Շաբաթ, 22 սեպտեմբերի

Նոր Հայաստանին` նոր Սփյուռք. ի՞նչ անել



Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, իսկ ոմանց կարծիքով` դեռևս կառավարափոխությունը, ակտուալ դարձրեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր ֆորմատի ստեղծման անհրաժեշտությունը։ Շատերը որպես success story (հաջողված փորձ, բառացի` հաջողված պատմություն) մատնանշում են հրեաների փորձը, որը պետք է ընդօրինակել։

Շատերի համար տարօրինակ կհնչի, բայց ժամանակին հենց հայերի փորձն է հրեաների համար եղել ընդօրինակման օրինակ։ 1828-ին, երբ Ռուսաստանը նվաճեց Հարավային Կովկասը, այսօրվա Հայաստանի բնակչության 20%-ից պակասն էր հայ, որի մի զգալի հատվածը եղել են բոշաները՝ հայացած գնչուները։ Հայաստանի հայ բնակչության նոսրացումը Շահ Աբասի կողմից հայերի բռնի տեղահանության հետևանք էր։ Արցախում նույնպես ոչ պակաս տխուր պատկեր էր. հայերի զգալի հատվածն արտագաղթել էր Վրաստան, Հյուսիսային Կովկաս և ներկայիս Հայաստանի հյուսիսային հատվածները։

1828-ից հետո Օսմանյան Թուրքիայի և ներկայիս Ադրբեջանի միջև քրիստոնյա բնակչության միջոցով սեպ խրելու համար Ռուսաստանը վարում էր հայերի ներգաղթի հատուկ քաղաքականություն, որի համար տրամադրվում էին հատուկ ֆինանսական միջոցներ։ Բավական է ծանոթանալ Գրիբոյեդովի գործունեությանը` դա հասկանալու համար։ Հայերին Թուրքիայից և Պարսկաստանից վերաբնակեցնում էին ներկայիս Հայաստանի և Վրաստանի տարածքում։ Այս փաստը այսօր հաճախ է շահարկում ադրբեջանական քարոզչամեքենան` «մոռանալով», որ հայերին ժամանակին Շահ Աբասն էր տեղահանել, և նրանք ընդամենը վերադառնում էին իրենց նախնյաց հայրենիքը։

Առաջին անգամ համակարգված կերպով «էթնոքաղաքականություն» են վարել ռուսները 19-րդ դարում` կովկասյան պատերազմների ժամանակ, երբ Կովկասում էթնիկ զտումներ, բնակչության տեղահանություններ ու վերաբնակեցումներ էին կազմակերպում։ Մասնավորապես, Թուրքիայի կողմից հրահրվող ադիգեների դիմադրության հետևանքով նրանց մոտ 90 տոկոսը կամ վերացվեց, կամ տեղահանվեց Թուրքիա, իսկ Ղրիմի հայերին տեղափոխեցին Հյուսիսային Կովկաս քրիստոնյա ու մուսուլման բնակչության քանակը հավասարակշռելու համար։ Հետագայում «էթնոքաղաքականությունը» վարակիչ դարձավ մյուս գերտերությունների համար։

Այս հոդվածի խնդիրը չէ այդ քաղաքականությունը լուսաբանելը, մենք կկենտրոնանաք հրեաների և իրենց Սփյուռքի համագործակցության խնդիրների վրա:

Հայերի փորձը հրեաների համար ոգևորիչ էր, և 19-րդ դարի վերջին և 20-րդ դարում հրեաների հոծ ներգաղթ է կազմակերպվել Իսրայել։ Այսօր արդեն հայերի համար է հրեաների փորձը ուսուցողական։  

Իսրայելի դասագրքերի ամենասիրված ասույթներից մեկն առաջին վարչապետ Բեն-Գուրիոնի խոսքերն են․ «Իսրայելում իրատես լինելու համար պետք է հավատալ հրաշքների»։

Նույնն այսօր Հայաստանում է, ծանրագույն աշխարհաքաղաքական դիրքում գտնվող Հայաստանի գոյատևման միակ հնարավորությունը հրաշքին հավատալն է և այդ հրաշքը իրականություն դարձնելը։

Իսրայելի ստեղծման ժամանակ կար երկու հակընդդեմ հայեցակարգ։ Ըստ առաջինի` աշխարհի հրեաները ժամանակի ընթացքում պետք է գաղթեն պատմական հայրենիք, իսկ մնացածի ճակատագիրն իրենց չի հետաքրքրում։ Դա սիոնիզմի հիմնադիր Հերցլի տեսակետն էր, իսկ մյուս տեսակետն այն էր, որ հրեաները պետք է աշխարհով մեկ սփռված լինեն, իսկ Իսրայելը պետք է մնա զուտ որպես հոգևոր կենտրոն, որը կնպաստի, որ հրեաները չասիմիլացվեն։ Սակայն հետագայում ընտրվեց երրորդ ճանապարհը՝ նրանք միմյանց պետք է փոխլրացնեն, փոխհարստացնեն և մշտական կապի մեջ լինեն մշակութային, տնտեսական, կրթական և այլ ռազմավարական տեսակետներից։ Հայեցակարգի մշակումը խիստ կարևոր է, որովհետև միայն բոլորի համար ընդունելի հայեցակարգի հիման վրա է հնարավոր կառուցել ինստիտուտները թե Իսրայելում, թե իրենց սփյուռքում։ Դրա համար պետք էր քանդել հին կարծրատիպերը և ստեղծել նոր գաղափարախոսություն ու ինստիտուտներ։

Հատկապես հետաքրքիր է այն փաստը, որ ներգաղթի կազմակերպմամբ զբաղվող ՆԱՏԻՎ հատուկ ծառայությունը կոնֆլիկտների մեջ էր Ամերիկայի Հրեական կոնգրեսի հետ։ Խորհրդային Միության փլուզումից հետո նրանց միջև պայքար էր սկսվել սովետական հրեաների հարցում։ ԱՄՆ Հրեական կոնգրեսը ցանկանում էր հրեաների արտագաղթը ուղղել դեպի Ամերիկա տեղի համայնքը հզորացնելու համար, իսկ ՆԱՏԻՎ-ը ցանկանում էր նրանց ներգաղթը կազմակերպել դեպի Իսրայել։ Այդ կազմակերպությունները տարբեր աշխարհայացք ու տարբեր խնդիրներ էին փորձում լուծել։ Սա այն օրինակն է, երբ Սփյուռքի հետ աշխատելու համար պետք է ձևակերպվի նպատակը, որի արդյունքում կարող է խնդիր առաջանալ սփյուռքի նոր կազմակերպությունների հետ, իսկ հները՝ քանդել։

Դա, միանշանակորեն, լրջագույն աշխատանք է։

Իսկ որոնք են Իսրայելի սփյուռքի հետ աշխատանքի հիմնական խնդիրները։ Դրանք են․

  • ներդրումների կազմակերպում,
  • կրթություն,
  • մշակույթ,
  • տեխնոլոգիաներ,
  • ներգաղթ,
  • ռազմական փորձագետների հետ աշխատանքներ,
  • քաղաքական ու տնտեսական լոբբինգ,
  • երկրի հեղինակության բարձրացում՝ աշխատանք լրատվամիջոցների հետ,
  • հետախուզություն,
  • հակահետախուզություն և այլն։

Բնականաբար, այդ ամենն անելու համար նախ պետք է ձևավորել գաղափարախոսություն և հայեցակարգ, առանց որոնց չի կարելի կառուցել անհրաժեշտ ինստիտուտները։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ