HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Միհրան Պողոսյանի Պանամայի օֆշորների գործը պետք է վերաբացել

ԴԱՀԿ ծառայության պետ, արդարադատության գեներալ Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ «Հետքի» հետաքննության հրապարակումից հետո Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց եւ որոշ ժամանակ հետո այն «փակվեց»։ Իսկ սկանդալի մեջ հայտնված գեներալը դարձավ Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր։

Ակնհայտ էր, որ ՀՔԾ-ն քննություն չի իրականացրել, որովհետեւ նույնիսկ չեն դիմել մեզ գործին առնչվող փաստաթղթերին ծանոթանալու համար։ Իսկ այդ փաթեթում առկա են Միհրան Պողոսյանի ընկերություններին վերաբերող հարյուրավոր փաստաթղթեր, նամակագրություններ, շվեյցարական բանկերում ունեցած հաշիվների մասին տեղեկություններ։ Բազմիցս գրել ենք, որ ՀՔԾ-ն «փակել» է այս գործը։ ՀՔԾ-ն խմբագրությանն այդպես էլ չտրամադրեց կարճման որոշումը։ Այդ որոշումը չի տրամադրում ու չի հրապարակում մի պատճառով՝ ակնհայտ կդառնա, որ քննություն չի իրականացվել։ Ակնհայտ կդառնա, որ ՀՔԾ-ն «Պանամայի փաստաթղթերը» ձեռք չի բերել եւ չի էլ փորձել դա անել, ավելին՝ Շվեյցարիային իրավական օգնության խնդրանքով դիմելուց հետո ոչ թե մերժվել է, ինչպես նշել են, այլ սխալ է լրացրել փոխօգնություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։

Նման գործը կարող էր փակվել երկու դեպքում՝ կա՛մ Սերժ Սարգսյանի հրահանգով, կա՛մ էլ մեծ չափի կաշառք ստանալու դիմաց։ Սա այն դեպքերից է, երբ երկուսն էլ եղել են։ Այսինքն՝ և՛ Սերժ Սարգսյանի հրահանգն է եղել,  և՛ կաշառք՝ ՀՔԾ-ին՝ քննություն չիրականացնելու դիմաց։ Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանի քեռիները՝ Գրիշա եւ Միխաիլ Հարությունյանները Սերժ Սարգսյանի մոտ ընկերներն են։

Այժմ ունենք արդարադատության նոր նախարար։ Եւ նոր նախարար Արտակ Զեյնալյանը կարող է դիմել Շվեյցարիայի համապատասխան մարմիններին եւ տեղեկություններ ստանալ Միհրան Պողոսյանի, նրա քեռիների՝ Միխաիլ եւ Գրիշա Հարությունյանների, Միխաիլ Հարությունյանի որդու՝ պատգամավոր Վահան Հարությունյանի շվեյցարական բանկերում ունեցած հաշիվների եւ փողերի մասին։ Դրանք պետք է վերադարձնել պետության բյուջե։ Ինչպես կասեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ուրեմն, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պարտավոր է օգտագործել շանսն ու վերաբացել Միհրան Պողոսյանի օֆշորների գործը։

Մեկնաբանություններ (5)

Աիդա Աղաջանյան
Արդեն 2 տարի կլինի, քառօրյայից հետո բոլորս ցնցվեցինք Մ Պողոսյանի , նախկին պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գործած հրաշքներկց։ Կարծում եմ պարոն Զեյնալյանը ոչ միայն հրատապ պիտի բացի օֆշորներում հանգրվանած գեներալի գործը, այլ նաև քր գործ հարուցի ՀՔԾ պետի մասով,ով խնամիական երևի թե պատճառներով փակել, միգուցե և վերացրել է կարևոր փաստեր։ Արդարադատությունը պիտի արդար լինի բոլորի համար ու մինչև վերջ,որ ոչ ոք չթաքնվի կաշառքի կամ հանրապետականի ներքո։ Կաշառքն ու հանրապետականը այստեղ համարժեք են։ Շատ խորն են տարածվել հանրապետականի արմատները, նույնիսկ մինչև ,, վեհափառ,, որի համար շատ եմ ցավում։ Բայց նաև հպարտանում եմ հետք.ամ- ի հետազոտող ու անաչառ լրագրողներով ,որի համար շնորհակալ եմ։
Նելլի Ղուկասյան
Միհրան Պողոսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար մեծ ջանքեր պետք չեն` հարկավոր է միայն կամք։ Այո՛, նրա թալանածը պետք է վերադարձվի ՀՀ բյուջե, քանի որ նրա և նմանատիպ այլ սրիկաների պատճառով է, որ Եվրոդատարանը ՀՀ-ի դեմ վճիռներ է կայացնում և արդյունքում նրանց գողացածի համար պատասխանատվություն են կրում ՀՀ քաղաքածիները։ 2010թ-ին ԴԱՀԿ-ը բռնի կերպով վտարեց «Միլանո» խանութին իր սեփական տարածքից՝ առանց ունենալու դատարանի վճիռ՝ բռնազավթելով 2մլն դոլարի գույք։ Արդունքում «Միլանո»-ն զրկվեց իր անշարժ և շարժական գույքից առանց որևէ փոխհատուցման։ Այդ ապօրինի գործարքում ներգրավված էին պետական տարբեր մարմիններ ու պաշտոնատար անձինք՝ ոստիկնապետ՝ Ալիկ Սարգսյանը, Երևան քաղաքի վարչության պետ՝ Ներսիկ Նազարյանը, տխրահրչակ քաղաքապետ՝ Կարեն Կարապետյանը։ «Հետք»-ը պարբերաբար անդրադարձել է «Միլանո»-ի գործին և այն ևս մեկ խոշոր ապօրինություն է իրականացված Միհրան Պողոսյանի և իր ղեկավարած կառույցի կողմից։
Տ. Մարգարյան
Մ. Պողոսյանի գործը, ակնհայտ է, որ պատվերով համերգ էր: Դա մի քանի սյուժեներ ունի, եթե նոր իշխանությունը ցանկություն ունենա հարցին օրինականության տեսանկյունից մոտենալ. առկա է փողերի լվացում (Panama papers բոլոր հերոսները իրենց երկրներում պատասխանատվության են ենթարկվել ու շարունակվում են ենթարկվել այս հանցատեսակով), ՀՀ ՔՐ. Օր-ի 205 հոդված: Սա առնվազն Պողոսյանի մասով: ՀԿԾ քննիչը և հոսկող դատախազը՝ պաշտոնական դիրքի չարաշահում՝ ամենաքիչը: Կաշառքի հարցը՝ պետք է քննել: Ի դեպ, նոր Վարչապետի քրեական քաղաքականությունը այս գործով չի գործում. հանցագործությունն ակնհայտ է, բացահայտված չէ, վաղեմություն կամ համաներում չկա:
Անգելինա Գասպարյան
Ուղարկում եմ երկրորդ անգամ խմբագրված տեսքով: Մեկ տարի առաջ քրեական գործ եմ հարուցել ԴԱՀԿ ծառայության դեմ: Դիմել եմ նոլոր հնարավոր ատյաններին. դատախազություն, Արաբկիրի առաջին ատյանի դատարան, ՀՔԾ, Վերաքննիչ դատարան, Վճռաբեկ դատարան, Վարչական դատարան: Սակայն այդ ամենը ապարդյուն է, քանի որ այդ հանցագործությունը կատարվել էր Միհրան Պողոսյանի օրոք: ԴԱՀԿ ծառայությանը ներկայացրել էի կատարողական թերթը, դատական որոշումն ու դատավճիռը, որոնք ոչ մի արժեք չեն ներկայացնում այդ կաշառակեր կառույցի համար: Ակնհայտ է, որ այդ կառույցը հիմնականում կատարում է մի գործառույթ. Մսխել, թալանել ՀՀ քաղաքացու ունեցվածքը՝ բաժանելով միմյանց միջև հայտի մեխանիզմներով:
Արտյոմ
ԱՕԿՍ-ի շենքի գործը մի մոռացեք..., հարգելի ՞Հետք՞:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter