HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Ռաֆտինգը՝ նոր խթան Լոռու զբոսաշրջության զարգացման համար

«Ռաֆտինգը կարող է դառնալ զբոսաշրջային նոր խթան Հայաստանի ու հատկապես Լոռու զբոսաշրջության զարգացման համար»,- ասում է Հայաստանում առաջին անգամ ռաֆտինգի ծառայություն մատուցող լոռեցի Գևորգ Վարդանյանը: Նա Lori travel տուրիստական ընկերության հիմնադիրն է:

Այսօր վաղ առավոտից Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում՝ Դեբետ գետի վրա առաջին զբոսաշրջային խմբերը փորձարկեցին ռաֆտինգը: 12 կմ երկարությամբ մշակված երթուղին՝ Թումանյանից Սանահին, ռաֆտինգի մասնակիցներն անցան 1 ժամ 20 րոպեում:

Մասնակիցների գերակշիռ մասն առաջին անգամ էր ռաֆտինգ իրականացնում: Ու եթե մեկնարկից առաջ որոշակի մտավախություններ ունեին, ապա վերջնակետին հասնելուց հետո կիսվում էին հիացական տպավորություններով:

«Շատ լավ էր, կարևորը տղաները՝ մասնագետները բավականին լավ պատրաստված էին»,- ասում է Ռոզա Կարապետյանն ու վստահեցնում՝ վտանգավոր ոչինչ չկա, բոլորը կարող են մասնակցել ռաֆտինգին:

Դեբբի Գրիսըրը, ով  ամերիկացի է, բայց արդեն երկու տարի է`  ապրում  է Երևանում, ասում է՝ այսօր անցկացրել եմ ամենազվարճալի ժամանցը՝ ժամանումիցս ի վեր, պարզապես հրաշալի օր էր:

Գ. Վարդանյանի խոսքով` գետի տվյալ հատվածը նախապես վրացի մասնագետների հետ փորձարկվել է ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի: Հաշվի են առնվել բոլոր ռիսկային կողմերը, ու գետն իր բարդության աստիճանով մասնագետների կողմից գնահատվել է 4 միավոր՝ 6 միավորանոց սանդղակում:

Այսօրվա բարեհաջող մեկնարկով ռաֆտինգի սեզոնը Լոռիում համարվեց բացված: Հունիսից ռաֆտինգի ծառայությունը մարզում կիրականացվի ամեն օր՝ կախված զբոսաշրջային ընկերությունների պատվերներից ու հետաքրքրվածությունից:

Ապագայում՝ հունիսի վերջին, զբոսաշրջային նոր ծառայություն մատուցող երիտասարդների թիմը նախատեսում է Լոռիում անցկացնել ռաֆտինգ-ֆեստ, որին կմասնակցեն ավելի քան 25 երկրներից ներգրավված թիմեր:

Ռաֆտինգային զարգացումները, սակայն, Լոռիում այսքանով չեն սահմանափակվի: Թիմը նախատեսում է պետական աջակցությամբ մարզում ստեղծել ռաֆտինգի կենտրոն, որը հագեցած կլինի անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ու գույքով:

Մինչ սեզոնի ավարտը աշխատանքային խումբը նախատեսում է ռաֆտինգի համար նախատեսված երթուղին հասցնել 30 կմ-ի: Ռաֆտինգի հայ մասնագետների պատրաստման համար առաջիկայում Հայաստան կայցելեն փորձագետներ Բրազիլիայից: Այս հարցում լոռեցիներին աջակցում է  ռաֆտինգի միջազգային ֆեդերացիան:

Այսօրվա ռաֆտինգի անցկացման հարցում Lori travel տուրիստական ընկերությանը աջակցում էին Թումանյանի ու Դեբեդի համայնքապետերը՝ Լևոն Ձավարյանն  ու Աշոտ Ղազարյանը, նաև այլ անհատներ ու կազմակերպություններ:

Բեսիկ Կավելաշվիլին, ով վրացական զբոսաշրջության ու մասնավորապես ռաֆտինգի ոլորտում մեծ փորձառություն ունի, Լոռու Դեբեդը համարում է ռաֆտինգի համար հարմար գետ:

Փորձագիտական թիմի անդամներից Մեհրաբը, ում ռաֆտինգի թիմը բազմիցս միջազգային մրցաշարերում զբաղեցրել է մրցանակային տեղեր, ասում է՝ ի տարբերություն Հայաստանի, ռաֆտինգը Վրաստանում բավականին զարգացած է:

Վրացի մասնագետները վստահեցնում են՝ տեղացի գործընկերներին աջակցելու են, որպեսզի ռաֆտինգը կայանա նաև Հայաստանում:

Մեկնաբանություններ (1)

Ram Segal
Hello! Our family will stay in Armenia in the middle of August. We would like to do Rafting with you. Could you tell me some detail about the route (we are looking for 1 day trip not more then that), prices and meeting point. We are 4 persons, Ages: 48,44,16,13 We did Rafting before but we are not proffesionals… Thank you very much in Advance! Ram

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter