HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թորոս Սեֆիլյան. «Ես պիտի գնամ դուրսը ամեն ինչ վաճառեմ, այստեղ պիտի ապրիմ»

Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, օրեր առաջ է Լիբանանից եկել Հայաստան: Արդեն հանդիպել է եղբորը, երեք ժամ զրուցել. «Ժիրայրը բերդում, ես լիցքավորվում եմ: Առաջիկա օրերում կսպասինք, որ տղերքը կգտնվին բանտից դուրս»,- մեզ հետ զրույցում ասաց Թորոս Սեֆիլյանը:

Վերջին անգամ Թորոս Սեֆիլյանը Երևանում եղել է 3 տարի առաջ՝ 2015-ին՝ «Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիաների ժամանակ. «Ցավոք, երբ գնացի, իմացա, որ իմ անունը օդանավակայանում ցանկի էին դրել, չէի կարողանում գալ, բայց 20 տարի գալիս-գնում եմ: Ինձ հաճախակի զանգում էին, ասում էին՝ պարոն Սեֆիլյան չգաք, քանի որ կձերբակալեն, շինծու գործ կհարուցեն, 3 ամսով կմեկուսացնեն: Վերջերս ինձ մի զանգ եկավ, որ անունն էլ չկա, կարող եք գալ: Բայց մայիսի 12-ին եկա, ինձ 2 ժամ կանգնեցրին: Իմ անունը դեռ կար: Ինձ հարցրեցին՝ հետդարձի տոմս ունեք: Ասացի՝ 1 սանտիմետր հետ չեմ գնա, ես մտնում եմ Երևան: Հետո ասացին՝ կներեք և այդպես միացա մեր գեղեցիկ ժողովրդին՝ իմ մասնակցությունը բերելու, որ այս երկիրը ավլենք-սրբենք»:

Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը որոշել է վերադառնալ Հայաստան. «Ես պիտի գնամ դուրսը ամեն ինչ վաճառեմ, ձեր հետ պիտի ապրիմ, այստեղ պիտի ապրիմ: Ես դուրսը չեմ կարողանում շնչիլ: Կարծում են՝ ձևական է: Իմ կամքովս ես դուրսը չեմ ծնվել, այլ Արևմտյան Հայաստանի թոռներ ենք: Նաև շատերու կարող եմ պատճառ դառնամ, որ գան Հայաստան»:

Թորոս Սեֆիլյանը եղբոր՝ Ժիրայրի հետ, 2000 թ-ին հիմնադրել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնությունը:

Նա մասնակցում է քաղբանտարկյալների ազատման ակցիաներին, հավաքներին: Կարծում է, որ հեղափոխությունը դեռ ավարտված չէ և այն պետք է հասցնել տրամաբանական ավարտին ու «արդարությունը վերականգնել երկրեն ներս, եթե արդարություն չկա, բոլորը, ինչ որ անում ենք, իմաստ չի ունենա»:

Ժիրայր Սեֆիլյանի եղբոր համոզմամբ, ոչ միայն Ժիրայրը, այլ Շանթ Հարությունյանից սկսած, Գևորգ Սաֆարյանը, Կարո Եղնուկյանը, Հայկ Կյուրեղյանը, առանց բացառության վայրկյան առաջ դուրս պիտի գան:

Համաներմանը համամիտ չէ: Ասում է՝ «հանցագործներուն կուտան համաներում,: Տղերքը մեղավորներ չեն, ինչու համար պիտի ընդունինք համաներում: Ուզում են տղերքին վարկաբեկեն, արժանապատվության հետ խաղալ: Առաջին հերթին, իրենք չեն ընդունում դա»:

Ինչ վերաբերում է «Սասնա Ծռերի» գործին, ապա Թորոս Սեֆիլյանի կարծիքով, հանդարտության ու համերաշխության համար պետք է խափանման միջոցը: «Հետո օրենքի ներքո թող դատեն: Արդար դատաքննություն լինի: Եթե իսկապես քաղաքական կամք կա, արդար դատ կլինի, իրոք, հավատում եմ»:

Թորոս Սեֆիլյանը պատկերավոր ասում է, որ «Հոկտեմբեր 27»-ով ժամացույցը կանգնեց, «Մարտի 1»-ով ժամացույցը փշրվեց: «Հիմա մենք հույս կապեցինք, որ ժամացույցը սարքվեցավ, բայց սլաքները նորից առաջ պտտելու համար, պետք է հեղափոխությունն ավարտին հասցվի: Այդ ժամանակ երկիրը կսկսի ծաղկել: Արդարադատություն եթե կարողացանք հիմնել, բոլոր խնդիրները լուծելի են: Մենք զարգացման թռիչք կունենաք 3 տարում, եթե արդարություն լինի»:

Մեկնաբանություններ (2)

Լուսիկ
Հարգելի պարոն Սեֆիլյան ես միշտ Սասնա ծռերին համարել եմ հերոսներ; որոնք իրենց կյանքը դրել էին հայաստանը սերժից ու իր ոհմակից ազատագրելու գործին; սակայն հիմա' նրանց օր առաջ ազատ տեսնելուն ուղղված ձեր գործողությունները; կարծում եմ այնքան էլ ճիշտ չեն ճանապարհները փակելու և ցույցեր կազմակերպելու տեսակետից։ Դատավորների և դատախազի վրա ինչպես տեսնում եք դրանք չեն ազդում; պետք է այլ ելք փնտրել' դրանց հրաժարական տալն ստիպելու համար. ապավինեք Փաշինյանին և նա այդ հարցն անպայման կլուծի և համոզված եմ շատ շուտով
Կարէն
Կեցցէս պ-ն Սէֆիլեան, այո ճիշտ էք որոշել Կեցցեն Սասնա Ծռերը ազատութիւն, քաղբանտարկյալներին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter