HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Անապատի գիշերներում: Ես տառապում եմ այնտեղ՝ իմ երկրում, եւ տառապում եմ այստեղ՝ Դուբայում

Էդիկ Բաղդասարյան
Արա Մանուկյան

«Քույրս 15 տարեկան է։ Ես ուզում եմ նրան բերել այստեղ, որովհետեւ ես փող չունեմ։ Նա էլ է այնտեղ տառապում։ Նա երեխա չունի, ավելի երիտասարդ է։ Նրա Դուբայ գալը կօգնի մեզ»,-արտասվելով ասում է տանզանացի Թրուշան: Նրա հետ ծանոթացանք Դուբայի «Լենդ մարկ պլազա» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող մզկիթի մերձակայքում, գիշերվա ժամը մեկին: Հենց այստեղ են հաճախորդներ «որսում» Տանզանիայից Դուբայ մարմնավաճառության եկած մի խումբ կանայք:

Թրուշայի եւ Մուայի հետ առանց սակարկելու պայմանավորվելով գնի շուրջ' յուրաքանչյուրին 100-ական դրահմ ( 30 դոլար) մեկ ժամի համար, տաքսիով գնում ենք Ալշերա ( Alsheraa) հյուրանոցը: Այս հյուրանոցում են ընդունում հաճախորդներին տանզանացի մի քանի տասնյակ մարմնավաճառները:

Մուան մեզ ուղեկցում է իր սենյակը: Մոտ 8 քմ սենյակում երկու մահճակալ է դրված, որոնք իրարից բաժանված են վարագույրով: Մուան բանալիով կողպում է դուռը, հետո միանգամից սկսում հանվել: Ես նրան ասում եմ, որ մենք միայն զրուցելու ենք: Ասում եմ նաեւ, որ մենք լրագրողներ ենք եւ հոդված ենք պատրաստում: Ուզում էինք իմանալ, թե ինչպես է նա Տանզանիայից հայտնվել Դուբայում: Երբ հարցրինք իր ծննդավայրի մասին, սկսեց բարձրաձայն ծիծաղել:

Հենց այդ պահին սենյակի ինչ-որ մեկը սկսեց բանալիով բացել դուռը: Ես զարմացած նայեցի նրան ու հարցրի' ո՞վ է: Նա հանգիստ պատասխանեց, որ ընկերուհին է հաճախորդի հետ: Վարագույրի ետեւից ոչինչ չէր երեւում, սակայն լսվում էին տղամարդու եւ կնոջ ձայները: Մուային հարցնում եմ' ի՞նչ պիտի անեն նրանք, մեզ խանգարում են: Նա ասաց' մոռացիր նրանց, քիչ հետո կգնան, սեքս կանեն ու կգնան: Ես Մուային խնդրեցի տեղափոխվել իր ընկերուհի Թրուշայի մոտ, որի հետ զրուցում էր իմ գործընկեր Արան:

Թրուշայի սենյակի միակ մահճակալին նստած' Արան զրուցում էր սեւամորթ կնոջ հետ: Երբ ներս մտանք, նրա աչքերը թաց էին:

35-ամյա Թրուշա ասում է, որ ինքը երբեք նման հաճախորդներ չի ունեցել, եւ ոչ մեկը իր գյուղի ու ընտանիքի մասին հարցեր չի տվել: Նրա մահճակալի կողքի պահարանին դրված էին ամուսնու եւ աղջկա լուսանկարները:

Թրուշան ասում է, որ Դուբայում Տանզանիայից մոտ երկու հարյուր կանայք մարմնավաճառությամբ են զբաղվում: Թրուշայի ծննդավայրը Բոխովա գյուղն է: «Տանզանիան շատ գեղեցիկ երկիր է»,-ասում է Թրուշան: Արդեն հինգ տարի նա Դուբայում մարմնավաճառությամբ է զբաղվում:

Երբ հարցնում ենք նրա տարիքը, պատասխանում է. «Տարիքիցս մեծ եմ երեւում: Եթե ես պրոբլեմ չունենայի, գուցե երիտասարդ երեւայի։ Բայց հիմա ես այնքա~ն պրոբլեմներ ունեմ։ Գիտեք, Տանզանիայում շատ են կռիվները, դրա համար էլ ամուսինս մահացավ։ Ամուսինս, մայրս, հայրս մահացել են։ Ունեմ 5 քույր եւ 3 երեխա։ Բայց ո՛չ տուն ունեմ, ո՛չ աշխատանք։ Ես եւ իմ քույրերը տառապում ենք։

Ամուսնուս մահից հետո 2 տարի մնացել եմ իմ երկրում. երեխաներիս հետ փողոցում էինք քնում։ Տանզանիայում շատ մարդիկ են այդ վիճակում։ Հետո իմ ընկերը ինձ համար վիզա բերեց։ Ես տոմսի փող չունեի։ Իմ բոլոր ընկերներից սկսեցի փող հավաքել եւ տոմս գնեցի: 2000 դոլարի պարտք ունեի, վերադարձրի։ Առաջ ես 2 շաբաթ էի այստեղ մնում, փող էի աշխատում ու վերադառնում։ Հիմա Դուբայում դժվար է։ Եթե ոստիկանությունը բռնի, նկարում է աչքերը, ու դու էլ երբեք հետ չես կարող գալ: Ոստիկանությունը փող չի վերցնում։ Ես բոս չունեմ, մենակ եմ։ Ամեն անգամ, հենց ոստիկանները տեսնում են դրսում, ես խնդիրներ եմ ունենում. երբ տաքսիով գալիս եմ հյուրանոցի մոտ ու տեսնում են, ասում են՝ դու սեւ, նա սպիտակ (հաճախորդը), ինչու՞»:

Թրուշան հյուրանոցի սենյակի համար օրական վճարում է 100 դրահմ։ «Եթե ես հաճախորդ եմ բերում, ապա ներքեւում վճարում եմ 20 դրահմ։

Պատահել է, որ 4 օր վճարել եմ սենյակի համար, բայց ոչ մի գործ չի եղել։ Եղել է, որ դրսում եմ մնացել, առանց ուտելիքի։ Ես շատ խնդիրներ ունեմ...Ես փողոցում եմ կանգնում, ես լա՞վ տեսք ունեմ։ Ո՛չ, ես լավ տեսք չունեմ, բայց ի՞նչ կարող եմ անել...Իմ աշխատանքի ընթացքում երբեք հաճույք չեմ զգացել»,-ասում է Թրուշան:

Թրուշան ունի 10 եղբայր ու քույր: Նա երրորդն է. «Երբ ես 15 տարեկան էի, չէի տեսնում այս խնդիրները։ Հիմա ես մեր ընտանիքի ամենամեծն եմ, որովհետեւ մեծ քույրերս հիվանդության պատճառով մահացել են։ Հիմա ես եմ տուն պահողը, բայց ես տուն չունեմ։ 15 տարեկանում թե հիմա, ես տարբերություն չեմ տեսնում, որովհետեւ այն ժամանակ էլ ես ունեի միայն ուտելիքի, հագուստի ու դպրոցի վճարներ։ Բայց մենք լավ չէինք քնում, լավ չէինք ուտում, լավ չէինք հագնվում։ Տանզանիայում դպրոցի վարձը 3 ամսվա համար 100 դոլար է։ Իմ երեխաները, քույրերիս եւ մահացած եղբորս երեխաները նստած են փողոցում: Դպրոցի համար վճարել չենք կարող: Մեր երկրում շատ-շատ մարդիկ փողոցում են՝ առանց ուտելիքի, հագուստի ու աշխատանքի»,-արտասվելով պատմում է Թրուշան։

«Ես չեմ գնում դիսկոներ, ես չեմ ուզում նստել որեւէ տեղ։ Եթե ես ներսում եմ մնում, ոչ մի հաճախորդ չեմ ունենում ու ամբողջ օրը միայն քնում եմ։ Հեշտ չէ երեխաների համար փող աշխատելը։ Ես կանգնում եմ փողոցում, եթե հավանեց, կմոտենա։ Տանզանիայից ասյտեղ եկած կանայք 18-25 տարեկան են, կարծում եմ' բոլորս էլ նույն իրավիճակում ենք։ Ես կարոտել եմ իմ երկիրը, կուզենայի գնալ, եթե իմանաք...(լալիս է)...Դուք կարծում եք սա լա՞վ աշխատանք է։ Սա լավ գործ չէ, ես անգամ մեկ օր չեմ կարծել, թե սա լավ է...Սա գործ չէ։ Ես մշտական հաճախորդներ չունեմ, մի օր՝ մեկը, մյուս օրը՝ մի ուրիշը։ Այս գործը լավ է, եթե ես 2000 դոլար աշխատեմ... Ես չեմ մնա այստեղ: Ես վատ եմ զգում, բայց...

Ես Տանզանիայում աշխատանք չունեմ, որովհետեւ լավ ուսում չունեմ։ Ես դպրոց չեմ գնացել, որովհետեւ հայրս ու մայրս աղքատ էին. փող չկար, միայն ապրելու համար էր, միայն ուտելիք։

Ես չեմ ուզում խոսել այս աշխատանքի մասին, որովհետեւ չեմ սիրում այս գործը։ Ես ատում եմ այս աշխատանքը, իմ սիրտն ամեն անգամ արտասվում է, որովհետեւ արդեն 5 տարի է ես միայն մտքով եմ իմ երկրում, երեխաներիս։ Ես տառապում եմ այնտեղ՝ իմ երկրում, եւ տառապում եմ այստեղ՝ Դուբայում։

Ես ամեն օր աղոթում եմ, եթե ես ունենամ 2000 դոլար, ես հետ կգնամ իմ երկիր, իմ երեխաների մոտ, ես չեմ անի այս գործը, ես չեմ սիրում այն, ատում եմ։ Հաճախորդները լավ չեն վերաբերվում ինձ, քաշում են կրծքերիցս...Ի՞նչ կարող եմ անել, ինձ փող է պետք։ Երբեմն կռվում են, որ համբուրեմ իրենց...Հաճախորդ կա' պահպանակով չի ուզում, բայց եթե չեն ուզում, ես հետ եմ վերադարձնում փողը, որովհետեւ ես ունեմ երեխաներ...»:

«Հիմա գիշեր է, բայց ես քնած չեմ։ Ես մտածում եմ ամեն ինչի մասին։ Ես աղոթում եմ, Աստվա՛ծ, խնդրու՛մ եմ, փող տուր ինձ, եւ ես հետ կգնամ իմ տուն, իմ ընտանիք, իմ երեխաների մոտ։ Ես չեմ խմում, բայց հիմա մեկ-մեկ խմում եմ, որ խոսեմ։

Ես այնքան շատ եմ աղոթում, ես ասում եմ՝ Աստվա՛ծ, օգնի՛ր ինձ շատ փող աշխատել, տեսնել երեխաներիս։ Աստվա՛ծ, օգնի՛ր ինձ։ Ես չեմ ուզում այս աշխատանքը, ես ատում եմ այն։ Ես աղոթում եմ, որ փող ունենամ, ես էլ մի օր պետք է երջանիկ լինեմ՝ լավ զգացողություն, ուտելիք եւ դպրոցի վարձեր, բայց հիմա... Ես չգիտեմ, գուցե իմ երեխաները հիմա հաց չեն ուտում, չեն քնում»։

Թրուշան ծրագրում է դեռ 6 ամիս մնալ Դուբայում։ Նրա քույրը՝ Ջամիլան, որը հիմա Թրուշայի երեխաներին է խնամում, փողի կարիք ունի, եւ Թրուշան մտադիր է նրան եւս բերել Դուբայ' մարմնավաճառությամբ զբաղվելու:

Մենք վերցնում ենք քրոջ տվյալները' հույս ունենալով գտնել ինչ-որ մեկին, ով կարող է տասնհինգամյա Ջամիլայի Դուբայ գալը կանխել:

Հրաժեշտի ժամանակ Թրուշան ասում է. «Աղոթեք ինձ համար»:

Մեկնաբանություններ (1)

Andranik
Hetq is blocked in Dubai, but do you know why??? Because the UAE police is directly involved into the sex trade in Dubai, information of Hetq causes them not to have Armenian girls in Dubai, it is that simple, the security forces in Dubai can track down any one in less than two hours, they know every thing about every one in Dubai, they even know how many times you flush you toilet per day. The most amazing thing is that they are an Islamic country, how do they have sex & prostitution in broad day light??? This is how the country makes money & this how Dubai was build, but people are amazed about Dubai with out knowing any thing of what is going on, they call it the attraction of Dubai, not for the biggest tower of the world but for the sex trade.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter