HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվեց Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը» գիրքը

Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնն այսօր «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ներկայացրեց իր 11-րդ գիրքը՝ խորհրդային տարիների քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը»:

Գիրքը Վարդան Հարությունյանի խորհրդային բանտով անցած 8 տարվա ճանապարհն է: Հեղինակն ասում է, որ գիրքն իր մասին չէ, այլ այն մարդկանց, ում հանդիպել է կալանավայրում, հիմնականում հայեր չեն՝ ռուսներ, հրեաներ, վրացիներ:

Խոսելով անկախ Հայաստանի քաղբանտարկյալների մասին՝ Վարդան Հարությունյանը նշեց. «Միշտ սարսափել եմ, որ նաև անկախ Հայաստանում պետք է ստիպված լինենք խոսել քաղբանտարկյալների մասին: Մենք այսօր ունենք քաղբանտարկյալներ, ունեցել ենք նաև վերջին տարիներին, լավ կլիներ, որ չլինեին»: Ըստ Վարդան Հարությունյանի` գրողներ կլինեն, որ կանդրադառնան նաև ներկայիս քաղբանտարկյալներին, գրքեր դեռ կգրվեն:

Քաղբանտարկյալների առումով հեղինակը դեժավյու է զգում. «Դա տխուր հանգամանքն է մեր իրականության: Այն տարիների քաղբանտարկյալությունը էապես, խիստ էապես տարբերվում է այսօրվա քաղբանտարկյալությունից՝ ժամանակն էր ուրիշ, երկիրն էր ուրիշ, բայց կարգավիճակն է նույնը»:

«Անի» կենտրոնի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանը պատմեց, թե ինչպես են որոշել տպագրել Վարդան Հարությունյանի գիրքը: «Հետք»-ում հրապարակվել է գրքի մի հատված, թե ինչպես են քաղկալանավորներին էտապավորել, այսինքն՝ տեղից տեղ տեղափոխել: Թաթուլ Հակոբյանը կարդացել է ու ճաշի սեղանի շուրջ առաջարկել հեղինակին հրատարակել գիրքը:

«Քաղբանտարկյալի պատմությունը» սկսվում է հետևյալ տողերով. «... ողջ եռանդս տրամադրել եմ արդեն անկախ հռչակված Հայաստանում ժողովրդավարության կայացման գործին ու պարտվել եմ: Հայաստանն այդպես էլ չդարձավ իմ երազած ժողովրդավար երկիրը: Այս ճակատում հպարտանալու ոչինչ չունեմ»:

«Անի» կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը հետաքրքրվեց՝ եթե Թավշյա հեղափոխությունը չլիներ, այս տողերի հեղինակը կգրեր, թե ոչ առաջաբանում:

Վարդան Հարությունյանն էլ պատասխանեց, որ գիրքը ուրիշ Հայաստանում է գրվել, իսկ հիմա մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում. «Բայց դա չի նշանակում, որ այն իմ պատկերացումները անկախ Հայաստանի մասին իրականություն են դարձել: Չգիտեմ՝ երբ կդառնան իրականություն»:

Շնորհանդեսին ներկա էին հասարակական գործիչներ, նախկին քաղկալանավորներ՝ Պարույր Հայրիկյանն ու ազատ Արշակյանը, նաև ներկայիս քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ում պապիկի եղբոր՝ Մարզպետ Հարությունյանի մասին նույնպես անդրադարձ կա գրքում: Շնորհանդեսին քիչ անց մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

Խորհրդային այլախոհ Վարդան Հարությունյանի առաջին գիրքը՝ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում», հրատարակվել է 2014-ին: «Քաղբանտարկյալի պատմություն» գիրքը կարելի է ձեռք բերել Երևանի «Նոյյան Տապան», «Բուկինիստ» և «Արտ Բրիջ» գրախանութներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter