HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք գյուղերի բնակիչներ պահանջում են վերանայել մայրաքաղաք գնացող տրանսպորտի չվացուցակները

Լիլիթ Հովհաննիսյանը Փարպի գյուղի բնակիչ է, բայց աշխատում է Երեւանում: Ամեն օր ժամանակին աշխատանքի հասնելը նրա համար մեծ բարդություն է:

«Հիմնականում խնդիրն այն է, որ տարիներ շարունակ ֆիքսվել են որոշակի ժամեր երթուղայինների համար, որոնք չեն փոխվում։ Այդ տարիների ընթացքում ուղեւորահոսք է փոխվել, տարբեր փոփոխություններ են եղել տրանսպորտի ոլորտում, բայց Երեւան-Աշտարակ-Փարպի-Բազմաղբյուր-Ղազարավան տրանսպորտի հարցում ո´չ ժամային, ո´չ էլ փոխադրամիջոցի փոփոխություն չի եղել։ Առաջին խնդիրը հենց սա է` ուսումնասիրություն չկա տրանսպորտի ժամային ինտերվալի հետ կապված»,- ասում է Լիլիթը։

Փարպի գյուղը Երեւանից 23 կմ հեռավորության վրա է: Այստեղ աշխատում է մեկ երթուղային և մեկ ավտոբուս: Չվերթների միջև տարբերությունը գրեթե 5 ժամ է:

«Գյուղից քաղաք հասնելը մեծ դժվարությունների հետ է կապված, ուղեւորներից շատ ժամանակ եւ գումար է խլում` պատճառելով անհարմարություններ»,-դժգոհում է Լիլիթ Հովհաննիսյանը։

Երեւան-Աշտարակ-Փարպի-Բազմաղբյուր-Ղազարավան երթուղին սպասարկում են «Գալակտիկա Տրանս Սերվիս» (մեկ ավտոբուս) և «Տրանս» (13 տեղանոց մեկ միկրոավտոբուս) ՍՊԸ-ները։ Ժամերը սահմանված են այնպես, որ երկու երթուղայինն էլ Երեւան գնում եւ վերադառնում են գրեթե նույն ժամերին, այնինչ ընթացքում մոտավորապես 5 ժամ մարդիկ գյուղից ելումուտի հնարավորություն չեն ունենում։

Լիլիթի խոսքով` ամենաանհարմարը 18։45-ին Երեւանից վերադարձող տրանսպորտի ժամն է։

«Դա համարվում է պիկ ժամ։ Աշխատողները, երկրորդ հերթով սովորող ուսանողները այդ ժամին են տուն վերադառնում ու անհարմար վիճակով են տուն հասնում։ 13 հոգու համար նախատեսված երթուղայինը սպասարկում է երեք գյուղի, մեկ քաղաքի բնակիչների։ Բոլորը տուն են շտապում հոգնած, ոտքի վրա կանգնած, իրար սեղմված, գրկած։ Բացի անհարմարությունները եւ տրանսպորտի փոքր լինելը, ժամը վերջինն է գյուղ գնացող։ Ոչ բոլորն են կենտրոնում աշխատում, շատերը գործից դուրս գալուց խցանման մեջ են ընկնում, շատերի աշխատանքն էլ ավելի ուշ է վերջանում։ Որոշակի հարմար ժամ է պետք նշանակել, գոնե վերջին երթուղայինը գյուղ գնացող լինի մինչեւ ժամը 20։00-ն ոչ թե 18։45-ը, որ մեծ մասը չկարողանան տուն հասնել եւ ապավինի տաքսիներին»,- պատմում է նա։

3 գյուղի` Փարպի-Բազմաղբյուր-Ղազարավան բնակիչներն պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել, դիմում-բողոքով դիմել Տրանսպորտի նախարարություն։

«Մեր հիմնական պահանջը չվացուցակների փոփոխությունն է։ Թվում է, թե բոլորը կտրված են ուղեւորահոսքերից եւ չեն տիրապետում իրավիճակին»,- ասում է Լիլիթը։

«Ինչո՞ւ մինչ այս չեն դիմել գյուղապետարան կամ մարզպետարան` հարցին ընթացք տալու համար»,- հարցրինք Լիլիթին։

«Չեն բարձրաձայնել, քանի որ ժամանակին Աշտարակում բնակիչների կողմից փորձեր են արվել այս ոլորտում փոփոխություններ մտցնելու եւ ձախողվել են, մարդիկ մտածում են` եթե Աշտարակում ոչինչ անել չի հաջողվել, մենք էլ դժվար հաջողության հասնենք։ Կան մարդիկ, որոնք չեն փորձում դեմ գնալ ղեկավարներին, քանի որ գիտեն, որ գյուղապետի, մարզպետի պարտականությունն է այս ամենի լուծումը գտնելը։

Մեկ անգամ հոդված է հրապարակվել, որը խոսակցությունների տեղիք է տվել, թե գյուղի մարդ են, ինչու են վատամարդ լինում։ Այ, այդ կարծրացած մտածելակերպն ու չնախաձեռնող լինելն է պատճառը, որ չեն բարձրաձայնում եղած խնդիրների մասին։ Եղել են մարդիկ, որ փափուկ բարձ են դրել գյուղացիների գլխի տակ, ասելով ` մի խոսեք, մի բարձրաձայնեք, կլուծենք խնդիրը, ու տարիներ շարունակ խնդիրը շարունակել է մնալ առկա»,- բացատրում է Լիլիթը:

Փարպի գյուղի համայնքապետ Իշխան Առաքելյանի խոսքով` խնդիրը տարիների հիմք ունի. «Արդեն երկար տարիներ է, ինչ այս խնդիրը կա, բայց գծատերը չի համաձայնվում ժամեր ավելացնի, ասում ա` ձեռնտու չի, ուղեւորահոսքը չի բավարարում։ Մենք զրուցել ենք գծատերերի հետ, ասում են՝ վնասով ենք աշխատում: Ես հո չեմ կարող գծատերին հանձնարարեմ` անի, դա մեր գիծը չէ: Համ էլ գյուղացիներից ամեն 3-րդը մեքենա ունի»։

Գյուղապետի խոսքով` պետք է սպասել նոր մրցույթի. «Մենք հիմա ի՞նչ անենք, պետք է սպասենք նոր մրցույթի, որ գծատերը փոխվի։ Որ ձեռնտու չի գիծը, ո՞նց կգան կքշեն, դուք կգայի՞ք»։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մեզ հետ զրույցում հորդորեց երեք գյուղերի գյուղապետներին կամ բնակիչներին` գրավոր կերպով դիմեն նախարարություն. «Այդ գյուղերի գյուղապետներից մեկը կամ բնակիչները կարող են դիմում գրել մեզ՝ կքննարկեք հարցը, շատ կարճ ժամանակահատվածում կփորձենք համապատասխան լուծում տալ: Հնարավոր է` բնակչությունը ցանկանա, բայց այստեղ խնդիր կա, եթե ուղեւորահոսքը չբավարարեց, բարդ կլինի հարցին լուծում տալը: Եթե մենք հասկանանք, որ ավելացրած ժամերին բավարար ուղեւորահոսք կա, ապա լրացուցիչ երթ կնախատեսենք: Եթե համապատասխան փոխադրողը չի ցանկանա այդ երթը իրականացնել, մենք բնակչությանը հարմարեցված ավելացրած ժամերը կարող ենք տալ այլ փոխադրողի»:

«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի շահագործման բաժնի պետ Գեղամ Պետրոսյանի խոսքով` իրենք պատրաստ են քննարկել հարցը. «Կփորձենք հարմարեցնել գյուղացիներին։ Իրականում խնդիրը մեզանից չի, մենք շատ վաղուց ենք այս ժամերով սպասարկում գիծը։ Միկրոավտոբուսը 15 տարվա պատմություն ունենա, թե չէ. իրենք են ժամերն այնպես հարմարեցրել, որ ավտոբուսից 5-10 րոպե հետո շարժվի միկրոավտոբուսը, հավանաբար նրա համար, որ մարդիկ գիտեն ավտոբուսի ուղեւորահոսքի ժամերը, իրենց ժամերին էլ շուտ սովորեն»։

Նշենք, որ վերջին մարդահամարի տվյալներով՝ Փարպի գյուղն ունի 2426 բնակիչ, Ղազարավան գյուղը` 568 բնակիչ, Բազմաղբուր գյուղը` 1038 բնակիչ։ Բնակիչներից շատերն աշխատում են Աշտարակ, Երեւան քաղաքներում։

Անժելա Հարությունյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter