Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Ֆինանսների նորանշանակ նախարարը բաժնեմաս ունի Լոռու մարզում գործող հէկում



Ֆինանսների նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանը երկար տարիներ նույն գերատեսչությունում աշխատելու փորձ ունի: Նա, ըստ էության, 1999-2016թթ. ֆինանսների (որոշ ժամանակ վերաձևավորված ֆինանսների և էկոնոմիկայի) նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ էր: Իսկ արդեն 2016-2018թթ. ֆինանսների նախարարի առաջին տեղակալ դարձավ և պաշտոնավարում էր մինչև նախարար նշանակվելը:

Դատելով նրա կենսագրությունից՝ Ջանջուղազյանը միշտ պետական պաշտոն է զբաղեցրել և աշխատանքի դիմաց ստացել ոչ այնքան ճոխ վարձատրություն: Չնայած դրան՝ նրա 2011-2017 թվականների ներկայացրած հայտարարագրերից պարզ է դառնում, որ Ջանջուղազյանը ստացած աշխատավարձից կրկնակի ավելի դրամական միջոցներ է ունեցել, տարեկան աշխատավարձի արժեքով գույք է ձեռք բերել և օտարել:

2016-ին, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ նշանակվելու կապակցությամբ ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա բնակարան ունի բազմաբնակարան բնակելի շենքում, ինչպես նաև անշարժ գույք, որը նոր կառուցված է կամ ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում:

2015 թվականի հայտարարագրից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ Ատոմ Ջանջուղազյանը բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանը ձեռք է բերել 2015 թվականին, որի արժեքը կազմել է 13 մլն դրամ: Հայտարարագրում, սակայն, դա ձևակերպված է որպես նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք:

2014 թվականը Ջանջուղազյանի համար շարժական գույքի առք ու վաճառքի տեսակետից է արդյունավետ եղել: Նա 8,7 մլն դրամով ձեռք է բերել MITSUBISHI OUTLANDER 2.9 L ավտոմեքենան և 6 մլն դրամով վաճառել է իր MITSUBISHI PAJERO 3.0 L-ը:

Ֆինանսների փոխնախարարը 2016-ին նաև 10,000 դրամ արժեքով բաժնետոմս է հայտարարագրել:

Արդարադատության նախարարության ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալներով՝ Ատոմ Ջանջուղազյանը 10 տոկոս բաժնեմաս ունի «Կարբի ջրհոս» հէկ ՍՊԸ-ում: Նա իր բաժնեմասը ձեռք է բերել 2011 թվականին, այսինքն՝ այն ժամանակ, երբ հէկը շահագործման է հանձնվել:

Ունի 10 բաժնետոմս, որի արժեքը 5000 դրամ է: Հետևաբար՝ պարզ չէ, թե որտեղից է նրա մյուս՝ 5000 դրամ արժողությամբ բաժնեմասը ձևավորվում, քանի որ պետռեգիստրում նրա անվամբ այլ ընկերություն չի հայտնաբերվում:

Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ «Կարբի ջրհոս» հէկ ՍՊԸ-ն 2011 թվականից Լոռու մարզում՝ Կարբի գետի աջ և ձախ վտակների վրա շահագործում է 1000 կՎտ հզորությամբ նույնանուն հէկը: Արտադրում է տարեկան 2 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա:

Ատոմ Ջանջուղազյանի այս բաժնեմասի և այնտեղից ստացված շահաբաժնի վերաբերյալ նշումներ չկան նրա՝ 2011-2015թթ. հայտարարագրերում: Նա այս բաժնեմասը հայտարարագրել է միայն 2016-ին:

Ատոմ Ջանջուղազյանի կինը՝ Հասմիկ Մարտիրոսյանը, ըստ ներկայացրած հայտարարագրերի, մեծ կարողություններ չունի: Սակայն վերջին երկու տարիներին բաժնետոմսեր է ձեռք բերել՝ 2016-ին՝ 900 հազար դրամ արժողությամբ, 2017-ին՝ 995 600: 

Նախարարի հետ ապրող դուստրը՝ Լիլիթ Ջանջուղազյանը, ոչինչ չի հայտարարագրել: 

Ատոմ Ջանջուղազյանը պարգևներ է ստացել նախորդ նախագահներից՝ Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից. 2007թ. նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով՝ պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար: 2015թ. Ս. Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հ.Գ. Ատոմ Ջանջուղազյանը դրամական միջոց է հայտարարագրել ոչ միայն հայկական դրամով, այլ նաև ԱՄՆ դոլարով և եվրոյով: Գրաֆիկում արտարժույթը ևս ներառված և գումարված է նրա դրամային միջոցներին՝ տվյալ տարվա վերջում եղած ԿԲ համապատասխան փոխարժեքով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ