HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

61 փաստաբան արտոնագիր ստացավ

Հայաստանի շուրջ 2000 փաստաբանների համայնքն այսօր համալրվեց ևս 61 փաստաբանով: Փաստաբանական պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր նրանց հանձնեց արտոնագրերը:

Ամենակարևոր գործոնը, ըստ Արա Զոհրաբյանի, փաստաբանի սրտացավությունն է ու պրոֆեսիոնալիզմը՝ գիտելիքը: «Դուք լավ գիտեք՝ փաստաբանական դպրոց ընդունվել եք ձեր ուժերով, սովորել եք ձեր ուժերով, որակավորման քննությունները հանձնել եք ձեր ուժերով: Մեր համայնքն այսօր ունակ է արտոնագիր տալու գրագետ մարդու»,- նշեց պալատի նախագահը՝ շնորհակալություն հայտնելով փաստաբանական դպրոցի դասախոսական կազմին, աշխատակազմին ու որակավորման հանձնաժողովին:

Արա Զոհրաբյանը

Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը վստահ է, որ արտոնագիր ստացող փաստաբաններն իրենց առաքելությունը պատվով են իրականացնելու. «Վստահ եմ, որ ձեր ավանդը կներդնեք փաստաբանական համայնքի կայացման գործընթացում»:

Փաստաբանական պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը հումորով սկսեց. «հիմա մոդա է ասել դուխով , փաստաբանների պարագայում կավելացնեմ նաև՝ նյուխով: Դուխով լինելուց առաջ պիտի նյուխով լինենք»: Նա մի քանի խորհուրդ տվեց՝ աչքաչափով որևէ գործ չանել, ձեռքի հետ փաստաբանությամբ չզբաղվել, լինել պրոֆեսիոնալ, լինել փաստաբանական գրասենյակների հիմնադիրներ ու տալ մարդավայել ու արժանապատիվ ծառայություններ: Իսկ խոսքն ավարտեց Կոնֆուցիոսի խոսքերով՝ «հազարավոր կիլոմետրերը սկսվում են մեկ քայլից՝ քա՛յլ արեք»:

Սեդրակ Ասատրյանը

Ըստ փաստաբան Տարոն Սիմոնյանի՝ անարդարությունը հզոր հակառակորդ է. «Մենք բոլորս հանձնվում ենք ու հիասթափվում ու տրվում գետի ընդհանուր հոսքին: Բայց փաստաբանն այդպիսին չէ: Փաստաբանը ազատության մարտիկ է: Նա գիտակցում է, որ իրավունքը պիտի բարձրանա արվեստի մակարդակի»:

Տարոն Սիմոնյանը

Փաստաբան Արա Ղազարյանն էլ նշեց, որ շատ հետաքրքիր ժամանակներում են 61 անձինք դառնում փաստաբան, երբ մարդու իրավունքներն ավելի կարևորվելու են: «Բոլորը կարող են Ձեր վստահորդները լինել՝ և՛ ներկաները, և՛ նախկինները: Ունենք նախկին նախարար, նախկին դատախազ, նախկին դատավոր վստահորդների մեջ: Ներկաները ապագայում ևս նախկին են դառնալու, բայց փաստաբանները միշտ կան: Եվ նրանք, ովքեր Ձեզ օպոնենտ են, վաղը խնդրելու են, որ իրենց պաշտպանեք: Ես արդեն քանի անգամ դրանում համոզվում են»,-ասաց Արա Ղազարյանը:

Արա Ղազարյանը

Վերջում նորավարտ փաստաբանների քառանկյուն գլխարկները, ավանդույթի համաձայն, օդ բարձրացան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter