HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նավթի և գազի վերաբերյալ հանրային քննարկումը Կապանում տապալվեց

Հեղինե Սարգսյան

Այսօր՝ 11:00-ին, Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում պետք է տեղի ունենար «Ագապե» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ տարածքի 6-րդ պայմանական բլոկի՝ Կապան համայնքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումը:

Այն, սակայն, չկայացավ: Մի շարք բնապահպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, շահառու համայնքների բնակիչներ և սրտացավ քաղաքացիներ փակել էին դահլիճի դուռը, որտեղ պետք է տեղի ունենար քննարկումը: Այստեղ նախապես՝ մոտ 1 ժամ առաջ, արդեն տեղավորվել էին ընկերության ներկայացուցիչները:

Իրենց համայնքների անվանումներով պաստառները պարզած՝ բնակիչները պնդում էին, որ հանքերն արդեն բավարար են այսքան փոքր տարածաշրջանի համար, և որ ընկերության ներկայացուցիչները պետք է ուղղակի հեռանան:

Կապանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հորդորները՝ ներս մտնելու, քննարկմանը մասնակցելու, այդպես էլ չընդունվեցին: Քննարկման ժամին՝ 11:00-ին, ընկերության ներկայացուցիչներն ազատեցին դահլիճը՝ բողոքելով, որ սուրճը շատ ուշացավ:

Հանրային քննարկումների վերաբերյալ ՀՀ օրենքի համաձայն, եթե հանրային քննարկումը չեղյալ է համարվում, պետք է սահմանված ժամկետում իրականացվի նոր քննարկում:

«Հանրային կարծիքը պետք է ձևավորեին վարչական ղեկավարները և հավանաբար մեկ-երկու «հաճախորդ» ՀԿ-ներ: Այսպես է եղել միշտ և մինչ այժմ: Առաջիկայում մեզ դժվարին պայքար է սպասվում նախկին իշխանության մետաստազներից ազատվելու և նրա թողած հետևանքները հաղթահարելու համար»,- նշեց բնապահպան, ակտիվիստ Դավիթ Հակոբյանը:

Վերջինս նաև զբոսավար է հանդես գալիս Կապան այցելող տուրիստների համար և ափսոսում, որ փչացնում ենք այս բնաշխարհն ինչ-որ անհասկանալի տնտեսական թվացյալ օգուտների համար:

Հարցին թե արդյոք ընկերությունն օֆշորային ծագում ունի, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ այն Իռլանդիայում գրանցված է և որևէ կապ չունի օֆշորի հետ: Ոչ «Բլեքսթերզ էներգի» ՍՊԸ-ի դեպքում, ոչ «Ագապե» ՍՊԸ-ի դեպքում Իռլանդիայում գրանցված լինելու վերաբերյալ տեղեկատվություն գտնել մեզ չհաջողվեց: 

«Ագապե» ՍՊԸ-ն գրանցվել է 2017թ. մարտ ամսին: Դրա 99 % բաժնեմասի սեփականատերը Կանադայում գրանցված «Արմենիան գազ ընդ փաուեր Էնթերփրայզ Ինք.» (այստեղից էլ անվանումը՝ ԱԳԱՊԵ) ԲԲԸ –ն է, մնացյալ 1 %-ը տնօրեն հանդես եկող, Կանադայում գրանցված Գրեմ Սկոթ Ջոնսոնինն է:

Կանադական ռեեստրից մեր ձեռք բերած փաստաթղթի համաձայն` «Արմենիան գազ ընդ փաուեր Էնթերփրայզ Ինք.» ընկերությունում երկու բաժնետերերը կանադացիներ են, երրորդը՝  Կանադայում գրանցված մեկ այլ ընկերություն՝ «Վանգոլդ»-ը, որն արդեն իսկ հիշատակվում էր որպես նախորդ՝ «Բլեքսթերզ էներգի» ՍՊԸ-ի սեփականատեր:

Կարդացեք նաև՝ Ովքե՞ր են հետաքրքրված Հայաստանի նավթի և գազի պաշարներով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter