HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի պաշտոնակատարը հարվածել է համալսարանի վարորդին և ազատման դիմում գրել. ՀՊՏՀ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լրատվության բաժինը հայտարարություն է տարածել և հայտնել, որ դրանով ցանկանում է պարզաբանում մտցնել ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին՝ «հատկապես, որ իրողության վերաբերյալ տարածվում է ապատեղեկատվություն»: Նշենք, որ արդեն երկրորդ օրն է՝ մի քանի տասնյակ ուսանողներ ցույց են անում Ավան վարչական շրջանում գտնվող քոլեջի դիմաց՝ պահանջելով տնօրեն Սերգեյ Խառատյանի վերադարձը:

Վերջինս, հիշեցնենք, 2013թ-ին՝ ՀՊՏՀ-ում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ, լրագրողների մուտքն արգելող անձանց թվում էր: Այդ ժամանակ նա համալսարանի ուսխորհրդի նախագահն էր, իսկ 2017թ-ին նշանակվել է քոլեջի տնօրենի պաշտոնակատար:

Համալսարանը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին ֆինանսատնտեսագիտական քոլեջում տեղի է ունեցել միջադեպ: «Համալսարանի վարորդ Միհրան Պապիկյանը մեքենայով այցելել է քոլեջ, հսկիչը նրան զգուշացրել է մեքենան տարածքից դուրս բերել, որ իր վրա չբարկանան: Վարորդը անմիջապես մեքենան դուրս է բերել քոլեջի տարածքից և այցելել քոլեջի տնօրենին՝ խնդրելու իր պատճառով չբարկանալ հսկիչի վրա: Սերգեյ Խառատյանի սենյակում տեղի է ունեցել վիճաբանություն: Միջադեպը շարունակություն է ունեցել արդեն համալսարանում, ինչի մասին ահազանգել է համալսարանում պահնորդական ծառայություններ իրականացնող «ՍԻԼԵՐ» ՍՊԸ տնօրեն Ա. Համբարձումյանը, ում կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Խառատյանը և համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հ. Հարությունյանը վիճաբանել են և հարվածել համալսարանի վարորդ Մ.Պապիկյանին: Ծեծկռտուքը կանխվել է «ՍԻԼԵՐ» ՍՊԸ անվտանգության աշխատակից Ա.Համբարձումյանի կողմից:- դեպքը նկարագրում է համալսարանի լրատվության բաժինը՝ շարունակելով,- Այս ամենից հետո համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Խառատյանը 18.05.2018թ. ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում՝ ի դեպ, անձնակազմի կառավարման բաժնում խնդրելով անհապաղ ընթացք տալ իր դիմումին:

Միաժամանակ, ինչպես հայտնում է համալսարանի լրատվության բաժինը, ներկայումս Սերգո Խառատյանի նախաձեռնությամբ, իր մտերիմների միջոցով քոլեջի մուտքը փակել են՝ իրեն որպես տնօրեն հետ բերելու պահանջով, ինչի հետևանքով 18.05.2018թ.-ից քոլեջի բնականոն գործունեությունը խաթարվել է:

«Ս. Խառատյանը դրսևորել է կրթական հաստատության ղեկավարին ոչ պատշաճ վարքագիծ, ինչի գիտակցումով էլ, հավանաբար, ներկայացրել է ազատման դիմում: Անհասկանալի է այժմ նրա մտերիմների միջոցով իրականացվող բեմականացման պատճառը և այն կեղծ ահազանգերը, որոնցով նրանք դիմում են լրատվամիջոցներին՝ ներկայացնելով իբր թե չգիտեն քոլեջի տնօրենի պաշտոնակատարի ազատման պատճառը:

Որպես կանոն՝ ՀՊՏՀ ղեկավարությունը զուսպ է նման լուրերին արձագանքելու հարցում, այս դեպքում ևս ցանկալի չէր ցավալի միջադեպի հրապարակայնացումը, սակայն, ցանկանում ենք ընդգծել, որ անընդունելի է փաստերի աղավաղմամբ նման ապատեղեկատվության տարածումը քոլեջի տնօրենի պաշտոնակատարի մտերիմների կողմից:

Քոլեջի ղեկավարի հանցավոր արարքի պատճառով հեղինակազրկվում է համալսարանը և քոլեջը, որոնք, որպես կրթական հաստատություն, իսկապես այս ընթացքում լուրջ հաջողություններ են արձանագրել»,- հայտնում է համալսարանի լրատվության բաժինը՝ միջադեպի վերաբերյալ ներկայացվածը հավաստելու համար կցելով վարորդի բացատրագիրը, պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության տնօրենի նամակը, ինչպես նաև Սերգեյ Խառատյանի դիմումը:

ՀՊՏՀ ղեկավարությունը պատրաստվում է սույն նյութերը ներկայացնել ոստիկանություն՝ սահմանված կարգով ընթացք տալու համար: Հայտարարության մեջ ասում է, որ ՀՊՏՀ ղեկավարությունը այս մասին պատշաճ կարգով կտեղեկացնի նաև ԿԳ նախարարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter