Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ամերիկյան մի պայքարի պատմություն, որն ավարտվեց հաղթանակով



1963թ. հոկտեմբերյան մի սառը օր երկար պիտի ապրեր Սեմ Քուկի հոգում՝ իր թողած դառը զգացողությամբ: Ընդամենը մեկ տարի անց 33-ամյա այս լեգենդն  արդեն գնահատվելու էր որպես բոլոր ժամանակների մեծագույն ստեղծագործողներից մեկը, սոուլ երաժշտության հայրը, իսկ ավելի ուշ՝ ռասսայական խտրականության դեմ արվեստով պայքարող ամենաազդեցիկ երաժիշտներից մեկը: Սեմ Քուկի տեղն ու դերը այս բոլոր տարածքներում ավելի առանձնահատուկ դարձավ նրա տարօրինակ և մինչ օրս լիովին չբացահայտված սպանությունից հետո:  

Բայց մինչ այդ՝ հոկտեմբերյան այդ դառնահամ օրը երկար իր հոգում շուռումուռ եկավ, միտքը տրորեց, տապալեց, հետո վեր բարձրացրեց նրան ու վերածվեց մեկ այլ մարմնի: Նրա հոգում, կյանքում ապրող փոթորիկն արտացոլվեց հետմահու հրապարակված այդ երգ-հաղորդագրությունում, որը դարձավ աֆրոամերիկյան քաղաքացիական պայքարի հիմներից մեկը, խորհրդանիշն ու այդ իրականության տխուր վկայականը:

A Change Is Gonna Come.  Այն թերևս Քուկի ամենաքաղաքական բողոքն էր՝ երաժշտության լեզվով:

Սեմ Քուկը սև-սպիտակ պատերազմի ժամանակաշրջանի ամենահաջողակ, ամենահամարձակ ու ինքնուրույն արտիստն էր, ով իր ստեղծագործական թեկուզ կարճատև կյանքով, բայց պայքարող էությամբ ճանապարհ բացեց դեպի փոփոխության ուժը: Իսկ դա նրան, դժվար տրվեց և ի վերջո ավարտվեց առեղծվածային սպանությամբ:

Եվ ուրեմն՝ 1963թ. այդ տխրահռչակ օրը նրան հերթական անգամ վիճակված էր ճաշակել ռասսայական խտրականության դառնությունը, այս անգամ ստորանալով ընտանիքի անդամների ներկայությամբ և նրանց հետ:

Ամերիկյան Լուիզիանա նահանգում գտնվող «Hotel In» հյուրանոցի աշխատակիցները հրաժարվեցին սենյակ տրամադրել Սեմ Քուկին, նրա կնոջը՝ Բարբարային ու մի քանի հարազատներին: Հյուրանոցը սպիտակամորթների համար էր, ուստի այնտեղ մուտք գործելու փոքրիկ ակնկալիքն անգամ լուրջ փորձության կարող էր վերածվել: Այդպես էլ եղավ: Բարեկիրթ ու համբերատար Սեմ Քուկի ջանքերը՝ մարդկանց գիտակցությունն ուղղելու արդարության կամ խելամտության կողմը, ոչ միայն ապարդյուն էին: «Հանգստացիր, պետք չէ, նրանք կսպանեն քեզ»,- շշուկով հորդորում էր կինը մինչ այդ՝ հյուրանոցային վիճաբանության ընթացքում: Նրան ի պատասխան՝ երգիչը վստահեցնում էր. « Մի՛ մտահոգվիր, չեն սպանի, քանի որ ես Սեմ Քուկն եմ»: Սակայն վեճն ու հորդորներն ի վերջո ավարտվեցին երգչի և իր մի քանի բարեկամների ձերբակալմամբ՝ անկարգություններ իրականացնելու մեղադրանքով:

«Նյու Յորք Թայմսը» շտապեց արձանագրել տեղի ունեցածն իր «համեստ» վերաբերմունքով՝ հաջորդ օրն իսկ վերատպելով ամերիկյան լրատվական գործակալություններից մեկի անդրադարձը հետևյալ գլխագրով՝ «Շրիվփորթում ձերբակալվել է նեգրական բենդի առաջնորդը»: Իսկ այդ առաջնորդը «Թայմսը»-ին և բազմաթիվ այլ ամսագրերին արդեն հայտնի, միգուցե նաև համակրելի Սեմ Քուկն էր՝ սոուլի հայրը, ամերիկյան երաժշտության դիմանկարի ստեղծողներից մեկը: Նա պարզապես այն մարդն էր, ումով տարիներ անց պիտի հպարտանար այս երկիրը, որպես աշխարհի այլ երկրներին հանդուրժողականության և հավասար իրավունքեր ուսուցանող մեծահոգի ամենազորի:

Շրիվփորթյան հյուրանոցային այս միջադեպը ծանր ազդեցություն թողեց երաժշտի հոգում: Մի քանի շաբաթ անց նա գրեց «A Change Is Gonna Come» երգը: Ու թեև այն վիրավոր հոգու երգ էր, այնուամենայնիվ, առավելապես լեցուն էր հավատով ու մոտ ապագայի հանդեպ լուսավոր ակնկալիքներով: «It’s been a long, a long time coming, But I know a change gonna come, oh yes it will…»:  

Ասում են, որ այն գրեթե ակնթարթորեն է ծնվել ու նաև այն, որ Սեմ Քուկին պատկերվել էր երազում: Երգչի կենսագիր Պիտեր Գուրալնիկի մեկնաբանությամբ՝  երգը հույսի ունիվերսալ ուղերձ է, որը չի հնանում ժամանակի ու տարածության մեջ:

Հավանաբար նույն հոգեվիճակը, կամ միգուցե համբերության բաժակի ափնիբերան լցված լինելն էր պատճառը, որ Քուկը «A Change Is Gonna Come»-ի վերջնական աշխատանքների վրա էլ շատ ժամանակ չներդրեց: Ամեն ինչ ստացվեց արագ, հարթ, այնքան սահուն, որ առանձնապես մեծ միջամտությունների կարիք չզգացվեց էլ: Նման երգ ունենալու գաղափարը իրականում երգչի մոտ ծնվել էր ավելի շուտ, պարզապես ա՛յս դեպքն այն իրագործեց: Երգիչը տպավորված է եղել Բոբ Դիլանի «Blowin’ in the Wind» երգով (թողարկված 1962թ.): Այն լսելուց հետո Քուկը զարմացած ասել էր՝ «Սպիտակ տղա և  նման ե՞րգ» :

Սեմ Քուկն այս երգը ընդամենը մեկ անգամ է կատարել կենդանի ելույթով, որից հետո որոշել է չընդգրկել ծրագրում. երգը չափից դուրս տխուր ու ճնշող զգացումներ էր արթնացնում նրա մոտ և այդ պատճառով երգիչն այս ձևաչափում չէր տեսնում այն: Ձայնագրությունն արվեց 1964թ. հունվարի 30-ին՝ Ռենե Հոլի նվագախմբային գործիքավորմամբ, սակայն թողարկվեց ավելի ուշ:

 «A Change Is Gonna Come»-ը հանրությանը ներկայացավ նրա մահվանից ամիսներ անց և դարձավ իր լավագույններից մեկը: Այն թերևս Քուկի ամենաքաղաքական բողոքն էր՝ երաժշտության լեզվով: Այն ունի անհաշվելի քավըր-կատարումներ: Երգը բազմաթիվ անգամ հնչել է հայնտնի ու անհայտ հարյուրավոր երաժիշտների կողմից, այդ թվում՝ Բոբ Դիլանի, Օտիս Ռեդինգի, Արեթա Ֆրանկլինի, Ջորջ Բենսոնի, Էլ Գրինի, Թինա Թըրների, Բեթ Հարթի և այլոց:

1964թ. դեկտեմբերի 11-ին Սեմ Քուկի 33-ամյա կյանքն ավարտվեց մի կրակոցով, մինչ օրս չբացահայտված, տարօրինակ ու բազմաթիվ քննարկումների առիթ տված պատմությամբ: Շատերը, այդ թվում հայտնի երաժիշտ ընկերները, համոզված են սակայն, որ նրա սպանության պատճառը միմիայն ռասիզմն էր, որի դեմ նա դուրս էր եկել բաց ճակատով:

Բայց այն պայքարը, որի համար իր ճակատագիրը կիսողները ստիպված եղան անցնել դարերի միջով, իր մահվանից կարճ ժամանակ անց պսակվեց հաղթանակով: Այդ հաղթանակի մեջ անգնահատելի էր նաև այս երաժշտի դերը, դրա վառ ապացույցներից մեկն էլ երաժշտության մեջ թողած նրա հետքն էր, բազմաթիվ հետնորդները՝ մեկը մյուսից տաղանդավոր ու հետագայում լեգենդար համարվող արտիստներ, որոնց մեծ մասի համար ճանապարհ էր հարթել Սեմ Քուկը՝ համարձակության, ինքնավստահության ու իր ստեղծած արժեքների մեջ առաջնորդ լինելու  շնորհիվ:

 

Գլխավոր լուսանկարը՝ «Billboard» ամսագրի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ