Շաբաթ, 22 սեպտեմբերի

Տնտեսագետի կարծիքով՝ Ս. Սարգսյանի հրաժարականից հետո արված պետգնումներում կոռուպցիոն ռիսկեր կան



«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ուսումնասիրել է Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 23-ի հրաժարականի օրվանից մինչ մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում պետական կառույցների կատարած գնումների գործընթացը: Պարզելու համար արդյոք՝ գնումների գործընթացը ընթացել է բնականոն հունով՝ համեմատել են այս տարվա և 2017-ի նույն օրերին արված գնումների դինամիկան:

ՀԿ-ի նախագահ Արտակ Մանուկյանն ասում է, որ այդ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թե՛ քանակային, թե՛ գումարային առումով պետգնումների գործընթացում բնականոն գործունեություն չի իրականացվել: Մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ այս տարվա այդ ժամանակաշրջանում թե՛ գումարային և թե՛ քանակային առումով ավելի շատ պայմանագրեր են կնքվել:

Երկրորդ կետով պետական գնումները ուսումնասիրող խումբը նախորդ տարվա նույն օրերի համեմատությամբ ուսումնասիրել է ոչ՛ մրցակցային գնումների գործընթացը: Այսինքն՝ այն գնումները, որոնք պետական մարմինները կատարել են մեկ անձից գնման ընթացակարգով:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախորդ տարվա այդ օրերի համեմատ ոչ մրցակցային գնումները ավելի քան 9 անգամ շատ են եղել. «Պատկերացրեք՝ դուք ունեք մոտ եռակի անգամ քանակապես ավելի քիչ մրցույթ, գումարային մոտ երկու անգամ ավելի քիչ մրցույթ, բայց ոչ մրցակցայինը այս ժամանակահատվածում շատ ավելի մեծացել է: Այս առումով մենք կարող ենք ասել, որ այս ժամանակաշրջանը բնորոշ է կոռուպցիոն ռիսկերին: Բայց այդ կոռուպցիոն ռիսկերի տակ կոռուպցիա կա, թե՞ ոչ, իհարկե սա արդեն պատկան մարմինները շատ ավելի մանրազննին պետք է ուսումնասիրեն: Բայց առնվազն ակնհայտ է, որ այդ ժամանակաշրջանում կա ոչ մրցակցային գնումներին նախապատվություն տալու հստակ վարքագիծ»,- ասում է տնտեսագետը:

Հարցազրույցի ընթացքում նաև գնումների գործընթացի մասնագետը անդրադարձավ գնումների հաշվետվողականության armeps.am համակարգին: Նշենք, որ այդ կայքում է հրապարակվում պետական կառույցների կատարած գնումների մասին տեղեկատվությունը: ՀԿ-ի նախագահի գնահատմամբ՝ թեև գնումների պայմանագրերը, տվյալները մուտքագրված են, սակայն դրանք շատ «փնթի են», քանի որ նույն ընկերությունների վերաբերյալ տարբեր տվյալներ են հրապարակվում: Մասնավորապես՝ նշենք, որ կան ընկերություններ, որոնց անվանումը armeps.am-ում հրապարակված է և՛ չակերտներով, և՛ առանց դրանց: Նման պարագայում տարբեր կերպ մուտքագրելու դեպքում, մասնակի է բերում այդ ընկերության հետ կնքված պայմանագրերի մասին տեղեկատվությունը:

Մանուկյանը նաև նշում է, որ կան պետական մարմիններ, որոնք իրենց կարիքների համար արած գնումների պայմանագրերը չեն հրապարակում այս համակարգում: Ինչպես օրինակ՝ Գյումրու քաղաքապետարանը, Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: Տնտեսագետի փոխանցմամբ՝ այդ մարմինները այս ընթացքում գոնե պետք է դիզվառելիք ձեռք բերած լինեին:

Գյումրու քաղաքապետարանի կնքած պայմանագրերի մասին տեղեկատվությունը բացակայում է

Նոր ձևավորված կառավարությանը Արտակ Մանուկյանը խորհուրդ է տալիս հասանելի դարձնել օտարերկրյա ընկերությունների մասին տեղեկատվությունը: Մասնավորապես՝ հրապարակվեն ԵԱՏՄ երկրների այն ընկերությունների անվանումներն ու տվյալները, որոնք ընդգրկված են այդ երկրի «Սև ցուցակում» և իրավունք չունեն մասնակցելու պետական գնումների գործընթացին. «Մենք օրինակ տեղյակ չենք՝ Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում որոնք են այն ընկերությունները, որոնք ներառված են այնտեղի «Սև ցուցակ» ունեցող կամ որոշակիորեն սահմանափակ գործունեություն ծավալող մասնակիցների ցանկում»,- ասում է Մանուկյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում «Սև ցուցակ»-ում հայտնված ընկերությունների մասին տեղեկատվությունը հասանելի է ԵԱՏՄ անդամ երկրների պատկան մարմիններին:

Տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ