Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Արման Սահակյանը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել Հալաբյան փողոցում



Պետական գույքի կառավարման վարչության արդեն նախկին պետ Արման Սահակյանը Հալաբյան փողոցում պատրաստվում է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել: Այս մասին տեղեկանում ենք բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունից և համալիրի կառուցման նախագծից:

Մայիսի 31-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան «Բեյբիս Սմայլ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Հալաբյան փողոց 20/4, 20/8, 20/12, 20/13 և 20/14 հասցեներում նախատեսվող շենքի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Շենքը կառուցել պատրաստվող «Բեյբիս սմայլ» ընկերությունը գրանցվել է այս տարվա փետրվարի 26-ին: Դրա միակ բաժնետերը Արման Գալուստի Սահակյանն է՝ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդին, պետական գույքի կառավարման վարչության արդեն նախկին պետ Արման Սահակյանը: Չնայած հանրային լսումները դեռևս չեն ավարտվել, սակայն Սահակյանը նշված տարածքում արդեն շինարարական աշխատանքներ է իրականացնում, թեև քաղաքապետարանից միայն քանդման աշխատանքների թույլտվություն ունի:

Ընթերցողներին հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնել էինք, որ Արման Սահակյանը մարտ ամսին առանց թույլտվության ծառահատում է իրականացրել իրեն պատկանող Հալաբյան հ.20/1 հասցեում, որտեղ նախկինում գործում էր նրա` «Դոլչե» ընտանեկան ժամանցի կենտրոնը: Որքան էլ քաղաքապետարանը փորձել էր թաքցնել պաշտոնատար անձի կատարած ծառահատման անօրինականության փաստը, մեր երկու գրավոր հարցումներից հետո քաղաքապետարանից խոստովանել էին, որ ծառահատումն իրականացվել է առանց բնապահպանության վարչության հսկողության, քանի որ համապատասխան թույլտվություն չի եղել:

Արման Սահակյանը բազմաֆունկցիոնալ շենքը պատրաստվում է կառուցել իրեն պատկանող տարածքի հարակից հողամասերի հիմքին՝ Հալաբյան փողոց 20/4, 20/8, 20/12, 20/13 և 20/14 հասցեներում: Բնապահպանության նախարարության հրապարակած շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում նշվում է, որ բազմաֆունկցիոնալ համալիրը կկառուցվի 2 տարում:

Համալիրի ներսում լինելու է առևտրի կենտրոն, հասարակական սպասարկման սննդի կետ, գրասենյակային, ժամանցի և զվարճանքի կենտրոններ, սննդի արտադրություն:

Բազմաֆունկցիոնալ համալիրը կառուցվելու է 1,5 հա հողատարածքի վրա, շենքի մակերեսը լինելու է 7814 քմ: Շինարարական աշխատանքների իրականացման համար նախատեսվում է ներգրավել 200 աշխատակից, որից 195-ը՝ բանվոր: 

Արման Սահակյանը հարուստ պաշտոնյանների թվին է պատկանում: Նա 2017 թվականին հայտարարագրել է 5 հողամաս,  ավելի քան 19 միլիոն դրամ արժողությամբ կիսակառույց շինություն:

2017 թվականի սկզբում պետգույքի կառավարման վարչության պետը ունեցել է 200 միլիոն դրամ, իսկ արդեն տարվա վերջում այդ գումարը հասել է 434 միլիոն դրամի:  Նրա տարեկան աշխատավարձը 7 միլիոն դրամ է եղել, սակայն եկամտի մի քանի աղբյուր է ունեցել՝ մոտ 167 միլիոն դրամ եկամուտ ստացել է երկու ընկերությունների շահաբաժնից, 13 միլիոն դրամ՝ վարձակալության դիմաց ստացած վճարներից, 207 հազար դոլար գումար էլ՝ այդ տարվա փոխառությունից:

Հիշեցնենք, որ Արման Սահակյանը հրաժարական է տվել մայիսի 10-ին, երբ ձևավորվում էր նոր կառավարություն:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. գառնիկ15:56 - 22 մայիսի, 2018
շինարարություն սկսելու թույլտվություն տալուց ոչ մեկի մտքով չի անցնում ստուգել այդ հողակտորի ձեռք բերման և օգտագործվող գումարների օրինականությունը
2. aram22:41 - 22 մայիսի, 2018
"Like father like son"
3. Արմենուհի Հ.22:49 - 24 մայիսի, 2018
Այս մարդը հանցագործ է։ Օր առաջ պետք է նրան ձերբակալել և պահանջել բոլոր թալանված գումարները վերադարձնի։ Աջափնյակից է պատգամավոր ընտրվել ընտրակաշառքներով։ Հալաբյան փողոց, Հանրապետական հիվանդանոց մոտ, Մարգարյանի KAIZER-ի դիմացը, Շինարարների փողոց, 15 թաղամասի դիսպեչերանոց՝ ամբողջ հսկա թաղամասում սրա ապօրինի շենքերն են ու բուդկաները ու խանութները։ Ոստիկանությունը թող գա հարցնի ցանկացած տաքսու վարորդի կանգառում կագնած՝ բոլորը ցույց կտան այդ շինությունները։ ԴԱՏԵԼ սրան և նրա խուժանների ցանցին!!!։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ