Կարեն Վարդանյանի հետ արդեն 20 տարի է` այնտեղ ստեղծել ենք «Կարինա» ֆաբրիկան: Դա սանհիգիենիկ արտադրություն է, այսինքն` զուգարանի թուղթ, անձեռոցիկներ և այլ հիգիենիկ պարագաներ ենք արտադրում: Մեր արտադրանքը վաճառվում է ամբողջ Միջին Ասիայում: Ես խոսակցության սկզբում ասացի` եթե մենք կարողանում ենք ներդրում կատարել դրսում, կարող ենք ներդրումներ կատարել նաև մեր հայրենիքում: Ես Հայաստանում իմ գործը սկսել եմ, կարելի է ասել, թավշյա հեղափոխությունից 7-8 ամիս առաջ: Դեռ այն ժամանակ ես հույս ունեի և արդեն տեսնում էի հեռանկարներ ներդրումների համար:

Ի՞նչը խթանեց Լոռու մարզի Այգեհատ գյուղում Ձեր ներդրումներին:

Առաջինը` սերը Այգեհատի նկատմամբ: Շատ երկար եմ մտածել այնպիսի մի գործ դնել հայրենիքում, որը ժողովրդի համար օգտակար լինի: Ցանկությունները մեծ են, հնարավորություներ նույնպես կան: Բայց ես իմ բիզնեսը Այգեհատում սկսել եմ մի փոքր զգուշորեն: Մի բան կարելի է ասել. եթե հայ ձեռներեցը դրսում կարողանում է աշխատանքը կազմակերպել և իր բիզնեսով եղանակ ստեղծել օտար ափերում, 100 տոկոսով կարող եմ ասել, որ նրա բիզնեսը հայրենիքում կստացվի շատ ավելի գեղեցիկ ձևով: Հայրենիքում բիզնեսի առաջին փորձն իմ դեպքում այգեգործությունն է, որը ես սկսեցի իմ ծնողների ծննդավայրում: Շատ վառ հիշողություններ ունեմ Այգեհատի հետ՝ մանկությունս այնտեղ է անցել: Մինչև 7 տարեկանը ապրել եմ պապիս ու տատիս մոտ: Ամեն անգամ գյուղ գնալ-գալուց հետո, երբ տեսել եմ  Այգեհատի բարձիթողի վիճակը, ցանկացել եմ գյուղացիներին ինչ-որ բանով օգտակար լինել: Էսօր ընկերոջս հետ հիշեցինք: Ես գյուղական, տնական հավ շատ եմ սիրում: Սրանից մի 10-15 տարի առաջ, երբ գյուղ էինք գալիս, տնական հավ Այգեհատում չէինք գտնում: Գյուղեգյուղ ընկած` ինձ համար հավ կամ գառ էին ման գալիս: Մի օր ես ջղայնացա: Մի 20 տարի առաջ էր դա, ասացի՝ վերջ, պետք է փոքր ֆերմա դնենք, գոնե մեր կարիքները բավարարելու համար: Պապիս տան տնամերձը 2-3 հազար քմ է: Ես սկսեցի փոքր ներդրում, բերեցի ինկուբատոր, հետո` գառներ,  ոչխարներ, կովեր առա: Սիրում եմ շուն: Մի օր տեսա, որ գեղեցիկ տնտեսություն է ստացվել: Տան դեմը ստեղծեցի երևի մի 2-3 հա այգի: Հիշեցի, որ երեխա ժամանակ պապիս այգում աճում էր շատ համով ծիրան: Երբ ասացի, որ ուզում եմ ծիրանի ծառ տնկել, շատ գյուղացիներ թերահավատորեն վերաբերվեցին դրան: Բոլորը մոռացել էին, որ Այգեհատում ծիրան է աճում: Մոռացել էին, որովհետև 80-90-ական թվականների ցուրտ ու մութ տարիներին մարդիկ իրենց այգիների ծառերը, այդ թվում` ծիրանիները կտրել էին: Անցած տարի ստացա ծիրանի առաջին բերքը: Դա սիմվոլիկ բերք էր, բայց` շատ համով: Հաջողված ծիրանի այգիներից հետո որոշեցի գնել հարակից հողերը: Գյուղի հաշվեկշռում պահուստային հողեր կային, ես ուղղակի առաջարկեցի Այգեհատի գյուղապետին և ավագանու անդամներին, որ այսպիսի մտադրություն ունեմ: Գյուղը Այգեհատ անվանումը ստացել է այն պատճառով, որ շրջակայքում եղած այգիները հատվել են։ Սա համապատասխանում է այգիների իմ կոնցեպցիային: Ու ես մոտավորապես պատկերացրի, թե իմ ստեղծած այգիները ինչպիսին են լինելու: Եթե ես անում եմ մի բան, աշխատում եմ ամենալավն ընտրել: Տղայիս խնդրեցի, ինտերնետում գտավ այգիների ոռոգման կաթիլային սիստեմ:  Ընտրեցինք կաթիլային ոռոգման իսրայելյան վերջին համակարգը: Հիմա Այգեհատում արդեն տեղադրված է այդ համակարգը, որն անմիջապես սրսկում են ծառի արմատների վրա, ու օգտագործվում է շատ փոքր քանակությամբ ջուր: 

«Հետքը» անդրադարձել է Այգեհատում Ձեր հիմնած 22 հա այգիներին:

Այդ 22 հա-ն ամբողջությամբ դրվել է կաթիլային ոռոգման տակ: Տարածքի 80%-ի վրա տնկիներն արդեն դրված են: Տնկիները բերված են Միջին Ասիայից: «Իդեալ» տեսակ է կոչվում դա: Արագ աճող և բերքատու տեսակ է: Տեսնենք` ինչպես կստացվի: Եթե  հիշում եք, իմ գնած 22 հա հողերն Այգեհատից Ստեփանավան գնացող ճանապարհի ներքևի մասում են: Ճանապարհի վերևի մասում Այգեհատի նախկին չորացած այգիներն են: Հիմա ես փորձում եմ գյուղացիներից գնել նաև այդ հողերը: Այստեղ նույն ընկուզենիների տնկիներ եմ դնելու: Բայց այդ հողերը գնելու ճանապարհին ես կանգնել եմ լուրջ դժվարությունների առաջ: Այգիների ամբողջ այդ տարածքը սեփականաշնորհված է 170 գյուղացիների կողմից: Յուրաքանչյուրի հետ առանձին քննարկում ենք հողերի վաճառքի հարցը: Հողատերերից շատերը կողմ են իրենց հողերը ինձ վաճառելուն: Սակայն, շատ հողակտորներ այս պահին հնարավոր չէ գնել, քանի որ սեփականատերերի մի մասը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, մի մասն էլ մահացել է: Բայց ինձ թվում է այդ 20 հա տարածքը գնելուց հետո այգիների տարածքը կլինի մոտ 40 հա: Այսինքն` 1-ին փուլում այդ տարածքում նույնպես կդնենք տնկիներ:

Քանի՞ տարի կտևի տնկիների հասունացումը և բերքատվությունը:

Ինձ թվում է` 4-րդ տարում բերքատվությունը կլինի: Երբ 2-րդ 20 հա-ը ես գյուղացիներից գնեմ, նույն գործողությունը կկատարենք այնտեղ, ինչպես կատարեցինք ճանապարհի ներքևի մասում՝ տարածքի պարսպապատում, հողի մշակում, կաթիլային ոռոգում, նաև` ծառատունկ: Դրան զուգահեռ, կկառուցվի արտադրություն՝ 40 հա-ի համար:

Ընկույզի մուրաբայի արտադրությամբ չե՞ք զբաղվելու:

Ոչ, դա կլինի ընկույզի արտադրություն և վերամշակում: Այսինքն` ծառերից տեխնիկան ընկույզը հավաքվում է, թափ է տալիս, մաքրվում է: Հետո մյուս տեխնիկան է գալիս, ընթանում է ընկույզի լվացում, չորացում, ջարդում, տեսակավորում, փաթեթավորում և առաքում: Ես ընկույզը շուկա եմ հանելու մաքուր վիճակում: Շատ առաջարկություն կա ընկույզի մուրաբա արտադրելու համար, սակայն դա առանձին արտադրություն է, որը նույնպես կարելի է փորձել: Ընկույզի 3-րդ, 4 -րդ տեսականին օգտագործվելու է թխվածքների արտադրության մեջ: Ընկույզի մի մասը գնալու է 1-ին, 2-րդ բարձրագույն տեսականի:

Ուսումնասիրել ենք շուկան, պահանջարկը կա: Արտադրանքը հնարավորություն ունենք իրացնել նաև Եվրոպայում: Իմ ցանկությունն է` կառուցել այնպիսի արտադրություն, որը կհամապատասխանի միջազգային բոլոր ստանդարտներին, որ այդ արտադրանքն անարգել կարողանամ արտահանել Եվրոպա: Հնարավորություն կա նաև արտադրանքը Եվրասիական տնտեսական գոտի առաքելու, չնայած այդտեղ կարող է Միջին Ասիայի գների հետ համեմատած` մրցակցությունը ավելի բարդ լինել, բայց ես ընտրել եմ Եվրոպան:

Այգեհատի և Օձուն համայնքի մյուս բնակավայրերի բնակչությունը Ձեր ներդրումներից ակնկալում է հատկապես կանանց աշխատուժի ներգրավում:

Ես Ձեզ ասեմ` դա կլինի լուրջ արտադրություն: Ես գիտեմ, որ այս տարածաշրջանում չկա պահածոների գործարան, և իմ ստեղծած պահածոների գործարանի արտադրանքը կհամապատասխանի միջազգային սերտիֆիկացիոն բազային: Թե քանի՞ աշխատատեղ կլինի, դա հարցի մյուս կողմն է: Բայց որ ծավալները կավելանան, դրա մասին խոսք լինել չի կարող:

Ե՞րբ Այգեհատում կկառուցեք պահածոների գործարան:

Կարծում եմ` 4-5 տարին այդպիսի արտադրություն կազմակերպելու համար շատ ժամանակ չէ:

Ձեր կառուցած գործարանը կնպաստի, արդյոք, Այգեհատ և հարևան գյուղերի գյուղացիների փոքր ֆերմերային տնտեսությունների կայացմանը:

Իմ արտադրությունը կարող է ուժ և իմպուլս տալ մեկ, երկու, երեք հա ունեցող տնտեսություններին, որոնք կարող են վերամշակելու համար մեզ մոտ բերել իրենց արտադրանքը: Մեր կողմից դրվելու է հզոր արտադրություն, որը կկարողանա սպասարկել Հայաստանի մակարդակով ընկույզի վերամշակման արտադրություն:

Ինչպե՞ս եք տարածաշրջանի գյուղացիներին Ձեր բիզնեսում ընդգրկելու որպես գործընկեր:

Բոլոր իմ ծանոթներին և հարազատներին ստիպելու և առաջնորդելու եմ ընկույզի այգիներ հիմնելու գործում: Իհարկե, կաջակցեմ իրենց այդ գործում: Իմ արտադրությունը կխթանի ընկույզի արտադրությունը ռեգիոնում, նաև` Հայաստանում: Պլաններն այնպիսին են, որ պետք է վերամշակենք նաև Արցախից և Հայաստանի այլ բնակավայրերից բերվող ընկույզը: Իմ տեղեկությամբ, այդպիսի արտադրություն չկա Հայաստանում: Այն արտադրությունը, որը ես ցանկանում եմ կառուցել, Եվրոպայում այդպիսին չկա: Եթե չկա, ուրեմն պետք է օգտվել հնարավորությունից, պետք է ներգրավել մարդկանց և բոլոր ռեսուրսները, որպեսզի իմ արտադրանքի հետ մշակեմ նաև ուրիշների արտադրածը:

 Ինչպե՞ս եք վերաբերվում տեղի աշխատուժին:

Շատ դրական եմ վերաբերվում, առաջին հերթին իմ գործարանում կաշխատեն իմ համագյուղացիները: Եթե պահանջված մասնագետը չլինի գյուղում, այդ դեպքում միայն ուրիշ տեղից մասնագետ կհրավիրվի:

Ձեր բիզնեսի հաջողության դեպքում հնարավո՞ր է բնակություն հաստատեք Այգեհատում:

Ես շատ հաճախ եմ գալիս Այգեհատ: Ես ինձ այստեղ լավ եմ զգում, մի գուցե այստեղ տուն կառուցեմ, երեխաներս էլ գան: Այս ներդրումը կատարելու գործում մեծ տղաս իր համաձայնությունն է տվել, ինձ էլ շատ դուր է գալիս: Ես համոզված եմ, որ իմ սկսած գործը տղաս կշարունակի:  

Մեկնաբանություններ (4)

Կիսագրագետ տնտեսագետ
Իր հողը վաճառող ազատ գյուղացին դառնում է վարձու աշխատող, որին անվանում են ԲԱՏՐԱԿ։ Մնացածը ամենապրիմտիվ ստախոսության բնագավառին է վերաբերվում։ Ամոթ է, 150 տարիքով հետ ենք գնում - դեպի ֆեոդալիզմ։
Սիրաբի
Երկիրը երկիր դարձնողներն այսպիսիք են, իսկ իրեն «կիսագրագետ» անվանող «տնտեսագետ» կոչված անգրագետների ասածներին պետք չէ թույլ տալ նույնիսկ որ «մեկնաբանություններ» անեն: Դրանց տեղն աղբանոցն է:
Լևոն
Իսկ իր վարելահողը չմշակող, կամ էռոզիայի ու անգրագիտության պատճառով ոչնչացնող ու հետո էլ խոպան քոչող գյուղացին ինչպես է կոչվում?
Հրաչյա Պ.
Կեցցես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter