ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Լեռնագոգում սարսափով են պատմում սելավի մասին



Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի փողոցներն այսօր վաղ առավոտյան սովորականից մարդաշատ էին: Գյուղացիները հերթով իրար տուն էին մտնում և հարցնում, թե ով ինչ վնաս է կրել: Մարդիկ սարսափով էին պատմում երեկ` ժամը 22-ից մոտ 2 ժամ իրենց տներն ու անասնագոմերը ողողած սելավի մասին: Կանայք նույնիսկ հուզվում էին: Արտակ Գալստյանի ականջներում դեռ լսվում է ջրերի հետ եկող ու դարպասներին, պատերին հարվածող քարերի ձայնը: Այդ ձայներից երեխաները գիշերը չեն կարողացել քնել:

Տեղեկացրել էինք, որ երեկ՝ ժամը 22:00-ի սահմաններում Լեռնագոգի սելավատարից անձրևաջրերը լցվել են գյուղ: Վնասվել են ցածրադիր հատվածում գտնվող երեք փողոցների տները, ցանքատարածություններն ու անասնագոմերը: Ջուրը լցվել է նաև նկուղները, քանդվել են մի քանի տների պարիսպները, անասնագոմերի պատերը: Սատկել են նաև մի քանի հարյուրի հասնող հավի ճտեր:

Լեռնագոգի համայնքապետ Սարգիս Մարգարյանը «Հետք»-ին ասաց, որ 120 տնտեսություն վնաս է կրել անձրևաջրերից, սակայն վնասի չափը դեռ հաշվարկված չէ: Պետք է ստեղծվի երկու հանձնաժողով՝ շենք-շինություններին և գյուղատնտեսությանը պատճառված վնասները հաշվարկելու նպատակով:

«Սելավատարները նորմալ գործել են, բայց ջուրն այնքան ուժեղ էր, որ սելավատարը կորել էր ջրի տակ, հզորությունը բավարար չէր: Նախկինում էլի է եղել սելավ, բայց փոքր վնասներ են կրել մարդիկ, սա աննախադեպ էր», - ասում է Սարգիս Մարգարյանը:

Լեռնագոգի համայնքապետի խոսքով` գյուղտեխնիկայով երեկ պատնեշներ են կառուցել, որպեսզի փոխեն ջրի ուղղությունը դեպի ձորակ: Մասամբ հաջողվել է, սակայն հոսքն այնքան ուժգին է եղել, որ նույնիսկ պատնեշներն է քշել-տարել:

Սելավաջրերը քանդել են նաև համայնքապետի անասնագոմի պատերը: Գոմն այլևս օգտագործման համար պիտանի չէ, պետք է նորը կառուցեն: Գյուղացիները տարածքն ուսումնասիրելու ժամանակ անասնագոմի պատուհանները գտնում էին հարևանությամբ գտնվող ձորակից:

Մոտ 30 մետր քանդվել է նաև Արտակ Գալստյանի բակի պարիսպը: Կոտրել է տան դարպասները և ջուրը լցվել է բակ: Հոսքն այնքան ուժեղ է եղել, որ պարիսպը չի դիմացել ճնշմանը և փլուզվել է, իսկ հավաքված ջուրն ամբողջությամբ լցվել է ավելի ցածրադիր հատվածում գտնվող հարևանների տները:

Արտակ Գալստյան

«30 տարի է ապրում ենք, նման բան չէինք տեսել: Լավ ա` պատահմամբ երեխա չկար դուրսը, ջուրը կքշեր: «Զիլ» ավտոները կանգնացրել, պատնեշ էինք սարքել, որ ջուրը գյուղ չմտնի, ավտոներն էլ էր քշում»,- ասում է Արտակը:

Ցիալա Մուրադյանը տխրել է, որ որդու տան նկուղն է վնասվել, ջուրը ողողել է ամբողջ բակն ու ավտոտնակը: Նա հերթով ցույց է տալիս սելավաջրերի հետքերը:

Գալինա Մեսրոպյան

Նրանց հարևանը՝ Գալինա Մեսրոպյանը, պատմեց, որ 15 գոճի ու մայր խոզեր ունի: Իրենք «նպատակով են պահել», և հիմա վաճառելու ժամանակն է: Երեկ տանը ինքն ու հարսն են եղել՝ երեխաների հետ, տղամարդիկ տանը չեն եղել: Ասում են` րոպեների ընթացքում ջուրը տանելու էր իրենց եկամուտը:

«Հերթով, երեխու նման գոճիներին եմ գոմից գրկել, դուրս հանել, խեղդվում էին արդեն: Գիշերով տարել լցրել եմ հարևանի գարաժը` մինչև գոմի ջրերը ցամաքեն: Հարսս հերթով գրկում, հանում էր, ես վազացնում էի հարևանի տուն: Ամբողջ գիշեր չքնեցինք, լացով լուսացրեցինք: Մայր խոզերին դուրսն ենք պահել, հսկել ենք ամբողջ գիշեր: Հետո տեսանք, որ մի քանի հավ է խեղդվել, բայց աչքիս չի գալիս էլ»,- ասում է տիկին Գալինան՝ հավելելով, որ անասնագոմի խոնավությունից հարսը թեթև էլեկտրահարվել է, և երջանիկ պատահականություն է, որ անդառնալի մարդկային կորուստ չեն ունեցել:

Լեռնագոգի համայնքապետ Սարգիս Մարգարյանը հույս ունի, որ կառավարությունը կաջակցի համայնքին: Ասում է՝ ի վիճակի չեն իրենց ուժերով վերականգնել վնասը։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ