HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Սպայկան» հաղթանակցու հողամասն օգտագործել է առանց նրա համաձայնության

Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ Աննա Մագդալասովայի սեփականությունը հանդիսացող 1300 քմ մակերեսով հողամասում արդեն երկու անգամ բերք է ցանել «Սպայկա» ընկերությունը։ Մագդալասովան պնդում է, որ դա արվել է առանց իր համաձայնության։

«Սպայկան» սահմանամերձ Հաղթանակում մոտ 50 տնտեսությունից գնել է 40-45 հեկտար ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս, եւ այնտեղ կարտոֆիլ ու բողկ է ցանում, արտահանում։ Աննա Մագդալասովայի հողամասը գտնվում է «Սպայկայի» հսկայական տնտեսության մեջտեղում, եւ ընկերությունը վարել-ցանել է նաեւ այն։ 

Բնակիչներից ոմանք հեշտությամբ համաձայնել են վաճառել իրենց հողակտորները, իսկ Մագդալասովան մերժել է «Սպայկային»։ Այդուհանդերձ, նախորդ տարվա հոկտեմբերին ընկերությունն այդ հողակտորն օգտագործել է իր բիզնես-կարիքների համար։

«Հետքի» հետ զրույցում Հաղթանակում ընկերության ծրագրերը համակարգող, պահեստապետ Վահան Հարությունյանը ասաց, որ դրա դիմաց «Սպայկան» Աննա Մագդալասովայի հողի տարեկան տուրքն է վճարել։ Մագդալասովան հերքում է՝ իր հողի հարկը՝ տարեկան 4000 դրամ, որեւէ մեկը չի վճարել։ Այլ փոխհատուցում նույնպես չի եղել։

«Իմ հողը գնելու ցանկություն են հայտնել, ես մերժել եմ։ Ժամանակին այնտեղ խաղողի այգի էր, երկար տարիներ մնացել է անմշակ։ Չնայած ես չեմ համաձայնել հողամասը վաճառել, այնտեղ բողկ են ցանել։ Գարնանն էլ վարել են, ինձ ասում են՝ վարած հող է, արի տիրացիր, ինչ ուզում ես ցանիր»,-պատմեց Մագդալասովան։

Նրա որդին Ռուսաստանի Դաշնությունում զոհվել է ավտովթարից, դուստրը ծանր վիրահատություններ է տարել, ապրում են` մեծ դժվարություններ հաղթահարելով։ Հարցին, թե ինչու՞ է միայն հիմա բարձրաձայնում խնդրի մասին, հաղթանակցի կինը պատասխանեց․ «Մոտ 13-14 տարի առաջ մեր նախկին գյուղապետի հետ վեճ ունեցա, ասացի՝ ինչպե՞ս է, որ դու 30 հեկտար հող ունես, ես՝ չունեմ, ես ինչո՞վ եմ ապրելու, ասաց՝ դու էլ գնա հող կեր։ Ես տարիներ շարունակ դռնեդուռ ընկա, պետական մարմիններից ոչ ոք իմ բողոքը չլսեց, որոշեցի լռել։ Իսկ հիմա չեմ ուզում լռել։ Հեղափոխություն է եղել, ես ուզում եմ, որպեսզի նոր կառավարությունը մեր խնդիրներին ականջալուր լինի»։

Վահան Հարությունյանը պատմում է, որ նախ Մագդալասովայի հետ պայմանավորվել էին նրա 1300 քմ մետր հողամասը փոխանակել ուրիշ հատվածում գտնվող հողամասի հետ։ Հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուղղակի օգտագործեն նրա հողամասը։

«Էդ մարդը թե վիրավորվածություն ունի նախկին իշխանություններից, թե ինչ` չգիտեմ։ Սեփականաշնորհման տարիներին նրան տրամադրվել էր 3000 քմ հողամաս, բայց կադաստրի վկայականի մեջ արձանագրված է միայն 1300 քմ-ը։ Ի միջի այլոց, նման խնդիր բոլորի հետ է առաջացել։ Դա է իրեն զայրացրել երեւի։ Բայց մենք դրա հետ կապ չունենք։ Ես խորհուրդ եմ տվել գնալ կադաստր եւ զբաղվել այդ հարցով։ Անցած տարվա հոկտեմբերին բողկ ենք ցանել` փոխհատուցելով հողի վարձը՝ մոտավորապես 2000-3000 դրամ»,- ասաց «Սպայկայի» Հաղթանակի համակարգողը։

Վահան Հարությունյանը վստահեցրեց, որ հաղթանակցիները տրամադրված են վաճառել իրենց հողամասերն ու բացատրեց, թե ինչու․ «Որովհետեւ տարիներով չեն մշակել։ Ջուր չի եղել։ Էներգետիկ ճգնաժամի տարիներին, էստեղ խաղողի այգիներ կային, չորացան։ Ով չի մշակում, նրանք են վաճառում։ Հիմա հողակտոր ունենք, որ մեր գնած հողերի մեջտեղում է, սեփականատերը չի վաճառում։ Մենք էլ մեր ջուրը հանել ենք էդ տարածքից»։

Նշենք, որ «Սպայկան» այլեւս ոչ միայն արտահանմամբ է զբաղվում, այլեւ արտադրում կիսաֆաբրիկատներ եւ պահածոներ։ Այս ընթացքում ընկերությունը այգիներ է հիմնում ոչ միայն Հաղթանակում, այլեւ Շենիկում եւ Ալափարսում։

Հաղթանակի վարչական ղեկավար Վահրամ Շառոյանը խոշոր ընկերության կողմից գյուղացիները հողերը գնելը համարում է դրական երեւույթ։ «Սպայկայի» գործունեությունը նրա համար է լավ, որ աշխատատեղեր է բացվել, ժողովուրդը ժպիտով գնում են գործի, գալիս։ Էսօրվա դրությամբ էլ մոտ 100 մարդ է աշխատում էդ հողերում։ Մարդիկ չեն ուզում էդ հողերը մշակել, սովոր են արտագնա աշխատանքի»,- նշեց Շառոյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը «Սպայկայի» մեկ պայմանավորվածության արդյունքում՝ Կրասնոդարի «Ռոզա վետռով» շուկան փակ ու անհասանելի էր դարձել մյուս արտահանողների համար։

Մեկնաբանություններ (7)

Մարիամ
Ընկերությունն անբարեխիղճ է գտնվել, էդ հարցի մի կողմն է, բայց նաև չի ասում, որ ստեղծել են այնպիսի պայմաններ, որ գյուղացին չկարողանա հողագործությամբ զբաղվել, որ առաջարկում է հենց իրեն հարմար գներով վաճառել հողը, որ հետո այնտեղ աշխատեն օրավարձով, իսկ գյուղացին հողը վաճառում է, քանի որ ջուր չկա, որ ջրի, չեն ասում, որ գյուղում մարդիկ կան, ում հողը նույնպես վերցրել են, բայց վերջիններս լռում են, քանի որ վախենում են , եղածն էլ չգնեն ու էլի շատ բաներ, որ կարող են շատ ավելի հեռուն տանել, ընդհուպ մինչև ավելի լուրջ տեղեր։ Ընկերությունն ինքն է, տեղական իշխանությունների հետ համագործակցելով, հողը վաճառելու անբարեխիղճ պայմաններ ստեղում, ոչնչացնում մանր բիզնեսը։ Ի դեպ, ժամանակին Հաղթանակում դեղձի լավ այգիներ կային, ջուր չլինելու պատճառով դրանք չորացան։ Ընկերությունն օգտվեց առիթից, տեղական իշխանություններն էլ նպաստեցին դրան։
Մհեր
Իրականում Սպայկայի այս տարածքում հաստատվելու արդյունքում լուրջ սոցիալական խնդիր է լուծվել: Միայն Հաղթանակ գյուղից արտագնա աշխատանքի չեն մեկնել մոտ 30 մարդ:Սպայկան գնել է 90-ականներից չմշակված, փուշ ու տատասկով պատված, անջրդի հողեր: Արդյունքում գյուղի բյուջե վճարվել է տասնյակ տարիների ընթացքում կուտակված մի քանի միլլիոն դրամ հողի հարկ: Հաղթանակ համայնքի բյուջեի կատարողականը երբևէ չէր հասել 30 տոկոսի, իսկ 2017թ հասավ 98 տոկոս, որի արդյունքում էլ համայնքը ծրագիր շահեց:Սպայկայի ոռոգման ջուր պատվիրելու օրերին տասնյակ գյուղացիներ կարողանում են ջրել իրենց հողամասերը, քանի որ միայնակ ի վիճակի չեն վճարել հզոր պոմպակայանների ծախսերը:Ինչ վերաբերվում է վերը նշված հողակտորին ասեմ, որ իրականում եղել է օգտագործելու պայմանավորվածություն և եթե հիմա փոշմանել են, իրենց փուշ ու տատասկից մաքրված հողն է թող օգտագործեն, հողը վարելուց չի մաշվում, ընդհակառակը: Եվ որ դարում ենք ապրում, որ մարդու սեփականությանը ստիպողաբար տիրանան: Սպայկայի հողատարածքների միջև ներկայումս կան մի քանի հողակտորներ որոնց տերերը չեն ցանկացել վաճառել և դրանք այդպես անմշակ էլ մնացել են, կարող եք տեղում համոզվել ինքներդ:ԵՎ վերջում. չի կարելի ծեղը գերան դարձնել և քրտնաջան, բեղմնավոր աշխատողին, արարողին,որը նաև հարյուրավոր ընտանիքներ է կերակրում, փորձել արատավորել, խաթարել: Մեր երկիրը հիմա նման մարդկանց խիստ կարիք ունի:
Ashot
Հերիքա դեմագոգիայով զբաղվեք իբր ժողովրդի մասին մտածող եք պարոն Z. 3000քմ, կես հեկտար մ՛շակելով ոչ մի գյուղացի լավ չի ապրի, եթե անգամ, ոռոգման ջուրը, պարարտանյութը ըստ պահանջի ապահովեն: Նախ որ գյուղացիա չի նշանակում, որ անպայման սիրումա ու ի վիճակիա հող մշակել: Շատերին ասենք շինարարություն անելը ավելի դուրա գալիս: Հայաստանումել էտ ծավալի շինարարություն չկա, մարդիկ գնում են Ռուսաստան աշխատելու: Երկրի զարգացումը կարան ապահովեն խոշոր տնտեսությունները, ովքեր կարող են ժամանակաից տեխնոլոգիաների մեջ ներդրում անեն 100հազարավոր տոննաներով արտադրանք տան, ռուսական, եվրոպական սուպեմարկետների հետ մեծ մատակարարման պայմանագրեր կնքեն, արտահանեն: 3000քմ ունեցող գյուղացին եթե տնից 2 հոգի օրավարձով 5000դրամով աշխատելեն տարվա կտրվածքով շատ ավելի մեծ գումար կստացվի քան եթե իրենք էտ հողը մշակեն:
Z.
Հարգելի Աշոտ, դեմագոգիայով այս պահին Դուք եք զբաղվում․ ով է ՍՊԱՅԿԱՆ, Դուք, որ որոշեք՝ անհատի համար ինչն է լավ, ինչը՝ վատ։ Կարող է 3000 մետր հող ունեցողը չանի եսիմ ինչ բիզնես, բայց 10,000 մետր ունեցողը կարող էր ինքն իր համար մանր բիզնես անել, եթե ջրի հարցը լուծված լիներ։ Դեմ չեմ, որ մարդիկ օրավարձով աշխատեն, բայց փաստ է,, որ ընկերությունը գյուղապետարանի հետ արել է ամեն ինչ, որ գնի հողը գյուղացուց, հիմնականում՝ տատասկ ու փուշ է պատճառաբանությամբ, ջուր չտալով։ Փոխարենը տեղական իշխանությունները պարտավոր էին լուծել ոռոգման ջրի հարցը, որ ՍՊԱՅԿԱ-ն չգար, ջուր քաշեր, հողերը վերցներ՝ պատճառաբանելով, թե փուշ ու տատասկ ա։ Թե չէ լինում է ինչպես հիմա է․ գյուղացին զրկվում է ստիպված իր հողից, հետո էդ նույն հողով աշխատում կամ ոչ։ Բայց սա դեռ մի կողմ․ բավականին տեղեկացված եք, բացատրեք, էդ դեպքում նաև ուրիշի տարածքում ապօրինի գործունեություն ծավալելը, թե՞ դա էլ է գյուղացու շահերից բխում։
Մարիամ
Իսկ ինչ կասեք այն փաստին որ հողերը գնեցին հաղթանակի բնակիչներից բայց ամեն կերպ չեն ցանկանում մեր հաղեանակի բնակիչները աշխատեն 7 գիշեր 9-10 ժամ անբողջ գիշեր մարդկանց աշխատեցնում են որպիսի ինքնակամ հրաժարվեն աշխատանքից....անարդարացի է
Անի
Իսկ իրավաբանորեն ՍՊԱՅԿԱ-ն ինչ իրավունք ուներ հարկը վճարել հողի, դա պետք է աներ սեփականատերը։ Հողի սեփականատերն անգամ տեղյակ չի եղել դրա մասին իր ասելով։ Ով է իրավունք տվել մտնել նույնիսկ էդ տարածք։ Գյուղապետն ինչ գործ ունի խառնվի մասնավորի գործին, ինքն ինչ կապ ունի գյուղացու սեփականության հետ։ ՍՊԱՅԿԱ-ն կոնկրետ խախտել է էս կնոջ իրավունքները։
Z.
Հարգելի Մհեր, ակնհայտորեն ստում եք. մարդը հստակ ասում է՝ չի եղել նման պայմանավորվածություն, եթե եղել է, կա՞ պայմանագիր, եթե չկա, ուրեմն ապօրինաբար տիրացել եք, եթե կա պայմանագիր, հրապարակեք, եթե չկա, հիմա կարող եք ինչ ասես հնարել: Դուք կարող եք ինչ ուզում եք, ասել, համոզված եմ՝ նունիսկ ճնշում են էս կնոջն իր ճշմարտ խոսքն ասեու համար: Իհարկե, տեղական իշխանությունները կարող են ինչ ուզեն, նկարեն, աճ և այլն, եթե էդքան տնտեսութունն աճել է, էդքան խոպանչին մեզ որտեղի՞ց: Էս հարցում որ շատ խորանանք, մինչև մարզպետ էլ կհասնենք, որովհետև առանց տեղական իշխանությունների սա չէր լինի: Հենց էդ է, էլի Ա. Մագդալասովան ասում. էս որ դարն է, որ մարդուն առանց հարցնելու սեփականությունը վերցնում են, տնօրինում: Ձեր ինչ գործն է, փուշ ու տատասկ է, թող էդպես էլ մնա, կամ 100 մետր հող է, ջուրն էլ քաշեիք, ասեիք՝ մի բան էլ քեզ օգնենք, կամ, լավ, չանեիք, էդ վարած-ցանած բերքից մի տոպրակ բերք տանեիք, ասեիք՝ ապրես, անվարձ-անբան տվել ես: Մեծ բան են արել. հողի հարկն են տվել: Ավելին, ես համոզված եմ՝ նույնիսկ ուզում եք գնել էդ փուշ ու տատասկը, ըստ էության գրոշներով: Մարդն էլ ուզում է մնա փուշ ու տատասկ, բայց կոպեկով իր հողը չվաճառի, որովհետև գիտի, էդ էսօր կծախի, 2 ամսում էդ փողը կվերջանա, իսկ էսպես հույս ունի, որ մաաարդ ես, մի կտոր բարեխիղճ գյուղապետ կհայտնվի, նորմալ պայմաններ կստեղծի, որ գյուղացին իր հողով իր գլուխը պահի, ոչ թե 5000 դրամ օրավարձով կաշխատի կամ չաշխատի: Ու վերջում, ընկերության անբարեխիղճ ախատանքի մասին միայն էս գյուղացիները չէ, որ ասում են, հիմա Հռոմի պապից սուրբ պետք էլ չէ ձևանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter