Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում ստորագրահավաք է․ ուսանողները ռեֆորմներ են պահանջում


Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում ստորագրահավաք է սկսվել, որի նպատակը հաստատությունում բարեփոխումների հասնելն է։

Վերջին մի քանի օրերին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում խմորումներ են տեղի ունենում։ Ուսանողները փորձում են հասնել խոսքի եւ որոշումների կայացման ազատության, ինչը, նրանց խոսքով, բացակայել է բուհում։ Իսկ թավշյա հեղափոխության օրերին ճնշումներ են եղել ուսանողների եւ աշխատակիցների վրա, որպեսզի նրանք չմասնակցեն բողոքի ցույցերին։

Ուսանողները պահանջում են լծակներ՝ բուհում նաեւ ֆինանսական վերահսկողություն իրականացնելու եւ այլնի համար։ Միջոցներից մեկն էլ, ըստ ուսանողների, բարձր վստահություն վայելող մեկի նշանակումն է հաստատության ուսումնամեթոդական գծով փոխտնօրենի պաշտոնում։ Այս հաստիքը տարիներ շարունակ թափուր է մնացել։ Բուհի ուսումնամեթոդական գծով վերջին փոխտնօրենը, ըստ ժամանակագրության, եղել է ներկայիս տնօրեն Սամվել Առաքելյանը, որն իր այս պաշտոնը զբաղեցնում է արդեն 17 տարի։

Այս տարիներին հաստատությունը ձեռքբերումների հետ նաեւ սկանդալների կենտրոնում է հայտնվել, կաշառքի գործով քրեական գործ է հարուցվել դասախոսներից մեկի նկատմամբ եւ այլն։

Սամվել Առաքելյանը վերջին տարիներին ղեկավարում է նաեւ ՀՀԿ Իջեւանի շրջանային խորհուրդը եւ, բնականաբար, թավշյա հեղափոխությունն իր դերն է խաղացել ուսանողների եւ դասախոսների մի խմբի կողմից ըմբոստության բարձրացման հարցում։

Բողոքի ակցիայի օրերին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ բուհի նախկին շրջանավարտներ, մտել էին Առաքելյանի աշխատասենյակ` պահանջելով միանալ ցուցարարներին։ Ուսանողները, ինչպես երեւում է տեսանյութում, հակադարձում են Սամվել Առաքելյանի այն խոսքին, թե մասնաճյուղում կաշառքը վերացել է։ Սենյակում գտնվող արդեն նախկին ուսանողները պնդում են, որ կաշառք են տվել ուսման ընթացքում։ Իսկ քաղաքացիներից մեկն ասում է, որ իր երկու դուստրերի ուսման համար մշտապես կաշառք է տվել։ 

Վերջին օրերին մասնաճյուղում տեղի են ունեցել բաց հանրային քննարկումներ, որոնց արդյունքում, որպես փոխտնօրենի լավագույն թեկնածու, առաջադրվել է Ընդհանուր մաթեմատիկայի եւ բնագիտության ամբիոնի վարիչ Արտակ Ցուցուլյանը։ Նա նույնպես բուհում վաղուց է աշխատում եւ վայելում է աշխատակազմի եւ ուսանողների վստահությունը։ Ուսանողական նախաձեռնության անդամները կարծում են, որ Ցուցուլյանի նշանակումը կբերի համակարգային առողջացման։

ԵՊՀ ԻՄ Ընդհանուր մաթեմատիկայի եւ բնագիտության ամբիոնի դասխոս Հայկ Քամալյանը պատմեց, որ հենց առաջին քայլերից հետո տնօրինությունը փորձել է կանխել գործընթացը, դեմ է արտահայտվել ստորագրահավաքի գաղափարին։ Անգամ փորձել է համոզել, որ սա փոքրամասնության գործողություն է։

Հայկ Քամալյանի խոսքով՝ տնօրեն Սամվել Առաքելյանը հայտարարել է, թե պատրաստ է փոխվել, իրականացնել բարեփոխումներ։ Սակայն ուսանողները շարունակում են պահանջել, որ բարեփոխումների ճանապարհային քարտեզն իրենք ներկայացնեն։ 

Փոխտնօրենի թեկնածու առաջադրված «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրականում հաստատությունում եղել են խնդիրներ, որոնց շատ-շատերն են առնչվել՝ եւ ուսանողներ, եւ աշխատակիցներ։ Դեռ ընթացքի մեջ է աշխատանքային խմբի ձեւավորումը, որից հետո՝ բուհի ղեկավարությանը ներկայացվող պահանջները վերջնականապես կհստակեցվեն։

Հեղափոխության օրերին ուսանողների եւ որոշ դասախոսների ըմբոստությունը հաստատության ներսում հանդիպել է դիմադրության։ Հիմա, ըստ Ցուցուլյանի, մարդիկ մերժում են վախի մթնոլորտը։

«Մարդկանց պահանջները ինչ-որ երեւելի բաներ չեն՝ հաշվետվողականություն, կառավարման խորհրդի արդար ձեւավորում, դեկանների, ամբիոնների վարիչների արդար ընտրություններ, ոսւխորհրդի արդար ընտրություններ։ Այսինքն` ստեղծվի միջավայր, որտեղ տաղանդավոր մարդն ի ցույց կդնի իր պոտենցիալը»,-ասաց Արտակ Ցուցուլյանը` նշելով, որ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում ընտրություններ ընդհանրապես չեն անցկացվում, արդյունքում կան դեկաններ, որոնք 7-8 տարի հանդիսանում են ժամանակավոր պաշտոնակատարներ, բայց չեն հաստատվել իրենց պաշտոններում։

ԵՊՀ ԻՄ տնօրեն Սամվել Առաքելյանը «Հետք»-ի հետ զրույցում ցույց տվեց, թե ամբողջությամբ ողջունում է ռեստարտի գաղափարը եւ կարծում, որ առկա հիմնախնդիրները պետք է լուծվեն։ Տնօրենն ասաց, որ ինքն էլ կցանկանար, որ ուսանողները նախաձեռնող լինեն, սակայն այդպիսին չէին մինչեւ համաժողովրդական շարժումը։ «Ուսանողների ակտիվությունը բարձրացել է, եւ դա հաճելի է։ Նախկինում այդքան էլ ակտիվություն չի եղել։ Ես միշտ երազել եմ ունենալ այն ուսանողական խորհուրդը, որն ակտիվորեն կմասնակցի բուհի խնդիրների քննարկմանն ու լուծմանը, որը կարտահայտի ամբողջ ուսանողության շահը, ոչ թե` խմբակային շահ։ Երեւի այս իրավիճակում դրա հնարավորությունն ընձեռված է, եւ որքան տեղյակ եմ, եկող շաբաթ անցկացվելու են նոր ընտրություններ»,-ասաց Առաքելյանը։

Հեղափոխության օրերին ուսանողները տարածել էին տեսանյութ, որտեղ երեւում են բուհի փակ դարպասները, որոնց երկու կողմերում ցուցարարներն են եւ հաստատության ղեկավարությունը՝ տնօրենի գլխավորությամբ։ Արտակ Ցուցուլյանի մեկնաբանութմամբ՝ ցուցարարներն այդ օրը եկել էին հաստատություն՝ ուսանողներին իրենց միանալու կոչեր անելով։ Տնօրինությունը դարպասը փակել էր` թույլ չտալով ո՛չ ուսանողները դուրս գան, ոչ էլ՝ ցուցարարները մուտք գործեն բուհի տարածք։

Սամվել Առաքելյանը մեզ հետ զրույցում խոստովանեց՝ այդ օրն իր գործողությունները ճիշտ չէին։ Բայց, նրա խոսքով, դա ոչ թե ճնշում գործադրելու փորձ էր, այլ՝ ուսումնական պրոցեսը չխաթարելու պատասխանատվության հետեւանք։ «Ուսանողներն իրենց քաղաքացիական իրավունքը պետք է իրացնեն դասերից հետո։ Պետք էր նաեւ հաշվի առնել, որ մասնաճյուղ դասավանդելու են գալիս դասախոսներ Երեւանից, եւ անհրաժեշտ էր դասերը կազմակերպել առանց խոչընդոտների»,-ասաց տնօրենը։

Ի՞նչ կլինի, եթե հաստատության ակտիվի եւ Սամվել Առաքելյանի պատկերացումները կառավարման մասին տարբերվեն, եւ առաջանա բախում։ Մասնաճյուղի տնօրենը պատրա՞ստ է պաշտոնը զիջել նոր գաղափարներ կրողներին։ Սամվել Առաքելյանը պատասխանեց, որ կարծում է՝ բանը դրան չի հասնի․ «Ես չեմ տեսնում այնպիսի խնդիր, որի լուծման հարցում կոմպրոմիսի չգանք։ Ես կողմ եմ, որպեսզի ուսանողները մասնակցեն բուհի կառավարմանը, պատրաստ եմ համագործակցության»։

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի փոխտնօրենի թեկնածու, դոցենտ Արտակ Ցուցուլյանից հետաքրքրվեցի՝ եթե համալսարանի ղեկավարությունը խուսափի  նախաձեռնող խմբի պահանջները կատարելուց, ի՞նչ է սպասվում։ Նա պատասխանեց․ «Մենք գնում ենք առողջացման ճանապարհով։ Անձերի խնդիր դրված չեն։ Եթե կլինեն ինչ-որ ուժեր, մարդիկ, որոնք կփորձեն խոչընդոտել մեր բարի նախաձեռնությանը, անմիջապես կդրվի նրանց չեզոքացնելու խնդիրը։ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը շատ կարեւոր կառույց է մարզի համար։ Պարզապես դրսեւորման համար միջավայրն այնքան էլ բարենպաստ չէ։ Մարդիկ հասկանում են, որ այստեղ անառողջ միջավայր է, որտեղ նախաձեռնողականությունը շատ հաճախ պատժելի է։ Իսկ եթե մարդը նախաձեռնող չէ, ապա նա լսող է։ Մենք ուզում ենք անկախ քաղաքացի դաստիարակել»։

Վաղը ԵՊՀ մասնաճյուղում տեղի կունենա մեծ քննարկում, որին հրավիրվել են բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ հաստատության նախկին շրջանավարտները։


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (4)
1. Գալինա23:28 - 19 մայիսի, 2018
Արժանի թեկնածու եմ համարում Արտակ Ցուցուլյանին.
2. Իջևանցի ուսանող09:39 - 22 մայիսի, 2018
Պարոն Ցուցուլյան Ուսանողները միշտ բողոքել ենՁեր կողմից անարդար գնահատվելո.ւց, որ դուք Ձեր պարապաց երեխաներին միշտ բարձ գնահատականներ եք նշանակում: Հիմա այդ ուսանողների միջոցով ուզում եք փոխտնօրեն դառնալ: ԱՆՀԱՐՄԱՐ Է
3. Իջևանցի ուսանող15:13 - 22 մայիսի, 2018
Տիկին Հարությունյան. Ամբողջ Իջևանը տեղյակ է, որ Ձեզ ամբիոնի վարիչ նշանակել են Տավուշի նախկին ՀՀԿ-ական մարզպետի միջնորդությամբ: Կարծում եմ, որ ժամանակն է դուք էլ թողնեք ձեր պաշտոնը: Եթե ձեր տրամաբանությամբ առաջնորդվենք, կարելի է նախաձեռնել և պահանջել ձեր ամբիոնի վարիչի պաշտոնը: Նախաձեռնությունը մերն է, ուրեմն պետք է բավարարել: Դուք համալսարանում եք, թե Իջևանի շուկայում?????
4. Արմեն Սարգսյան18:26 - 22 մայիսի, 2018
Երկրորդ տեսագրության մեջ ակտիվ ելույթ ունեցող Լիանա Հարությունյանը շատ արագ է մոռանում, որ ինքը նախկին ՀՀԿ-ական մարզպետ Ա.Ղուլարյանի և ներկա տնօրենի անմիջական միջնորդությամբ է պաշտպանել ատենախոսություն և բոլորովին այլ ՙՙծառայություների՚՚ պատճառով է հայտնվել ամբիոնի վարիչի պաշտոնում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։