Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Գրահրատարակչական ոլորտի զարգացման տեսլականը» քննարկման մանրամասներ․ զրույց Արեւիկ Աշխարոյանի հետ



Մայիսի 19-ին «Ակումբ» սրճարանում տեղ ունեցավ «Գրահրատարակչական ոլորտի զարգացման կարճաժամկետ ու երկարաժամկետ տեսլականը» թեմայով քննարկում-հանդիպում։ Հանդիպումը նախաձեռնել էր ԱՐԻ գրականության հիմնադրամը։

Քննարկման մանրամասների մասին զրուցեցի ԱՐԻ գրականության հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արեւիկ Աշխարոյանի հետ։

Նման քննարկման անհրաժեշտութունը հիմնադրամի գործառույթների՞ց էր բխում, թե՞ հասունացած պահանջ կար։

Մենք ներկայացնում ենք ոլորտի մի մասը միայն․ հայ գրականության առաջխաղացումը մեր առաքելությունն է, եւ, ինչպես գիտես, աշխատանք ենք տանում գրողների, թարգմանիչների հետ, բայց կոնկրետ այս քննարկումը սպասել չէր կարող, եւ որոշեցինք նախաձեռնել։

Այս օրերին հատկապես, երբ նոր Հայաստանի տեսլականը կա ու շոշափելի է, մենք հասկացանք, որ քայլ անելու ժամանակն է, քանի որ ոլորտի ապագայի պատասխանատվությունն ենք կրում նաեւ մենք։ Առաջին նման հանդիպման նպատակն էր մի սեղանի շուրջ հավաքել գրահրատարակչական ոլորտի ներկայացուցիչների եւ հասկանալ, թե ինչ փոփոխություններ ենք ուզում տեսնել 3 եւ/կամ 5-7 տարի հետո։

Կարճ ասած՝ ոլորտի զարգացման տեսլականի «գծագրման» փորձ էր։

Ստացվե՞ց «գծագրման» փորձի սկիզբը դնել։ Ովքե՞ր էին ներկա հանդիպմանը,  ի՞նչ հրատապ խնդիրների շուրջ ծավալվեց քննարկումը։

Հանդիպմանն ավելի քան 30 մասնակից կար՝ հրատարակիչներ, գրավաճառներ, գրողներ, թարգմանիչներ, գրականագետներ, գրքի դիզայներներ եւ ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Ներկա էր նաեւ Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, ով գրահրատարակչության մասով նախարարությունում արդեն երկար տարիներ աշխատանք է տանում եւ լավատեղյակ է ոլորտի բացերից։

Գիտենք, որ «դժվար» ոլորտ է, կոնֆլիկտներն անսպառ են գրող-հրատարակիչ-գրախանութ-պետություն շղթայում։ Այս կապերի մանրամասները բազմիցս թեժ քննարկման առիթ են դարձել, եւ հիմնականում նմանատիպ քննարկումները կառուցողական դաշտ չեն տեղափոխվել։

Իհարկե, մեր ունեցած քննարկման ժամանակ էլ հաճախ շեղվում էինք բուն թեմայից՝ ապագայի տեսլականից․ մասնակիցներն իրենց հուզող նեղ հարցերի քննարկում էին սկսում՝ հաշվի առնելով, որ ներկա է փոխնախարարը։

Այնուամենայնիվ, որպես ոլորտի ներկայացուցիչ, ով տարբեր առիթներով գործնական շփումներ ունի գրողի, հրատարակիչի, թարգմանիչի հետ, ինչպե՞ս ես գնահատում հանդիպման արդյունավետությունը։

Երկխոսությունը կայացած եմ համարում։ Մի քանի կարեւոր եզրակացություն արեցի ինձ համար․ մասնավորապես՝ ոլորտի ներկայացուցիչները լավատեղյակ չեն, թե ինչպես է աշխատում դաշտը կամ ինչպես պիտի աշխատի, համեմատություններ անելու համար միջազգային փորձին քչերն են ծանոթ։

Ասացիր, որ փոխնախարարին էին դիմում տարբեր հարցերով եւ առաջարկներովկոնկրետ ի՞նչ առաջարկներ են հնչել։

Հիմնական թեմաներից մեկը գրողների համար համապատասխան պայմանների բացակայությունն է, անվստահությունը հրատարակիչների ու գրախանութների թափանցիկ աշխատանքի ուղղությամբ։ Այս հարցերն ունեն լուծումներ անշուշտ, որը ենթադրում է մանրակրկիտ աշխատանք, դաշտի ուսումնասիրություն եւ տվյալների հիման վրա հստակ եզրակացություններ, խնդիրների կոնկրետ ամրագրում։

Հանդիպման ընթացքում հնչեցին մի քանի լավ առաջարկներ, ինչպես օրինակ գրողների համար կրթաթոշակների, մրցույթների եւ այլ խրախուսող հարթակների ու միջոցների տրամադրումն է։ Իրականացվելիք մրցույթներն ու նմանատիպ այլ իրադարձությունները պիտի լինեն թափանցիկ ու վստահելի, որը հնարավորություն կտա իսկապես տաղանդավոր գրողին գաղափարը վերածել գրքի՝ ունենալով ֆինանսական որոշակի ապահովվածություն ուղղակի գիրք գրելու համար։

Կարեւոր մի այլ գաղափար էլ հնչեց, որ մասնավոր սեկտորին հնարավորինս ներգրավել է պետք՝ այս ոլորտի զարգացմանն ի նպաստ․ մասնավորապես մեծ ընկերությունները հանրային պատասխանատվություն ցուցաբերեն եւ աջակցեն մշակութային այս գործընթացին։ Ի վերջո, գրականությունը մնայուն արժեք է, տարիներ հետո էլ նոր սերունդները հենց գրքի միջոցով պիտի իմանան՝ ինչ բացառիկ ժամանակներում են ապրել եւ ինչ անկումների ու վերելքների տարիներ էին Երրորդ հանրապետության առաջին տասնամյակները։

ԱՐԻ հիմնադրամն այս առիթով իր առաջարկները ներկայացնելու է Մշակույթի նոր նախարարին։

Դու՝ որպես գրական գործակալ եւ գրականության հիմնադրամի ղեկավար, միջազգային շուկայում մեր գրականության ամրագրման հնարավորություն տեսնու՞մ ես։

Առաջին հերթին հենց գրողներին հետաքրքրող թեմա է, որը կարող է մեծ խթան հանդիսանալ ստեղծագործական աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար։ Իհարկե կարեւոր է, որ գրողը նախեւառաջ ներքին շուկայում գտնի իր ընթերցողին եւ այդկերպ ճանաչվի, այլապես դժվար է պատկերացնել, թե ինչ հիմքերով պիտի արտասահմանյան հրատարակչությունը շահագրգռվի հանդես գալ  տվյալ գրքի թարգմանության եւ հրատարակման առաջարկով։

Այս քննարկմանը միջազգային հարթակներում հայտնվելու հարցը նույնպես բարձրացվել է։ Սուսաննա Հարությունյանը, ով գրականության պետական մրցանակակիր է, նշեց, որ պետությունը պիտի աջակցի ու խրախուսի այն հարթակների ստեղծմանը, որտեղ գրականությունը կներակայա ընթերցողին․ լինեն հեռուստահաղորդումներ, գրական պոպուլյար հանդեսներ եւ գրական էջեր հատկացվեն մամուլում, որտեղ գրքի վերաբերյալ նոր ձեւաչափերով հնարավոր կլինի արտահայտվել։

Անելիքները շատ են նաեւ գրաքննադատական հարթակի ստեղծման հարցում։ Գրաքննադատ Տիգրան Ամիրյանը, ով ամեն տարի մասնակցում է միջազգային գրաքննադատական կոնֆերանսների, ում աշխատությունները հրապարակվում են միջազգային գիտական մամուլում, խնդիր ունի հայկական գիտական պարբերականներին հղում անելու՝ ապացուցելու համար, որ Հայաստանը միջազգային երկխոսության արժանի մասնակից է։

Արեւիկ, ընդհանուր առմամբ քննարկման մանրամասներից եւ քո բարձրացրած խնդիրներից տպավորություն է, որ գրահրատարակչական ոլորտի տարբեր օղակներ առանձին եւ ընդհանուր իմաստով գործնականում շատ անելիքներ ունեն եւ փոխկապակցման խնդիրներ կան դեռ, որպեսզի փոփոխություններն ու հնարավորություններն իսկապես շոշափելի լինեն։

Այո, այս ոլորտը շատ հստակ շղթայական է, որի բոլոր օղակները պիտի կուռ լինեն արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար։ Շղթան սկսվում է ընթերցողից, ում պիտի դպրոցը եւ ընտանիքը դաստիարակի ու սովորեցնի գրքի հետ «ընկերություն» անել, ապա հրատարակիչն է, որը որակյալ եւ բազմազան առաջարկներով պիտի հանդես գա՝ ընթերցողի մոտ հետաքրքրություն ապահովելու եւ պրոցեսին մասնակիցը դարձնելու համար։

Կա կարեւոր միջանկյալ օղակ՝ զանգվածային լրատվամիջոցը, որտեղից պիտի երեւա, լսվի գրաքննադատի, մշակութային լրագրողի, սովորական ընթերցողի ձայնը, որը պիտի ընթերցողական համայնքի ձեւավորման հիմքերից մեկը դառնա։

Հետո արդեն թարգմանիչներն են, որ օտարազգի ընթերցողին հասանելի պիտի դարձնեն մեր գրականությունը․ այստեղ լուրջ խնդիրներ ունենք, քանի որ կան լեզուներ, որոնցով ուղղակի թարգմանել հնարավոր չէ մասնագետների բացակայության պատճառով։

Հաջորդ քայլը միջազգային հարթակում մեր երկրի ներկայացուցչական մշտական ապահովումն է․ այս գործում անելիք կա թե պետության, թե մասնավոր սեկտորի (հրատարակիչներ, գործակալներ) կողմից։

Ամփոփելով նշածդ խնդիրներն ու հնարավորությունները եւ հաշվի առնելով քննարկման ընդհանուր պատկերը՝ ի՞նչ եզրակացության ես եկել։

Եթե կարճ, ապա ոլորտի յուրաքանչյուր ներկայացուցիչ պիտի իր դերում հստակ մեխանիզմներով գործի, իսկ ոլորտը կարգավորող եւ զարգացմանը նպաստող կառույցներն ու կազմակերպությունները ակտիվ լինեն եւ պաշտպանված։

Շատ հարցեր լուծումներ կստանան, եթե գրողների, թարգմանիչների, գրադարանավարների մասնագիտական ասոցիացիաներ, համքարություններ ստեղծվեն, փորձեն հնարավորինս ինքնակազմակերպվել, իրենց խնդիրները ձեւակերպել ու իրավական մակարդակով բարեփոխումների հասնել, վերանայվեն գրող-հրատարակիչ, թարգմանիչ-հրատարակիչ, գրող-գործակալ հարաբերությունները։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ զարգացած երկրներում նման գործառույթներն իրականացվում են հասարակական կառույցների կողմից նպաստող հանրային քննարկումների կազմակերպմամբ, իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված հարթակների եւ այլ ձեւաչափերի միջոցով։

Հայաստանում հիմա լավագույն ժամանակն է այս տեսակ ճանապարհով հարցեր լուծելու․ մենք պիտի հանդես գանք առաջարկների լուրջ փաթեթներով․ պետական կառույցերն ասում են, որ բաց են, սպասում են։ Կարծում եմ՝ այս մեխանիզմով կհաջողենք։

Լուսանկարը՝ Արեւիկ Աշխարոյանի ֆեյբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ