HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դարձավ իրավագետ. Հայաստանում առաջին նախադեպն է (տեսանյութ)

Անի Հովհաննիսյան

Դավիթ Բանուչյան

Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ, 22 տարի բանտում գտնվող Մհեր Ենոքյանը պաշտպանեց դիպլոմային աշխատանքը՝ ավարտելով Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը: Սա առաջին դեպքն է ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային երկրներում, երբ ցմահ դատապարտյալն իրավաբան է դառնում: «42 տարեկանում իրականություն դարձավ իմ մանկության երազանքը՝ դառնում եմ իրավաբան... բայց, կարծես, ճակատագրի հեգնանք էր, որ դատապարտյալի կարգավիճակում եմ դառնում իրավաբան»,- ասաց Մհեր Ենոքյանը լրագրողներին:

Նրա ընտրած թեման, ինչպես ինքն ասաց, բխում է տարիների իր պայքարի տրամաբանությունից՝ «Օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայում. տեսական ու պրակտիկ խնդիրներ»: Ինքը՝ Ենոքյանը, դատապարտված լինելով 1996-ին` տարիներ շարունակ փորձում է հասնել իր քրեական գործի վերաբացմանը, սակայն դեռ ապարդյուն: Ինչպես ինքն է ասում՝ 1 ցուցմունքի վրա հիմնված դատավճռի բեկանման իր բողոքարկումներից վերջինը մերժվել է այս տարվա փետրվարին:

Ցմահ դատապարտյալն աշխատանքը ներկայացրել էր ռուսերեն: Ռուսերեն էր նաև պաշտպանությունը, քանի որ այդպիսին է Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում պաշտպանության ու պետական քննությունների հանձնման կարգը: Դիպլոմային աշխատանքի ղեկավարը իրավագիտության թեկնածու Արմեն Ղուկասյանն է, որին Ենոքյանը նույնպես շնորհակալություն հայտնեց արդյունավետ աշխատանքի համար:

Հանձնաժողովի անդամները ներկայացան ժամ ու կես ուշացումով` համալսարանում պաշտպանությունների պատճառով: Մինչ այդ, ցմահ դատապարտյալը զրուցեց լրագրողների հետ: «Հայաստանում չկա որևէ նախադեպ, երբ մահապատժի դատապարտվածի գործ վերաբացվի, և նա արդարացվի կամ գոնե պատժաչափ վերանայվի: Արդյոք սա վկայում է, որ Հայաստանում մահվան դատապարտելիս դատարանները երբեք չեն սխալվել: Իսկ ԱՄՆ-ում, Եվրոպայում անգամ 20-30 տարի անց ցմահ դատապարտյալներ են արդարացվում»,- նկատեց Մհեր Ենոքյանը:

Մհեր Ենոքյանը եւ մայրը

Նա պատմեց, որ, անցնելով մահապատժի տարիների սարսափների, սովի, անարդարության, դաժան վերաբերմունքի միջով, 7 տարի առհասարակ չունենալով տեսակցության ու զբոսանքի իրավունք՝ այնուամենայնիվ փորձել է գրականության ու գիտության միջոցով պահել ինքնությունը:

Հանձնաժողովի նախագահ Անատոլի Բարաբաշը

Հանձնաժողովը՝ ռուս գիտնական Անատոլի Բարաբաշի գլխավորությամբ, լսեց Մհեր Ենոքյանին, որը սկզբում շնորհակալություն հայտնեց ընձեռված բացառիկ հնարավորության համար՝ սովորել բուհում: Ենոքյանն ասաց, որ դիպլոմային աշխատանքում արված օրենսդրական փոփոխությունների առաջարկները մտադիր է շուտով ուղարկել ԱԺ:

Աջից` հանձնաժողովի անդամներ, փաստաբաններ Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանը

Ապա նախագահը, նաև անդամները՝ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, հարցեր տվեցին ընդդիմախոսի դիտարկումների շուրջ: «Մենք ուշադիր լսեցինք Ձեր դիպլոմային աշխատանքը, հարցեր տվեցինք, պատասխանեցիք: Մեր մի քանի հարցերին տրված պատասխանները ինձ իրավունք են տալիս ասելու, որ այս պատերի մեջ լինելը խանգարել է Ձեզ ավելի լայն նայել խնդրին... Կարծում եմ՝ եթե պատերից դուրս լինեիք, Ձեզնից լավ հետազոտող կստացվեր»,- ամփոփելով արդյունքները` ասաց ռուս գիտնականը:

Մհեր Ենոքյանը ստացավ 77 միավոր՝ հնարավոր 100-ից: Ըստ Անատոլի Բարաբաշի` Մհեր Ենոքյանը ստացավ բարձր գնահատական. «ՔԿՀ-ի պատերի ներսում նման աշխատանք գրելը մեծ կամքի ուժի մասին է վկայում»:

Մինչ այդ, «Պետության և իրավունքի տեսություն» առարկայի ավարտական քննությունից ստացել էր 85 միավոր, «Քրեական իրավունքից»՝ 80 միավոր:

Ենոքյանը վերջում շնորհակալությունների շարք հնչեցրեց՝ ուղղված հանձնաժողովի անդամներին, բուհի ղեկավարությանն ու դասախոսներին, քրեակատարողական վարչությանը, լրագրողներին. «Հենց լրագրողների միջոցով հանրությունը իմացավ բանտերի ու դատական սխալների մասին»:

20-ամյա Մհեր Ենոքյանը մահապատժի է դատապարտվել 1996թ.` մեղադրվելով համակուրսեցու սպանության մեջ: Մեղադրանքի ու դատավճռի հիմքում ընկած է գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի մի քանի անգամ փոփոխված ու իրարամերժ ցուցմունքներից վերջինը: Սկզբում Արամ Հարությունյանն ընդունել է, որ կատարել է սպանություն, ապա աստիճանաբար մեղքը բարդել է Ենոքյանի վրա: Արամ Հարությունյանն ու Մհեր Ենոքյանը դատապարտվել են 1961թ. Քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին ու 6-րդ կետերով: Արամ Հարությունյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, ազատության մեջ է 2011թ.-ից: Իսկ Մհերը դատապարտվել է մահապատժի (2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով 42 մահապատժի դատապարտվածների պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ) ու մինչ օրս պայքարում է 22 տարվա վաղեմության քրեական գործի վերաբացման համար: Քրեական գործի անկատարության մասին մինչ օրս վկայում են բազմաթիվ փաստաբանական ու մասնագիտական կարծիքներ, դատական վիճարկումներ: Ենոքյանը 5 հեղինակային ու թարգմանական գրքերի հեղինակ է:

Քրեական գործի մասին՝ այստեղ

Մեկնաբանություններ (5)

Լեյլի
Շնորհսվորում եմ Մհեր ջան, հուսով եմ ազատությսն մեջ մենք կհանդիպենք անպայման:
Հասմիկ Ա. Ա.
Շնորհավորում եմ, Մհեր ջան: Բան չի մնացել՝ շուտով կտեսնենք արդարության հաղթանակը: :)
Աննա
Ազատություն Մհեր Ենոքյանին։ 20 տարի մարդը բանտում ա անցկացրել, ԱԶԱՏԵՔ, ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՔ ՄԱՐԴ ՏԱՆՋԵԼ․․․
Արմեն
Էս տղուն ազատեք
Գագիկ
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՄՀԵՐ ՋԱՆ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter