Կիրակի, 23 սեպտեմբերի

«Աստված տա, լավ լինի, ես Ձեզ հետ կգամ Ձեր տղայի գերեզմանին». կուրսանտի սպանության գործով ցուցմունք տվեց գնդապետի մեղադրյալ որդին



2014 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալ Գնել Թևոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այս գործով հասել է ամբաստանյալների հարցաքննության փուլին, և դատարանում այսօր այս գործով դատական նիստին առաջինը ցուցմունք տվեց Գնել Թևոսյանը: Վերջինիս հայրը՝ Զարմիկ Մարկոսյանը սպանության ժամանակ եղել է ռազմական ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղեկալը:

Այն բանից հետո, երբ որդին և երեք այլ ծառայակիցներ մեղադրվել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ, գնդապետի կոչում ունեցած Մարկոսյանը հեռացվել է աշխատանքից: Վերջինին նույնպես մեղադրանք է առաջադրվել որդու համար զորամասում արտոնյալ պայմաններ ստեղծելու համար:

Այսօրվա դատական նիստին ցուցմունք տվող Գնել Թևոսյանը հայտարարեց, որ ռազմական ոստիկանությունում իր և գործով անցնող մյուս բոլոր անձանց՝  իր դեմ ցուցմունք տված վկաների, տուժողների նկատմամբ ռազմական ոստիկանությունում ճնշումներ են գործադրվել, որոնց պայմաններում նրանցից ոմանք իր վրա «շառ են արել»: Թևոսյանը, սակայն, իր պնդմամբ, հակված չէ նրանց մեղադրել, հասկանում է նրանց հոգեվիճակը:

Ըստ Գնել Թևոսյանի՝ ինքը հոգեպես ավելի ուժեղ է գտնվել ու իր նկատմամբ կիրառված ճնշման պայմաններում որևէ հանցանք չի փորձել բարդել մեկ այլ անձի վրա:

«Իմ դաստիարակությունն ինձ նման բան թույլ չի տվել: Ես կարողացել եմ ինքնախոստովանական ցուցմունք չտալ, բայց և մեղքն ուրիշի վրա չդնել»,- դատարանում հայտարարեց Գնել Թևոսյանը:

Վերջինիս ցուցմունքի համաձայն՝ ինքը սպանված Հայկազ Բարսեղյանի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել, Բարսեղյանին բնութագրեց իբրև «մարդկային մարդ», ասաց, որ Բարսեղյանն իրենից ավելի երկար է ծառայած եղել և նույնիսկ որոշ հարցերում նրանից խուրհուրդ է հարցրել, ու Հայկազն իրեն պատրաստակամորեն օգնել է:

Ինչ վերաբերում է սպանության հանգամանքներին, դրա վերաբերյալ Գնել Թևոսյանի հայտարարության համաձայն, ինքը ոչինչ չգիտի: Միայն հիշում է, թե ինչպես Հայկազ Բարսեղյանի դին պտտաձողից կախված վիճակում գտնելուց հետո բոլորը հակված էին մտածել, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է, և միայն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ ինքը ռազմական ինստիտուտի պետի՝ սպառազինությունների գծով տեղակալ Զարմիկ Մարկոսյանի որդին է, ինքնասպանությունը դարձել է սպանություն:

Գնել Թևսյանի խոսքով ՝ սպանության մասին ինքն իմացել է հունվարի 29-ի առավոտյան, իսկ դրան նախորդող գիշերը՝ ժամը 23:30-ի սահմաններում, գնացել է քնելու: 

Ըստ գործի նյութերի՝ սպանության գործով անցնող կուրսանտներ Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանն ու Գնել Թևոսյանը զորամասում հավաքվել են ու նշել Վաչե Սահակյանի ծնունդը: Այս ժամանակ կուրսանտներն, ըստ գործի նյութերի, ալկոհոլ են օգտագործել: Գնել Թևոսյանը հայտարարեց, որ ինքն այդ օրը որևէ խնջույքի չի մասնակցել, որ սպանության գործով անցնող կուրսանտների հետ երբևէ մտերիմ հարաբերություններ չի ունեցել, որ նրանց հետ ծնունդ նշեր:

Նշենք, որ, ըստ գործի նյութերի, Գնել  Թևոսյանի, ինչպես նաև սպանության գործով անցնող մյուս ամբաստանյալների արյան փորձանմուշներում ալկոհոլ է հայտնաբերվել. Գնել Թևոսյանը  կտրականապես հրաժարվեց ընդունել այդ փորձաքննության պատասխանների իսկությունը` հայտարարելով, որ նման բան չի եղել:

Թևոսյանն ասաց նաև, որ ծառայության ութ ամիսների ընթացքում ավելի քիչ է ճանաչել սպանության գործով ամբաստանյալներին, քան այս երեք տարիների ընթացքում, երբ միասին բերվում են դատարան՝ Հայկազի սպանության գործի քննության համար:

Դեպքից հետո, ըստ գործի նյութերի, Գնել  Թևոսյանը կուրսանտ Հովիկ Հովհաննիսյանի միջոցով հորն ինչ-որ տոպրակ է փոխանցել: Դատավարության կողմերը հետաքրքրվեցին, թե դրանում ինչ է եղել: Գնել Թևոսյանը հայտարարեց, որ թեև ինքը գիտի, որ, ըստ գործի նյութերի, տոպրակում դանակ է եղել, դրանում եղել է ընդամենը իր քաղաքացիական հագուստը:

Ըստ Գնել Թևոսյանի՝ դեպքից հետո, երբ արդեն ակնհայտ է եղել, որ պատկան մարմինները գալու են զորամաս, կապիտան Ավետիսյանը հրահանգել է հավաքել ու աղբարկղը նետել կամ մեկ այլ տեղում պահել այն իրերը, որոնք, սահմանված կարգի համաձայն, կուրսանտները չէին ստացել Պաշտպանության նախարարությունից: Այլ կերպ ասած՝  խոսքը քաղաքացիական հագուստների, հեռախոսների և նմանատիպ այլ պարագաների մասին է: Ըստ Գնել Թևոսյանի` վերը նշված տոպրակում  քաղաքացիական, սև գույն ունեցող իր շապիկն է եղել:

Ինչպես արդեն նշեցինք, Գնել Թևոսյանի հայրը մեղադրվում է զորամասում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու մեջ: Շատ զինծառայողներ ցուցմունքներ են տվել այն մասին, որ Զարմիկ Մարկոսյանի թողտվությամբ որդին` Գնել Թևոսյանը, հաճախակի է բացակայել զորամասից:

Թևոսյանը հայտարարեց, որ իր համար, որպես ռազմական ինստիտիուտի պետի տեղակալի որդու, ավելի բարդ է եղել ծառայելը, քանի որ ցանկացած խնդրի դեպքում իրեն բոլորը հիշեցրել են, որ հայրը բարձրաստիճան սպա է:

Թևոսյանը նշեց, որ ինքն ընդունելության քննությունները հանձնել է, ինչպես մյուս բոլոր կուրսանտները, սովորել՝  որքան կարողացել է, որ կարծել է, թե սովորեը հեշտ է, բայց շատ հարցերում դժվարացել է:

Գնել Թևոսյանը հայտարարեց նաև, որ երբ տարվել է ռազմական ոստիկանություն, պահանջել է, որ իրեն փաստաբան տրամադրեն, ինչը սկզբում չեն արել: Այդ ընթացքում, երբ դեռևս փաստաբան չի ունեցել, ըստ Գնել Թևոսյանի, իրեն առերեսել են սպանության գործով վկայի կարգավիճակ ունեցած անձանցից մեկի՝ Սամվել Սերոբյանի հետ: Վերջինս Հայկազ Բարսեղյանի սենյակում քնող կուրսանտներից է: Ըստ Գնել Թևոսյանի ցուցմունքի` թեև իրենց առերեսման հանգամանքը փաստաթղթերով արձանագրված չէ` Սերոբյանը բանավոր հայտարարել է, որ ինքը՝ Թևոսյանը, որևէ հանցավոր արարք չի կատարել:

«Դրանից հետո հանկարծ պարզում է, որ Սերոբյանն իմ դեմ ցուցմուքներ է տվել»,-հայտարարեց Գնել Թևոսյանը:

Նշենք, որ Սամվել Սերոբյանն այս գործով առանցքային վկա է, ում ներկայությանը, սակայն, դատարանում ապահովել հնարավոր չի եղել. վերջինս Հայաստանում չէ:

Երբ  ամբաստանյալին հարցեր ուղղելու հերթը հասավ սպանված Հայկազ Բարսեղյանի հորը` Արկադի Բարսեղյանին, վերջինս ավելի շատ երկխոսության մեջ մտավ ամբաստանյալի հետ, քան հարցեր ուղղեց նրան: Արկադի Բարսեղյանը պնդում էր, որ գործով վկաների նկատմամբ ճնշում չի եղել, որ Գնել Թևոսյանն արտոնյալ պայմաններում է ծառայել: Թևոսյանը, դիմելով  Արկադի Բարսեղյանին, ասաց, որ ինքը նրան վերաբերում է այնպես, ինչպես մյուս մարդկանց, մինչդեռ Արկադի Բարսեղյանն իրեն վերաբերում է իբրև թշնամու:

«Աստված տա` ամեն ինչ լավ լինի, և ես ձեզ հետ կգամ ձեր տղայի գերեզմանին»,- դիմելով Արկադի Բարսեղյանին` ասաց Գնել Թևոսյանը:

Վերջինս նշեց նաև, որ ինքը գնացել էր ռազմական ինստիտուտում սովորելու ու հայրենիքի պաշտպան դառնալու նպատակով, այլ ոչ թե քրեական հեղինակություն դառնալու համար: 

Դատարանը հաջորդ դատական նիստին կանդրադառնա Թևոսյանի նախաքննական  ցուցմունքները հրապարակելու կամ չհրապարակելու հանգամանքին. եթե դատաքննական ու նախաքննական ցուցմուքներում էական հակասություններ լինեն, ապա նախաքննական ցուցմունքները կհրապարակվեն:

Այսօրվա նիստը հետաձգվեց: Հաջորդը նշանակվեց հունիսի 4-ին:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է  2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան Հայկազ Բարսեղյանը հայտնաբերվել է ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: Սպանության համար  քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել ինստիտուտի սպորտհրապարակից:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ