Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Երկրում իրադրության փոփոխությունը կարող է ազդել քրեական գործերի ընթացքի վրա․ ԱԺ-ում քննարկվում է դատախազության հաղորդումը



Խորհրդարանում քննարկվում է «ՀՀ դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը: «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անդրադարձավ քաղբանտարկյալների խնդրին։

«Դուք ասում եք, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ասում եք, որևէ միջազգային կառույցի կողմից մինչ այսօր հայտնի չէ փաստ, որ որևէ մեկը ճանաչված լինի քաղբանտարկյալ, բայց մենք շատ լավ գիտենք, որ միջազգային կառույցի կողմից նման գնահատական տալու համար մեծ քաշքշուկ է լինում։ Չնայած դրան՝ Human watch-ը ծավալուն նամակով դիմել է նախկին դատախազին, որտեղ Գևորգ Սաֆարյանի գործի նկարագրական մասում քաղբանտարկյալին բնորոշ ձևակերպումներով է հանդես եկել։ Վերջիվերջո Դուք ասում եք, որ քաղբանտարկյալ չկա այն պարագայում, երբ վարչապետն ասում է, որ կան, և այդ կարգախոսի ներքո ժողովրդի ճնշումն այնքան բարձր է լինում, որ քաղաքական մեծամասնությունը ստիպված է լինում զիջել իշխանություն»,- ասաց Սիմոնյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Սիմոնյանը հարցրեց, թե արդյոք գլխավոր դատախազը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել։

Արթուր Դավթյանն առաջարկեց քաղբանտարկյալ տերմինը չօգտագործել, քանի որ «վերջին շրջանում բոլորն են այդ տերմինն» օգտագործում։ «Թույլ տվեք ասել, որ նույնիսկ մարդիկ են օգտագործում, որոնք ընդհանրապես չեն պատկերացնում` ինչի մասին են խոսում»,- ասաց Դավթյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ հանրության որոշակի հատվածի կողմից որոշ անձանց որպես քաղբանտարկյալ ներկայացնելիս կա նման կարծիք, որ վերջիններիս մեղադրանքները հիմնավոր չեն։

«Թվարկված անձանց վերաբերյալ բոլոր գործերն այս պահին դատարանի վարույթում են, իրականացվում է արադադատություն, և արդարադատությունը հենց դրա համար է կոչված։ Մենք պաշտպանելու ենք մեր մեղադրանքը, պաշտպանության կողմը՝ փաստարկները, և արդարադատություն իրականացնող մարմինը կորոշի»,- ասաց նա։

Գլխավոր դատախազի խոսքով՝ Հայաստանում իրադրության փոփոխության արդյունքում անձը կամ իր կատարած հանցանքը հանրության համար կարող է վտանգավոր չլինել։

«Այո, իրադրության փոփոխման արդյունքում մենք ունենք գործեր, որոնցով կարող ենք կանգ առնել համապատասխան իրադրության փոփոխման քննարկման, բայց չեմ անհատականացնում դեպքերը», - ասաց Դավթյանը։

Ալեն Սիմոնյանը զարմացավ, թե ինչ տարբերություն Գևորգ Սաֆարյանի կամ Անդրեաս Ղուկասյանի գործողություններում վարչապետի ընտրությունից հետո։

«Մենք ունենք քրեական գործեր, որտեղ մարդիկ նախապատրաստում էին իրականացնել զանգվածային անկարգություններ, պետությանը ներկայացնում էին պահանջներ՝ անձնավորելով կոնկրետ պաշտոնատար անձանց, մենք այսօր չունենք այդ պաշտոնատար անձանց»,- ասաց գլխավոր դատախազը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ