HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրազիլիայից` հեղափոխական Հայաստան, կամ ՀՀ քաղաքացիություն ստանալուն սպասելիս

Անի Գևորգյան

Բրազիլիայում ծնված ու մեծացած 23-ամյա Նաիրի Զատիկյանը երեք ամիս առաջ էր Սան Պաուլոյից տեղափոխվել Հայաստան ու անսպասելի դարձել, ինչպես ինքն է ասում, Հայաստանի համար պատմական իրադարձությունների մի մասը: Նաիրին պատմում է Թավշյա հեղափոխությունից ստացած իր տպավորությունների մասին, բայց նաեւ նշում է, որ փողոցները փակելով ու պարելով` դեռեւս մեկ տարի առաջ ինքը եւ իր ընկերները բողոքի ցույց էին արել Բրազիլիայի մոտ 12 մլն բնակչություն ունեցող քաղաքում:

«Անցած տարվա ապրիլին, Ցեղասպանության օրվան ընդառաջ, մենք 6-7 ընկերներով դուրս եկանք Սան Պաուլոյի ամենամեծ ու կարեւոր փողոցը` Պաուլիստան եւ այնտեղ քոչարի պարեցինք: Դա շատ տպավորեց անցորդներին, եւ շատ բրազիլացիներ հենց այդ օրն իմացան Հայոց Ցեղասպանության մասին»,- պատմում է Նաիրին, ով հենց «հեղափոխական» օրերին` ապրիլի 28-ին, դիմում է ներկայացրել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: 

Նաիրի Զատիկյան. «Ես ծնվել ու մեծացել եմ Բրազիլում` Սան Պաուլոյում, ունեմ երկու քույր եւ եղբայր: Մի քանի ամիս առաջ հասկացա, որ պետք է գամ Երեւան ու այստեղ կազմակերպեմ իմ կյանքը»:

«Այս լուսանկարն արվեց այն պահին, երբ իմացանք, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Իրականում ես չէի հավատում, որ նման խաղաղ ճանապարհով հնարավոր կլինի հասնել նրա հրաժարականին: Ես շատ լավ գիտեի Հայաստանի բոլոր խնդիրների մասին եւ գիտեի, որ այդ իշխանությունները թքած ունեն բողոքների վրա»:

 «Քույրս զանգեց, ասեց` Նաիրի, քաղաքում ցույցեր են սկսել, արի գնանք: Ու մենք գնացինք: Շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչ է կատարվում, մարդիկ ինչ են ուզում»:

«Հայաստան նախորդ այցելություններիս ընթացքում տպավորություն էի ստացել, որ ակտիվ երիտասարդները քիչ են, փոքրամասնություն են, նրանց մեծ մասը պասիվ է ու անտարբեր: Բայց այս օրերին հայ երիտասարդության մասին տպավորություններս շատ փոխվեցին»:

«Այս լուսանկարն արված է անցած տարվա ապրիլին, երբ մենք Պաուլիստա փողոցում քոչարի էինք պարում»:

«Երեւանյան բողոքի ցույցերի ժամանակ շատերն ինձ հարցնում էին` հրաշք երկրից ես դուրս եկել, ինչու ետ չես վերադառնում: Ֆիլմերի պատճառով բոլորը կարծում են, թե Բրազիլում հրաշք է: Բայց ես շատ անկեղծ եմ լինում եւ բացատրում եմ, որ այնտեղ էլ խնդիրներ կան: Իրականում Հայաստանի եւ Բրազիլի վիճակն իրար նման է: Այնտեղ էլ մարդիկ շատ դժգոհ են կառավարությունից, աղքատությունը մեծ թիվ է կազմում, աշխատանք չկա»:

«Ես շատ եմ ուզում, որ նոր կառավարությունը կարողանա անել այնպես, որ սփյուռքահայերը Հայաստան գան ոչ միայն երազանքներից կամ հայրենասիրությունից դրդված»:

«Հեղափոխական օրերից իմ ստացած ամենաուժեղ տպավորությունն այն օրվանից է, երբ  «Դալմա» մոլի մոտ կանգնած` ես, քույրս ու հորաքույրս երթուղային էինք սպասում ու տեսանք, որ մեզ մի երթ է մոտենում: Ու այդ զգացողությունը, երբ մի մեծ երթ շարժվեց դեպի մեզ, մենք մտանք այդ երթի մեջ ու սկսեցինք իրանց հետ քայլել, դարձանք մի մեծ բանի մասնիկ, անհավանական էր: Դա մի աննկարագրելի զգացողություն էր»:

«Օրվա վերջում, երբ ցույցերից հետո տուն էի վերադառնում, ոնց որ մի երազ ապրած լինեի, չէի կարողանում ընկալել, որ այդ ամենը իրական էր»:

«Ես չունեմ «Դուխով» գլխարկ կամ շապիկ: Ինձ համար «Դուխովը» միայն միջոց է: Իմ կարգախոսը Ազատ եւ Արդար Հայաստանն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter