Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ամուլսարի անկախ խորհրդատվական խմբի ճեպազրույցի ընթացքում բնապահպանները բողոքի ակցիա արեցին



Ամուլսարի անկախ խորհրդատվական խմբի ճեպազրույցի ընթացքում մի խումբ բնապահպաններ պաստառներով մուտք գործեցին քննարկման սրահ եւ բողոքի ակցիա իրականացրին: Բնապահպաններն իրենց հետ շշով բերել էին հանքի թթվային դրենաժի հետևանքով աղտոտված ջուր, որը վերցրել էին Տանձուտի հանքից:

Բնապահպան Անի Խաչատրյանը ներկաներին ասաց, որ «Լիդիանը» չի շահագործելու այդ հանքը, քանի որ թույլ չեն տալու: Բնապահպաններն ընթերցեցին Ամուլսարի ուսումնասիրության փորձագիտական կարծիք՝ ներկաներին հայտնելով, որ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության ներկայացրած տվյալները կիսատ են եւ ոչ հավաստի:

Փորձագիտական խումբը մեկ տարի ուսումնասիրել էր հանքավայրի շահագործման ազդեցությունը ստորերկրյա եւ մակերեւութային ջրերի վրա: Ավարտական եզրակացությունում նշել են, որ պետք է դադարեցնել Ամուլսարի շահագործումը, մինչ հստակ չգնահատվեն հանքի շահագործման վտանգները եւ դրանց կանխարգելման միջոցները: Ակցիայի կազմակերպիչներից Լեւոն Գալստյանը ներկա փորձագետներին հայտնեց, որ «Լիդիանը» հանքի շահագործման կեղծ եւ ոչ հավաստի փաստաթղթեր է ներկայացրել կառավարությանը:

Անկախ խորհրդատվական խումբն այսօրվա ճեպազրույցին պատրաստվում էր իր առաջին տարեկան զեկույցը հրապարակել Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրն իրականացնող «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության գործունեության արդյունավետության վերաբերյալ՝  բնապահպանական և սոցիալական միջազգային լավագույն աշխատակարգերն իրականացնելու ընկերության հանձնառության կապակցությամբ:

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում նշեց ակցիայի կազմակերպիչներից Լեւոն Գալստյանը, պետք է վերջ դրվի երեսպաշտությանը, երբ տարբեր «միջազգային» ստանդարտներով աշխատող կառույցներ փորձում են նման միջոցառումներով, քննարկումներով խնդրի շուրջ ծագած հիմնական վտանգները շեղել. «Նման քննարկումներով փորձում են ցույց տալ, թե որքան բաց եւ թափանցիկ են աշխատում, ունեն նման վերահսկողական պանել, որ հաշվետվություն եւ մոնիտորինգ է անում: Մենք մերժել ենք այդ մոտեցումը, որովհետեւ ի սկզբանե բոլոր այդ վտանգները ճիշտ չեն գնահատված: Ակցիայի նպատակն այն է, որ նրանց չթվա, թե պուպուշ ու հաճելի գործ են անում»:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ամուլսարի անկախ խորհրդատվական խումբն անկախ մարմին է, որը ձևավորվել է Ամուլսարի ծրագիրը մշտադիտարկելու և անկախ, անկողմնակալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով, որպեսզի ապահովի հանքարդյունաբերող ընկերության կողմից ստանձնած միջազգային լավագույն փորձին համահունչ աշխատելու պարտավորությունը:

Այս խորհրդատվական խմբում ընդգրկված են բնապահպանական և սոցիալական արդյունավետության հարցերով յոթ հայ և միջազգային մասնագետներ:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (6)
1. Սարգիս11:34 - 22 մայիսի, 2018
Ծանոթ ենք այդպիսի "անկախ" խորհրդատավական խմբերի գործունեությանը...90-ականներին Արժույթի Միջազգային Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող "անկախ" խորհրդատավական խմբերի ռեցեպտներով քանդում էին Հայաստանի տնտեսությունը, իսկ հիմա էլ արքայազն Չարլզի կողմից ֆինանսավորվող "անկախ" խորհրդատավական խումբը "փափուկ բարձ" է դնում հայ հասարակության գլխի տակ, որպեսզի գերշահույթ ստանալու մոլուցքով տառապող անգլիական արքայազնը խիստ վտանգի տակ դնի Հայաստանի էկոլոգիան?
2. Սարգիս12:04 - 22 մայիսի, 2018
2016-ին Բրիտանիան տեղի ունեցավ բրեքսիթ: Վերջինիս ու տնտեսական անորոշության ֆունտ-ստերլինգի գինը ընկավ, բայց չնայած այդ ամենին բրիտանական թագը նույն տարում ունեցավ 328,8 ֆունտ ստերլինգի եկամուտ: Իսկ օր առաջ անգլիական արքունիքը 45 միլիոն դոլար ծախսեց արքայազն Չարլզի որդի Հարրիի հարսանեկան արարողության անվտանգության և բուն արարողության վրա: Մասնավորապես, հարսի հագուստի, հյուրասիրություն և ծաղկային դեկորի համար ծախսվել է մոտ 1,4 մլն դոլար: Մտածում եմ, որ հայ ընթերցողի պարզ է, որ բրիտանական թագը իր տարեկան շատ մեծ եկամուտն ու թագաժառանգների չափից ավելի ճոխ հարսանեկան ծախսերն մասամբ ապահովում է Հայաստանի նման թուլացած տնտեսություն ու կաշառակեր չինովնիկներ ունեցող երկրների բնական պաշարները թալանելու հաշվին` բացարձակ անտարբեր լինելով այդ թալանի հետևանքով այդ երկրներում ստեղծվելիք բնապահպանական վիճակի վրա:
3. Anahit12:57 - 22 մայիսի, 2018
Այս էս կոչվում ա "օբյեկտվ" լրատվություն: Բա էտ, որ Լևոն Գալստյանից կարծիք եք հայտնում, բա մի հատ էլ հենց միջոցառման բուն մասնակիցներից մի բան հարցնեիք: Թե ձեզ միջացառման բովանդակությունը, նման հեղինակավոր մարդկանց կարծիքը լսելը չի հետարքրում: Կարևորը ծախված, մի քանի կոպեկի համար ծվծվացող ակԾիվիստներն են
4. Հերմինե14:47 - 22 մայիսի, 2018
Թեղուտի հանքավայրը ձեզ օրինակ: Բնակիչներին մնաց թունավոր վթարային պոչամբար,ապականված բնություն,վարկային բեռ ,իսկ տերեն ու ծախու իշխանավորները ընդհատակ անցան հարստացած-հղբացած
5. Սարգիս16:10 - 22 մայիսի, 2018
Անահիտ, սկսենք նրանից, որ խմբի 7 անդամներից 4-ը Մեծ Բրիտանիայի կամ էլ էդ պետության նախկին գաղութների քաղաքացիներ են: Ենթադրենք նրանք օբյեկտիվության համար դեմ են գնում կամ գնալու իրենց բրիտանական թագավորական ընտանիքի շահերին` ինչում ես վստահ չեմ...ավելի ճիշտ կլիներ, որ դուք կարդայիք հայաստանցի հայտնի բնապահպան Հակոբ Սանասարյանի հոդվածը` "Ամուլսարի հանքի շահագործման տնտեսական և էկոլոգիական հետևանքները" (հետք.ամ ` 12.02.2018) ու հետո այս լրատվամիջոցին մեղադրեիք ոչ օբյեկտիվության մեջ:
6. Սարգիս16:18 - 22 մայիսի, 2018
Անահիտ, հոդվածի տպագրման ամսաթիվը շփոթել էի:Հոդվածը հետք.ամ-ում տպագրվել է 12.01.2018-ին:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ