HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական հրաբուխները, անգլիական նավերը եւ գերմանական ստրատեգները

(9 անավարտ վարիացիա հեղափոխական իրավիճակի մասին)

Որեւէ իրավիճակ արագ վերլուծելու համար կարեւոր է մտածել ոչ այնքան անուններով, ընդհանրապես՝ բովանդակությամբ, որքան իրավիճակային քարտեզներով: Հա՛տկապես արագ փոփոխվող, դինամիկ իրավիճակում հեշտ է խճճվել մանրամասների, ենթադրությունների մեջ, տրվել պահի տրամադրությանը, անձնական կամ խմբային համակրանքներին ու հակակրանքներին: Վերացարկումն այդ ամենից եւ իրավիճակը քարտեզի վերածելը թույլ է տալիս խուսափել այդ վտանգներից եւ բարդ թվացող հարցերը հանգեցնել ընդհուպ միչեւ պարզ թվաբանական խնդիրների: Պարտադիր չէ իմանալ քաղաքի բոլոր փողոցներն ու շենքերը. կողմնորոշվելու համար բավական է ունենալ քաղաքի գլխավոր պողոտաների, հրապարակների եւ խաչմերուկների գծագիրը:

Օրինակ, վերջին 10 տարիների ընթացքում հայաստանյան քաղաքական քարտեզը կարելի էր նկարագրել «երեք նախագահների եռանկյունի» գծագրի միջոցով, ուր երեքից երկուսի իրական կամ ենթադրյալ միավորումը մեկի դեմ ստեղծում էր քաղաքական իրավիճակների սյուժեներ, եւ ուր մյուս՝ ավելի փոքր խաղացողները տեղաշարժվում էին եռանկյունու երեք կետերի ձգողականության ուժի սահմաններում: Փոքր խաղացողներից շատերն իրենց քաղաքական կապիտալները կուտակել են՝ մանեւրելով այդ երեքի միջեւ: Շատերը տապալվել են, իսկ մյուսներն էլ հենց այդ կուտակած կապիտալով դուրս են եկել քաղաքական առաջին լիգայից՝ բարձրագույնը:

ԱԺ ընտրությունները վերջնական լուծում չեն

Այսօրվա իրավիճակային քարտեզի բանալի բառն է՝ երկիշխանություն:

Ունենք մի կողմից նոր կառավարություն, որն իր հերթին միաշերտ չէ, այլ մի քանի քաղաքական թիմերի փոխհամաձայնության արտացոլում է, մյուս կոմղից՝ ԱԺ-ում Հանրապետական մեծամասնություն, դատական իշխանություն, ընտրովի տեղական իշխանություններ, էլ չենք խորանում օլիգարխիայի (որի «արխ» երկրորդ արմատը հենց իշխանություն է նշանակում) եւ այսպես կոչված «չորրորդ իշխանության» քաղաքական վերահսկողության խորխորատներում:

Ի դեպ, մի կարեւոր ճշտում եւս՝ երբ շատերն ասում են ժամանակավոր կառավարություն, ապա պետք է հաշվի առնել, որ իրավականորեն ներկա կառավարությունը ժամանակավոր չէ, այլ լիարժեք, օրինական կառավարություն է, որը տեսականորեն կարող է կառավարել երկիրը մինչեւ հաջորդ հերթական ԱԺ ընտրություններ:

Որո՞նք են երկիշխանության վիճակի հնարավոր զարգացումներն ու լուծումները: Տարբերակներն իրականում այդքան էլ շատ չեն:

Շատերը որպես լուծում տեսնում են ԱԺ արտահերթ ընտրությունները:

Նախ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետն այս պահին բավականին անորոշ է թվում: Եթե այս հոդվածի հրապարակման պահին բան չփոխվի, վերջինը, ինչ տողերիս հեղինակը լսել է այդ թեմայով նոր վարչապետից, եղել է՝ «հուսանք ընտրությունները կլինեն այս տարի»: Այսինքն՝ նույնիսկ այս տարին դեռ պարզ չէ: Իսկ երկիշխանության պայմաններում «էս տարին», այսինքն՝ եւս մի քանի ամիսը շատ անկախատեսելի եւ մեծ ժամանակահատված է:

Երկրորդ՝ ընտրությունների բուն գործընթացն ինքնին բազմաթիվ անհայտներ ունի. իրապես ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու նպատակին հասնելու համար կառավարությունը շատ խնդիրներ ունի լուծելու՝ իրավական եւ քաղաքական, շատ շահեր պետք է հաշվի առնի, շատ շահեր էլ պետք է կարողանա անտեսել կամ «ջարդել»:

Եվ վերջապես նույնիսկ, եթե ընտրությունները տեղի են ունենում «ողջամիտ ժամկետում», եթե դրանք հանրության կողմից ընդունվում են որպես ազատ եւ արդար, եւ եթե դրանց արդյունքում ձեւավորվում է նոր կայուն մեծամասնություն, դա դեռ իրավիճակի լուծում չի ինքնին, այլ, ասենք այսպես՝ մեկ քայլ առաջ դեպի երկիշխանության հնարավոր հաղթահարում: Միայն ԱԺ-ում ուժերի դասավորվածությամբ չի որոշվելու իրական քաղաքական ուժային դասավորվածությունը: Մնալու է դեռ տնտեսական ազդեցության խնդիրը, մնալու է ԶԼՄ դաշտում ազդեցության խնդիրը եւ այլն, որոնք պակաս կարեւոր չեն: Այնպես որ ԱԺ ընտրությունները միայն գործիքներից մեկն է, բայց ոչ ինքնին նպատակ կամ հանգուցալուծում:

Ժամը 4-ին պատերազմ Անգլիայի դեմ

Չմոռանանք, ի դեպ, մեր քարտեզում նաեւ ՀՀ նախագահին: Շատերն էին ծաղրում եւ դեռեւս ծաղրում են նախագահի լիազորությունները նոր Սահմանդրությամբ: Այդ շատերը մոռանում էին, որ ընդհանրապես անգլիական թագուհին անլուրջ ֆիգուր է միայն գավառական հետսովետական պատկերացումներում, իսկ իրականում գուցե աշխարհում չկա ավելի լուրջ կարգավիճակ, քան Անգլիայի թագուհունն է: Պարզ է, որ մեր դեպքում «անգլիական թագուհին» միայն փոխաբերություն է, բայց նույնիսկ որպես այդպիսին դա ամենեւին էլ անտեսելի գործոն չէ:

Գործնականում, տեսանք, որ նոր նախագահը ճգնաժամային իրավիճակում բավականին աշխուժորեն ներգրավվեց գործընթացներում՝ հանդիպումներ, կոչեր, միջնորդի դեր, վերջապես՝ ըստ շատերի, նույնիսկ որոշակի մասնաբաժին նոր կառավարությունում: Ես ուշադրություն կհրավիրեի նաեւ այն հանգամանքին, որ նախագահի` տարածված մի քանի տեքստերում զգացվում է յուրահատուկ քաղաքական հայեցակարգ (օրինակ, համայն հայության նախագահ լինելու հավակությունը): Այնպես որ կսխալվեն նրանք, ովքեր հաշվի չեն առնի նաեւ նախագահի դիրքը ու հնարավորությունները թե՛ խաղին միջամտելու, թե՛ մի օր սեփական խաղ սկսելու առումով:

Երկիշխանություն, դիկտատուրա, համերաշխություն

Երկիշխանությունը տեսականորեն ունի լուծման երեք տարբերակ:

ա. Երկիշխանության տեւականացում,

բ. «Հեղափոխական դիկտատուրա» (ուժային լուծում),

գ. «Համերաշխության քաղաքականություն» (խաղաղ լուծում):

Առաջին տարբերակն, իհարկե, միայն պայմանական իմաստով ենք ընդգրկել լուծումների շարքում: Իրական տարբերակները երկուսն են, իսկ երկիշխանության տեւականացումն իր բացարձակ դրսեւորման մեջ պետության կոլապսն է:

Եվս մի կարեւոր ճշտում: Երեք կետն էլ պետք է հասկանալ ոչ թե բացարձակ իմաստով, այլ որպես միտումներ, որոնք կարող են զարգանալ այս կամ այն ուղղությամբ, նաեւ փոխլրացնել միմյանց՝ միևնույն իրավիճակում ներկայացված լինելով միաժամանակ՝ ամեն մեկն իր չափով: Այսինքն՝ ամեն մեկը ոչ թե անշարժ ու ինքնամփոփ ինքն իր մեջ երեւույթ է, այլ դինամիկ տարր, որը կարող է նվազագույնից հասնել բացարձակ դրսեւորման՝ անընդհատ փոխելով իր չափաբաժինն ընդհանուր քարտեզում:

Օրինակ, երկիշխանության տեւականացման ներքին միտումն է վերածվել եռիշխանության, քառիշխանության ... բազմիշխանության, անիշխանության: Բայց դա չի նշանակում, որ այդ բոլոր կետերը պարտադիր հերթով իրականանալու են:

«Դիկտատուրան» կարող է սկսվել նվազագույն ուժային ցուցադրումից եւ ավարտվել բացարձակ մենիշխանության հաստատմամբ:

«Համերաշխության» քաղաքականության բացարձակ միտումն անվանենք «Միասնություն» դաշինք»:

Երրորդ ուժի բացառման օրենքը

Եթե այսօրվա Հայաստանի քաղաքական իրավիճակը նկարագրելի լիներ միայն Նիկոլ – ՀՀԿ բախում սխեմայով, ինչպես որ շատերս պատկերացնում ենք, ապա այս հոդվածը գրելու իմաստ էլ չէր լինի:

Բայց ինչպես նշեցինք, ժամանակի մեջ երկարացված երկիշանությունն ինքնին եռիշխանության-քառիշխանության-բազմիշխանության վերածվելու միտում ունի, քանի որ երկուսի պայքարն, անխուսափելիորեն թուլացնելով երկուսին էլ, ուժի պակասուրդ է ստեղծում, որն էլ լցվում է երրորդով: Սա արդեն այն պարզ թվաբանական խնդիրն է, որն ակնարկել ենք հոդվածի սկզբում:

Մենք երրորդ ուժ ենք կոչում այն խմբին, որը, այլ խմբերի հետ մրցակցության մեջ հաղթելով կամ միավորվելով նրանց հետ, կկարողանա երկիշխանության երկարացման պայմաններում իշխանություն դառնալու հայտ ներկայացնել: Կլինեն նաեւ այլ խմբեր, որոնք կպայքարեն ոչ թե բուն իշխանության, այլ սեփական ազդեցության տարածման կամ օրակարգեր պարտադրելու համար՝ խայտաբղետ դաշինքներ կնքելով իշխանության հավակնորդների հետ:

Բացի այդ անպայման պետք է հաշվի առնենք, որ հանուն Սերժ Սարգսյանի տապալման միավորված ուժերն ամենեւին էլ միատարր չէին, եւ ժամանակի ընթացքում հեղափոխական միավորումը նույնպես ճաքեր է տալու, եւ այլեւայլ խմբեր ու անհատներ հեղափոխական ճամբարից նույնպես կարող են միանալ «խրախճանքին»: Այսօր իսկ ուշադիր հայացքին կարող են որոշ չափով տեսանելի լինել հնարավոր ճաքերի մի քանի ուղղություններ: Թուրքերենից փոխառած, բառացի «ճաք» նշանակող եւ արդեն իսկ մեր քաղաքական բառապաշարի մեջ մտած «չաթլախ» բառը կարող է լավագույնս նկարագրել այս հնարավոր իրավիճակը՝ «հեղափոխության չաթլախներ»:

Որքան երկար տեւի երկիշխանությունը, եւ որքան ավելի երկուսը խորանան միմյանց դեմ պայքարի մեջ, այդքան մեծանում են երրորդների, ապա՝ չորրորդների եւ հաջորդների հնարավորությունները:

Auctoritas principis

Պարզ է, որ եթե կա իշխանության համար պայքար, ապա այն ունի լուծման երկու տարբերակ՝ ուժով կամ համաձայնությամբ:

Ուժային լուծումը կոչեցինք «դիկտատուրա»: Տվյալ դեպքում մենք օգտագործում ենք սա զուտ որպես տեխնիկական եզր՝ առանց գնահատականի:

Ընդհանրապես դիկտատուրան պետք չէ շփոթել բռնապետության («տիրանիա») հետ: Դիկտատուրան իր սկզբնական իմաստով նշանակում է կառավարում արտակարգ իրավիճակում եւ արտակարգ միջոցներով: Դասական իմաստով դիկտատուրան դրսեւորվում է ճգնաժամի պայմաններում՝ երբ կա իշխանություն պահելու, իշխանությունն ամբողջացնելու, նախկին իշխանության դիմադրության հաղթահարման, արտաքին վտանգի խնդիր եւ այլն: Դիկտատուրան նաեւ ֆորմալ եւ պահպանողական լեգալության հաղթահարման միջոց է հանուն քաղաքական լեգիտիմության, քանի որ հեղափոխական իրավիճակներում իրավականը՝ լեգալությունն ու քաղաքականը՝ լեգիտիմությունը հաճախ կարող են հակասել միմյանց:

Կայուն համակարգում դիկտատուրայի հող չի լինում: Պետք է հստակ հասկանալ, որ դիկտատուրա, թե դեմոկրատիա երկընտրանքը չի լուծվում ո՛չ ցանկություններով, ո՛չ օրենքով, ո՛չ դարաշրջանով, այլ պարտադրվում է քաղաքական իրավիճակներով:

Դիկտատուրան տվյալ դեպքում նշանակում է երկիշխանության վերացմանը կամ թուլացմանն ուղղված ուժային գործողություններ: Ուժային գործողությունն ինքնին ունի շատ լայն սահմաններ՝ սկսած ուժի ցուցադրումից մինչեւ զինված գործողություն: Առաջին դեպքում դիկտատուրան մի փոքրիկ տարր է, որը կարող է եւ չիմաստավորվել որպես այդպիսին:

Օրինակ, երբ մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով դիմեց անհնազանդության ցույցերը դադարեցնելու կոչով դա շատ փոքրիկ, նվազագույն, բայց ուժի ցուցադրում էր, այսպես ասած` մի րոպեանոց թավշյա դիկտատուրա: Դա ուժային ցուցադրում էր ժպիտը դեմքին, հորդորի տեսքով: Նիկոլի կոչը հասավ իր նպատակին, որովհետեւ դրա ուժն այս պահին վարչապետի ունեցած հեղինակության բարձրագույն մակարդակն է: Հեղինակությունը նույնպես ուժ է, բայց իհարկե, դա նույն ուժը չէ, ինչ ոստիկանական մահակը: Ըստ իշխանության մասին հին հռոմեական պատկերացումների` հեղինակությունը (Auctoritas) խորհդրից ավելի կոշտ, բայց հրամանից ավելի մեղմ ուժ է, որի գլխավոր կրողը Հռոմեական Հանրապետության շրջանում Սենատն էր, իսկ կենցաղում` ընտանիքի հայրը:

Եթե Նիկոլի հեղինակության ուժը չլիներ բարձրակետի վրա, եւ նրա հորդորը չհասներ իր նպատակին՝ նա ստիպված էր դիմելու ուժի ավելի «բիրտ» դրսեւորումների կամ նահանջել: Պարզ է, որ նույն իրավիճակում մեկ այլ քաղաքական առաջնորդ, չունենալով Փաշինյանի հեղինակության պաշարը, ստիպված էր լինելու կամ դիմել ուժային ավելի կոշտ միջոցների, կամ էլ անտեսել իրավիճակը:

Vom Kriege

Մեր բերած օրինակում նորընտիր վարչապետն ի զորու եղավ խնդիրը լուծել նվազագույն եւ թավշյա ուժային գործողությամբ: Բայց ամեն կռիվ չէ, որ այդքան հեշտ լուծում ունի այդ թվում եւ Փաշինյանի համար:

Կռիվը սկսելը, թե չսկսելը մեծամասամբ դեռ կախված է սկսողի կամքից՝ կարելի է որոշել կռիվ սկսելու պահը, ձեւը եւ այլն: Բայց թեկուզ այն պատճառով, որ կռիվը երկկողմանի գործընթաց է, ապա այն պահից, երբ դա արդեն սկսվել է, դրա տեւականությունը, ձեւերը, ուժգնությունը եւ այլն արդեն միայն սկսողից չեն կախված, այլ առնվազն նաեւ հակառակորդի դիմադրողականությունից: Իսկ որքան ավելի երկար է տեւում կռիվը, այնքան ավելի բարձրանում է այլեւայլ անկանխատեսելի հանգամանքների, նաեւ՝ երրորդ կողմերի կշիռը:

Կռիվն ունի իր տրամաբանությունը, իր կանոնները, որոնք խախտելն արդեն մեր ցանկությամբ ու որոշմամբ չէ: Օրինակ, եթե նպատակի հնարավոր չի լինում հասնել պայմանական 1 միավոր ուժի կիրառմամբ, ապա պարտության սպառնալիքի տակ, պետք է կիրառես 2 միավոր, 3 միավոր եւ այսպես շարունակ: Եթե հակառակ կողմի դիմադրությունը չի հաջողվում հաղթահարել արագ եւ քիչ զոհերով, ապա դու կամ պարտվում ես, կամ ստիպված ես կիրառել շատ ավելի ուժ, քան ի սկզբանե պատկերացրել ես: Ի վերջո հաղթելու համար անհրաժեշտ ուժի եւ զոհերի քանակը կարող է սկզբնական նպատակի ենթադրելիք օգուտներից ավելի թանկ գին ունենալ:

Երազներ եւ իրականություն

Եվ պակաս կարեւոր չէ կռվացնողների հանգամանքը:

Հանրության զգալի մասի ցանկությունն է, որ նոր վարչապետը հնարավորինս շուտ լուծի ՀՀԿ-ի հարցերը:

Քաղաքական սուբյեկտներից շատերի ցանկությունն է՝ ճակատային կռիվը Նիկոլի եւ Հանրապետականի միջեւ:

Նախորդ շարադրանքից արդեն պարզ պետք է լինի, որ իրական քաղաքական քարտեզը միայն երկուսը չեն, որ կա իշխանության հավակնություններով երրորդ ուժի ձեւավորման հավանականությունը, որ կան նաեւ բազմաթիվ խմբեր ու խմբակներ՝ ամեն մեկն իր ազդեցությունը ծավալելու նպատակով: Այսպիսով՝ երկուսի ճակատային կռիվը, եթե դրա արդյունքը չի լինելու կայծակնային եւ ամբողջական հաղթանակ, այլ պայքարը ստանալու է տեւական ու դիրքային բնույթ, մաշեցնելու է երկու հակամարտող կողմերի ուժերը, եւ երրորդ ուժի համար ստեղծելու է գլուխ բարձրացնելու առավել բարենպաստ միջավայր: «Հետեւաբար երրորդ ուժի/ուժերի շահից էլ, բնականորեն, պետք է բխի ճակատային կռվի հրահրումն այսօր ու այստեղ:

Բայց այսքան պարզ չէ նպատակը: Ոչ միայն երկուսի տեւական կռիվը, այլեւ այդ կռվում կողմերից մեկի հաղթանակն իսկ կարող է որոշակի պայմաններում ձեռնտու լինել պոտենցիալ երրորդներին: Իհարկե պայմաններից կարեւորը՝ կռվի ոչ կայծակնային, այլ տեւական բնույթը, այսինքն՝ հաղթանակի թանկ գինը: Նիկոլի ձեռամբ՝ վերջնականապես ծնկի բերել ՀՀԿ-ին իր ոչ միայն քաղաքական, այլեւ՝ տնտեսական, մեդիա եւ այլ կարողություններով, եւ հետո պայքարից անխուսափելիորեն թուլացած հաղթողի դեմ բացել նոր ճակատ՝ նոր, ավելի բարենպաստ պայմաններում, կարող է գոնե տեսականորեն վատ ծրագիր չթվալ քաղաքական պայքարի սուբյեկտներից շատերին: Այլ բան է, որ իրենք կարող են երազախաբ լինել ճիշտ այնպես, ինչպես արդեն երազախաբ են եղել շատերն, օրինակ, «երջանկահիշատակ» Կարեն Կարապետյանը:

Սրանք տարբերակներ են, կանխատեսումներ չեն: Բայց տարբերակներ, որոնք պետք է հաշվի առնվեն: Մարդիկ եւ խմբերը կարող են ունենալ նման հաշվարկներ: Այդ հաշվարկները կարող են սխալ լինել, կարող են հիմնված լինել, օրինակ, Նիկոլի ներուժի թերագնահատման վրա, բայց դա չի նշանակում, որ նման հաշվարկները չեն կարող գոյություն ունենալ, եւ գոյություն ունենալու փաստով իսկ գործոն լինել, որոշակի ազդեցություն թողնել գործընթացների վրա:

Պատրանքների ավարտը

Ավելին էլ կա:

Բազմակողմանի կռվում կարեւոր է մանեւրելու դաշտը: Հայաստանի քաղաքական դաշտն իր բազմաբեւեռությամբ հնարավորություն է տվել մանեւրելով, կապիտալ դիզել ոչ միայն խոշոր, այլեւ միջին խաղացողներին: Բոլորի քաղաքական կենսագրությունը մեր աչքի առջեւ է, եւ ինչպես նշեցինք հոդվածի սկզբում առաջին լիգայի նախկին խաղացողներից որոշները դուրս են եկել բարձրագույն լիգա` մանեւրելով վերջին 10 տարվա քաղաքական քարտեզի մեծ բեւեռների շուրջ: Խոշորներն էլ իրենց հերթին նույնպես ստացել են տեւական խաղի կարողություն` շնորհիվ նույն մանեւրի դաշտի:

Այսօր նույնպես կարեւոր է մանեւրի ռեսուրսը: Երբ մրցակիցը մեկը չէ, այլ մի քանիսն են, ընդ որում ոչ բոլորն են խաղում բացահայտ, ու ոչ բոլորի դիրքն է պարզ այս պահին եւ հեռանկարում նախապես չես կարող իմանալ, թե ո՛ր պահին, ո՛ր մեկի հետ աննուղղակի կամ ուղղակի, ժամանակավոր, թե տեւական դաշնակցությամբ կարող ես չեզոքացնել մյուսներին: Նոր վարչապետի հեռահար քաղաքական նպատակը ապահով ու ամուր գերիշխանության հաստատումն է բոլոր բեւեռների նկատմամբ (բացարձակ մենիշխանություն Հայաստանում չի եղել եւ հնարավոր չէ): Այդ նպատակին հասնելու համար պետք է ոչ թե բեւեռներից մեկի կամ բոլորի ոչնչացումը, այլ նոր, կայուն սահմանների գծումը բոլորի համար:

Այն, որ նոր վարչապետն ընտրել է համերաշխություն կարգախոսը եւ հավատարիմ է մնում դրան, ցույց է տալիս, որ նա, ունենալով բազմաբեւեռ դաշտում խաղալու առնվազն 11-ամյա փորձ, չի պատրաստվում ճակատային կռվի մեջ մտնել հատկապես հանուն երրորդ ուժի:

Կարծես թե նույնը որոշ չափով հասկանում է նաեւ «երկրորդ կողմը», որքան էլ այն իրապես ունի կամ չունի ռեւանշի լուրջ պլաններ:

Բոլորը՝ երկրորդները, թե երրորդները, պետք է հասկանան՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր երեւույթ չէ: Նա ոչ հեշտ մրցակից է, ոչ էլ մանիպուլյացիայի ենթակա դաշնակից: Նա ոչ մեկի գործիքը չէ, նույնպես չի կարող լինել՝ ոչ «կիրթ» բալաների, ո՛չ ծեր ինտրիգանների, ո՛չ վարդագույն ուղեղներով երիտասարդների, ո՛չ էլ սուպեր քաղաքագետների: Այդ մարդիկ պարզապես չափից ավելի կենտրոնացած են իրենց անձերի վրա, եւ չեն ճանաչում իրական Նիկոլին:

Alter Fritz

Երկարատեւ խաղում, որպիսին մերն է, կարեւոր են լրիվ այլ որակներ, այլ տեմպ, այլ մտածողություն, քան կարճատեւում: Պետք է ճիշտ բաշխել ունեցած ներուժը, պաշտպանվելու եւ գրոհելու պահերը: Սա ոչ ֆուտբոլ է, ոչ բոքս է, ոչ էլ նույնիսկ շախմատ: Լավագույն սպորտային օրինակը «թեստ կրիկետն է», ուր մի խաղը կարող է տեւել մինչեւ 5 օր (ամեն օր 6 ժամ մաքուր խաղային ժամանակով), եւ ուր գնդակ հետ մղող խաղացողը միաժամանակ համ պաշտպանվում է, համ գրոհում՝ հաղթելով միայն այն դեպքում, եթե կարողանում է ճիշտ պահել երկու նպատակների համաչափությունը:

Այս կռիվը ձեր/մեր իմացած «զա Ռոձինու, զա Ստալինա» մսաղացը չէ: Այստեղ անհրաժեշտ են իրապես մեծ զորավարի, օրինակ, Յոթնամյա պատերազմում Ֆրիդրիխ Մեծի որակները, որը, սահմանափակ ռեսուրսներով կռիվ տալով մի քանի ճակատի վրա, կարողացավ հաղթել` համադրելով ծայրահեղ զգուշավորությունն ու սառը հաշվարկը եւ խելահեղության սահմանին հասնող համարձակությունը:

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
ՀՀ քաղաքական զարգացումների մասին վերջին մեկ ամսվա ընթացքում իմ կարդացած հոդվածներից ամենախորաթափանցն ու ծանրակշիռն է, որը տրամաբանական պատասխաններ է տալիս առկա «ինչո՞ւ»-ներին և «ինչպե՞ս»-ներին, նաև բազմաթիվ այլ հարցերի: Կարծում եմ այս հոդվածը դեռ շատ երկար ժամանակ ակտուալ կլինի իր վերլուծությունների բավականին մեծ ճշգրտության շնորհիվ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter