HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փայլակ Հայրապետյանը դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո վարչապետ,

Նախ շնորհավորում եմ համաժողովրդական հեղափոխության հաղթանակի, Ձեր ՀՀ վարչապետ ընտրվելու առթիվ և ցանկանում եմ Ձեզ և կառավարությանը մեծ հաջողություններ հանուն Հայաստանի հանրապետության և Հայ ժողովրդի:

«Օֆշորային»  հանրահայտ գործով Աշոտ Սուքիասյանի և նրա «գործընկերների» կողմից իմ ունեցվածքը թալանելու վերաբերյալ հարուցված է քրեական գործ: Էրեբունի Նուբարաշեն համայնքների դատարանի կողմից Ա. Սուքիասյանը հանցավոր է ճանաչվել խարդախությամբ իմ ունեցվածքը թալանելու, փողերի լվացման և հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելու համար: Դուք գործին տեղյակ եք ընդհանուր առմամբ, ուստի սույն դիմումում Ձեզ ներկայացնում եմ ինձ հայտնի հանգամանքները, որոնց մինչ օրս պատշաճ կարգով ընթացք չի տրվել:

Ձեզ դիմելու շարժառիթն այն է, որ հարցին առնչվում են ՀՀ նախկին վարչապետ  Տ. Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Ս. Կճոյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանը:

Գտնում եմ, որ այս անձանց առկայությամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ իմ Սահմանադրական իրավունքները չեն վերականգնվում, ինձ պատճառված վնասները չեն հատուցվում, «Ամերիաբանկ»-ի կողմից շարունակվում են իմ գույքի ապօրինի բռնագանձումները և օտարումները:

Ես միշտ այն կարծիքի եմ եղել, որ Աշոտ Սուքիասյանը մեն մենակ չէր կարող նման մասշտաբի խարդախություն և փողերի լվացում կազմակերպել և վերջին շրջանում ի հայտ եկած փաստերը հաստատում են, որ դա իրոք այդպես է, կատարված խարդախության և փողերի լվացման ամբողջ պատկերը լրացավ, երբ հայտնի դարձավ, որ Կիպրոսի օֆշորային գոտում «WLISPERA HOLINCS LIMITED» կազմակերպությունը Ա.Սուքիասյանը հիմնադրել է ՀՀ նախկին վարչապետ Տ. Սարգսյանի և հոգևորական Ս. Կճոյանի հետ միասին:

Վերլուծելով առկա փաստերը կրկին համոզվում ես, որ այս ամբողջ պատմությանը մասնակից են ՀՀ նախկին վարչապետ Տ. Սարգսյանը և Ս. Կճոյանը:

Այդ համոզմունքին եմ եկել նաև հետևյալ փաստերից ելնելով:

Նախ Ա. Սուքիասյանը, Ս. Կճոյանը և Տ. Սարգսյանը մտերիմներ են, երկար ժամանակ իրար հետ կապված են ընտանիքներով, քավոր սանիկ կապերով և այլն, թանկարժեք նվերներ են տալիս միմյանց, այդ ամենը իրենք նույնպես չեն կարող ժխտել, քանի որ այդ երեքի հետ բազմիցս Ա. Սուքիասյանի տանը հանդիպել ենք տարբեր միջոցառումների, Ճաշկերույթների ժամանակ (ես անձամբ բազմիցս մասնակցել եմ):

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ կարևոր փաստերի վրա:

 Այդ մտերմության առկայության պայմաններում ինձ և մյուսներին 2009թ. նոյեմբեր ամսին հրավիրում են ՀՀ կառավարություն, որտեղ Ա. Սուքիասյանը և էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանը ներկայացնում են Ա. Սուքիասյանի ծրագիրը, ըստ որի հանրապետությունում պետք է ստեղծվի 10 հազար աշխատատեղ, ադամանդագործությամբ զբաղվող ձեռնարկություններում: Ակնհայտ է, որ նախարար Երիցյանը իր նախաձեռնությամբ առանց ՀՀ վարչապետի գիտության և հանձնարարության նման խորհրդակցություն չէր հրավիրի, այդ խորհրդակցությունը հենց ՀՀկառավարության շենքում է հրավիրվել իմ և մյուսների մոտ վստահություն ներշնչելու, որ որևէ խաբեություն կամ անօրինական գործողություն չի կարող լինել այդ ծրագրի հետ կապված:

Աշոտ Սուքիասյանին ես չեմ ճանաչել, նա ինձ ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից, որը երաշխավորել է նրան և նրա ծրագիրը, եթե չլինեին ՀՀ կառավարության նշված գործողությունները, իսկ ՀՀ կենտրոնական բանկի մասով անգործությունը, բնականաբար ես այս վիճակում չէի հայտնվի, վնասներ չէի կրի:

ՀՀ կառավարությունում կազմակերպված քննարկումներով իմ մոտ վստահություն ստեղծելուց հետո կատարվում է հաջորդ քայլը, ինձնից լիազորագիր է վերցվում, որով Ա. Սուքիասյանը իրավունք է ձեռք բերում իմ գույքը գրավ դնելու:    

 Հաջորդ փաստը

Երբ «Սվիս» բանկը մերժեց վարկի տրամադրումը Ա. Սուքիասյանը ինձ հայտարարեց, որ որևէ խնդիր չկա, վարչապետը անձամբ բոլոր հարցերը կկարգավորիև մի քանի օր հետո Ա. Սուքիասյանը ինձ հայտնեց, որ վարչապետ Տ. Սարգսյանը «Ամերիա» բանկին ասել է, վարկը կտան և իրոք շատ արագ բանկում կազմվեց բիզնես ծրագիր և շուրջ 12 միլիոն ԱՄՆ դոլարի վարկը տրամադրվեց Ա. Սուքիասյանին, ընդ որում Ա. Սուքիասյանն ինձ հայտնել է, որ «Ամերիա» բանկին պետք է թողնի ստացած վարկի 5 տոկոսը:

 Հաջորդ փաստը

Ես օրենքով նախատեսված միջոցներով փորձել եմ պաշտպանել իմ սահմանադրական իրավունքները, սակայն մի անտեսանելի ձեռք միշտ խափանել է իմ այդ գործողությունները, իսկ «Հետք» լրատվամիջոցի կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում պարզվում է, որ Կիպրոսի օֆշորային գոտում Ա. Սուքիասյանը, Տ. Սարգսյանը և Ս. Կճոյանը հիմնադրել են կազմակերպություն, թե ինչ նպատակով հետո է պարզվում: Պարզվում է, որ «Ամերիաբանկ»-ից վարկի գումարները փոխանցվում են օֆշորային գոտում ստեղծված այդ կազմակերպության հաշվին, որտեղից այդ  գումարների մի մասը ` 5.1 մլն ԱՄՆ դոլար հետ է փոխանցվում «Ամերիաբանկ», փաստորեն  փոխանցվելուց, փողերը լվանալուց հետո այդ գումարները կանխիկացվել կամ այլ նպատակների համար փոխանցվել և հափշտակվել են:

Հատկանշական է, որ օֆշորային այդ կազմակերպության հիմնադրումը այդ կեղծ կեղծ փոխանցումները, փողերի լվացումները հայտնաբերվեցին ոչ թե քրեական մարմինների, այլ «Հետք» լրատվական կազմակերպության կողմից:

Հաջորդ փաստը

«Ամերիաբանկ»-ի կողմից Ա. Սուքիասյանին տրված վարկի գումարները, որևէ կապ չունեն նույն բանկում վարկի համար կազմված բիզնես ծրագրի հետ, բիզնես ծրագիր, որն ըստ էության ինձ և մյուսներին ներկայացվել էր ՀՀ կառավարության շենքում նախարար Երիցյանի և Ա. Սուքիասյանի կողմից: Ըստ այդ ծրագրի իբրև թե Ա. Սուքիասյանին պատկանող հանքում առկա են 10 հազար տոննա ոսկի և 9.6 միլիոն կարատ ադամանդ, թե ինչ տվյալների հիման վրա է «Ամերիաբանկ»-ը կազմել այդ ծրագիրը մնում է անհայտ, սակայն ակնհայտ է, որ բոլոր գործողությունները կազմակերպվել են ինձ ունեզրկման միջոցով բանկից գումարները հանելու և հափշտակելու համար: «Ամերիաբանկ»-ում կազմված բիզնես ծրագիրն ամբողջությամբ կեղծ է, դրանում ես համոզվել եմ անձամբ լինելով Աֆրիկայի Սիերա Լիոնե հանրապետությունում գտնվող հանքերում:    

Հաջորդ փաստը

Ըստ լրատվամիջոցների Ա. Սուքիասյանը Ս. Կճոյանին նվիրել է թանկարժեք «Բենթլի» մակնիշի մեքենա, որը ըստ Ս. Կճոյանի, դա իր համար սովորական նվեր է իր մտերիմի կողմից ստացված և պատահական չէ, որ ըստ լրատվամիջոցների ոստիկանությունից Ա. Սուքիասյանը հեռանում է Ս. Կճոյանի հետ, նրան նվիրած ավտոմեքենայով և երկար ժամանակ նրա գտնվելու վայրը հայտնի չէր: Անհասկանալի է նաև, թե ինչու մինչև  օրս կալանք չի դրվել այդ ավտոմեքենայի վրա:

Վերը նշված փաստերը հիմք են տալիս հաստատելու, որ իմ նկատմամբ առանձնապես խոշոր չափերի խարդախությունը, փողերի լվացումը և հնարավոր այլ հանցագործությունները կատարվել են ոչ միայն Ա. Սուքիասյանի, այլև շատ լավ կազմակերպված հանցավոր խմբի կողմից:

Մեկ հանգամանք ևս

Մինչ օրս Տ. Սարգսյանը,  Ջավադյանը, էկոնոմիկայի նախկին նախարար Երիցյանը, «Ամերիաբանկ»-ի ղեկավարները, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, աշխատակիցները, որոնք հսկողություն են իրականացնում օֆշորային գոտում իրականացվող կասկածելի գործարքների նկատմամբ «Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ և 13-րդ հոդվածների հիման վրա, չեն հարցաքնվել: Անհասկանալի է մնում, թե այդ անձիք, որոնք կարևոր վկաներ են մինչև հիմա ինչու չեն հարցաքնվել, ովքեր են խանգարում այդ քրեական գործով օբյեկտիվ նախաքննության կատարմանը ` իմ համար մնում է «անհայտ>>:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մեկ այլ փաստի վրա:

Իմ հայտարարության հիման վրա քրեական գործը հարուցվել է 2012թ. օգոստոսի 6-ին, սակայն Կիպրոսի օֆշորային գոտում նշված կազմակերպության հիմնադրման, հիմնադրողների և վարկի գումարների փոխանցման գործարքների, վարկի գումարների հափշտակման  փաստերը բացահայտվել են, ոչ թե քրեական հետապնդման մարմինների, այլ լրագրողների կողմից, և այդ բոլորը այն դեպքում, որ վերը նշված անձիք նույնիսկ չեն հրավիրվում հարցաքննության:

Աշոտ Սուքիասյանի կողմից «Ամերիաբանկ»-ի (այսուհետ նաև բանկ) առջև իր պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ բանկի կողմից արտադատական, ապօրինի կարգով բռնագանձվել է իմ և ընտանիքիս պատկանող ողջ 31.1 միլիոն ԱՄՆ դոլարի գույքը, չանդրադառնալով բանկի կողմից ապօրինի բռնագանձումների հարցին Ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ հանգամանքի վրա `

Ըստ իմ ունեցած տեղեկությունների բանկի կողմից բռնագանձումից հետո իրացվել է Երևան քաղաքի Քոչարի 2 հասցեում գտնվող շենքը, որի շուկայական արժեքը կազմում է9.5 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ լիկվիդային արժեքը` 6.3 միլիոն ԱՄՆ դոլար, ընդ որում բոլոր գնահատումները կատարվել ենբանկի նախաձեռնությամբ և միջոցով և բանկն իրավունք չուներ լիկվիդային արժեքից` 6.3 միլիոն ԱՄՆ դոլարից ցածր գնով իրացնելու Քոչարի 2 հասցեում գտնվող շենքը:

Բանկի կողմից իրացվել է նաև Քոչարի 4 շենքը, որի շուկայական արժեքը կազմում է 5.7 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ լիկվիդային արժեքը կազմում է 4 միլիոն ԱՄՆ դոլար, այսինքն միայն այդ երկու շենքերի արժեքով վարկը փակվել է:

Բացի վերոգրյալից, ինչպես հայտնի է Աշոտ Սուքիասյանի կողմից Կիպրոսի օֆշորային գոտուց «Ամերիաբանկ»-ին հետ է փոխանցվել շուրջ 5.1 միլիոն ԱՄՆ դոլար, այդ գումարով Ա. Սուքիասյանը «Ամերիա», «Պրոմեթեյ» և «Արմսվիս» բանկերից «գնել» է 5 միլիոն ԱՄՆ դոլարի ոսկու ձուլակտորներ և անհասկանալի է մնում, այսինքն հասկանալի է, թե վարկը չմարված լինելու պայմաններում «Ամերիաբանկ»-ը ինչպես է ոսկի «վաճառում» Ա. Սուքիասյանին և պատահական չէ, որ մինչ օրս այդ ոսկու ձուլակտորների գտնվելու վայրը հայտնի չէ:

Ավելին, ըստ «Ամերիաբանկ»-ի տված տեղեկանքների նշված շենքերի բռնագանձումից և իրացումից հետո բանկը ստացել է վարկի գումարից (2.5 միլիոն ԱՄՆ դոլարի) ավելի գումար, սակայն շարունակում է բռնագանձել իմ մյուս գույքերը, ընդ որում բանկը պարտավոր է ինձ վերադարձնել ավել գումարը, սակայն ինչպես նշեցի շարունակում է բռնագանձել իմ մյուս գույքերը:

 Փաստորեն ես դարձել եմ մեր հանրապետությունում ստեղծված համակարգի զոհը և ոչ մի կերպ չեմ կարողանում պաշտպանել իմ իրավունքները:

Շուրջ 7 տարի քննություն է կատարվում, սակայն մինչ օրս ինձ համար անհայտ է մնում թե

  1. Ինչ տվյալների հիման վրա է «Ամերիաբանկ»-ում կազմվել բիզնես ծրագիրը, ըստ մեր ունեցած տեղեկությունների այդ ծրագրում նշվել է, որ իբրև թե Ա. Սուքիասյանը Սիերա Լիոն հանրապետությունում, որպես սեփականություն հանքեր ունի, որտեղ առկա է 10 հազար տոննա ոսկի, 9.6 մլն կարատ ադամանդ և այլն, որն իրականությանը  չի համապատասխանում:
  2. Ա. Սուքիասյանի տրված վարկը ինչ նպատակներով է ծախսվել, գնված ոսկին ինչ է արվել և այդ ծախսերը ինչ կապ ունեն այդ կեղծ բիզնես ծրագրի հետ:
  3. Յուրաքանչյուր անգամ Ա. Սուքիասյանին գումար տալուց բանկն արդյոք ստուգել է, թե նախկինում տրված գումարները Ա. Սուքիասյանն ինչ նպատակով է ծախսել, բիզնես ծրագրի կատարման նպատակով է ծախսել թե ոչ, եթե ոչ, ապա ինչու են հաջորդ գումարները նրան տրվել:
  4. Օֆշորային գոտուց գումարները հետ փոխանցվելուց հետո “Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին” ՀՀ օրենքի 5-րդ, և 7-րդ հոդվածների հիման վրա բանկն այդ կասկածելի գործարքների մասին ՀՀ կենտրոնական բանկ հաշվետվություն, տեղեկատվություն ներկայացրել են թե՞ ոչ,եթե ոչ, ինչ պատճառով, եթե այո`ընթացքը, այդ առթիվ դիմում եմ ներկայացրել նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահին, սակայն նույնպես պատասխան չեմ ստացել: Ըստ իմ ունեցած տեղեկությունների` Ա. Սուքիասյանը ունեցել է ժամկետանց վարկեր «Պրոմեթեյ» և այլ բանկերում, նման պայմաններում «Ամերիաբանկ»-ը ինքը կազմելով կեղծ բիզնես ծրագիր ինչպես է վարկ տրամադրել, թեկուզև նախկին վարչապես Տ. Սարգսյանը պահանջած լինի վարկ տրամադրելու մասին: 

Փաստորեն իմ ունեցվածքի, ինձ ունեզրկման հաշվին մինչ օրս միլիոնավոր դոլարներ մարդիկ ծախսում են, շռայլում, իսկ ես չեմ կարողանում պաշտպանել իմ իրավունքները, քրեական հետապնդման մարմինները համառորեն գործնական միջոցներ չեն ձեռնարկում ինձ պատճառված վնասները վերականգնելու հարցում, իսկ միգուցե նրանց չեն թողնում, դա նույնպես պարզաբանման ենթակա հարց է և Ձեզ դիմելու հիմնական նպատակներից մեկն էլ դա է:

Չի պարզվել նաև ՀՀ կենտրոնական բանկը որպես լիազոր մարմին ինչու միջոցներ չի ձեռնարկել կեղծ բիզնես ծրագրի հիման վրա առանձնապես խոշոր չափերի վարկի տրամադրումը, իսկ հետագայում բիզնես ծրագրի հետ կապ չունեցող կասկածելի գործարքները կանխելու համար, այդ գործարքների մասին քրեական հետապնդման մարմիններին ինչու հաղորդում  չի ներկայացվել, որ վերը նշված օրենքի հիման վրա ուղղակի պարտավոր էին կատարելու:

Իմ նպատակը չէ, որ այդ անձիք պարտադիր կարգով ենթարկվեն քրեական պատասխանատության, իմ նպատակն է վերականգնել իմ Սահմանադրական իրավունքները, իմ միակ նպատակն է վերադարձնել իմ գույքը, որը նշված խաբեությունների և այլ հանցագործությունների արդյունքում ապօրինի բռնագանձվել է և շարունակում է բռնագանձվել: 

Մեծարգո վարչապետ,

իմ մեղքն այն է, որ ես հավատացել եմ ՀՀ կառավարության ներկայացուցիչների հավաստիացումներին, ներկայացրած հիմնավորումներին, ծրագրերին, որ հավատացել եմ “Ամերիա” բանկի կողմից կազմած կեղծ բիզնես ծրագրին, թե այն, որ չեմ պատկերացրել, որ ՀՀ կառավարությունը կերաշխավորի Ա. Սուքիասյանի նման մի հանցագործի, որն անարգել կիրականացնի օֆշորային խարդախություններ, թե այն որ ես չեմ պատկերացրել, որ ՀՀ Կենտրոնական բանկը չի կատարի իր պարտականությունները և չի կանխի փողերի լվացման բազմադրվագ դեպքերը: 2013 թվականի հոկտեմբեր ամսին դիմել եմ ՀՀ կառավարություն խնդրանքով հատուցելու ինձ պատճաաաառված վնասները (քանի որ դրանք պատճառվել են ՀՀ կառավարության կոնկրետ գործողությունների և ՀՀ Կենտրոնական բանկի անգործության պատճառով), իմ դիմումը ուղարկվել է քրեական գործի կցելու:

Հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ՀՀ կառավարությունից պահանջելով ինձ պատճառված վնասների հատուցում, քանի որ ինձ պատճաառված վնասը արդյունք է նաև ՀՀ կառավարության նշված գործողությունների և անգործության`որ չի կանխվել ապօրինի փոխանցումները օֆշորային գոտուց, Ա. Սուքիասյանի կողմից վարկի գումարներով (օֆշորից հետ փոխանցված)  նշված բանկերից  5.1 միլիոն ԱՄՆ դոլարի ոսկու ձուլակտորների գնումը և այլն:

Եթե որևէ մեկը մտածում է, որ թե ես հաշտվել եմ այս վիճակի հետ, ապա ակնհայտ սխալվում է, ես մինչև վերջ պայքարելու եմ իմ իրավունքները պաշտպանելու համար:

Ես արդեն ունեմ դառը փորձը, որ ՀՀ դատարանները չեն պաշտպանում իմ իրավունքները, ապօրինի մերժում են իմ հիմնավոր հայցերը, սակայն ստիպված եմ լինելու դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և միջազգային ֆինանսական կառույցների:

Նկատի ունենալով, որ հարցին առնչվում են ՀՀ նախկին վարչապետը,  ՀՀ կենտրոնական բանկի նախագահը  և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիմում եմ Ձեզ , խնդրում եմ Ձեր հանձնարարությունը, որպեսզի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն ինձ պատճառված վնասները վերականգնելու հարցում, ես չեմ ցանկանում, որ այս հարցը քննարկման առարկա դառնա միջազգային դատարանում և այլ կազմակերպություններում, քանի որ դա մեր պետության վարկանիշի բարձրացմանը չի նպաստի, սակայն մյուս կողմից մինչև երբ կարող է շարունակվել այս վիճակը: 

Խնդրում եմ նաև անձնական ընդունելություն:

Կանխավ շնորհակալություն: 

Հարգանքով`                                           Փայլակ Հայրապետյան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter