Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ոստիկանության Կոտայքի բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար



ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ և 308-րդ հոդվածի 1-ին մասերով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Այսպես, 2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, մի շարք քաղաքացիներ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հենակետի հարակից տարածքում իրականացրել են բողոքի զանգվածային ակցիաներ, որի ընթացքում փակել են նաև հիշյալ ավտոճանապարհի երթևեկելի հատվածը: Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ:

Լրագրող Տիրայր Մուրադյանը, զանգվածային լրատվության միջոցների մյուս ներկայացուցիչների հետ, լրագրողական վկայականով (որը տեսանելի է եղել), իր բջջային հեռախոսով ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել է քաղաքացիների և ոստիկանության ծառայողների գործողությունների ընթացքը:

Այդ ժամանակ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Տ. Մուրադյանին և փորձել վերցնել վերջինիս բջջային հեռախոսը, այնուհետև իր աշխատակիցներին հրահանգել է Տ. Մուրադյանին հեռացնել նշված հատվածից: Հանդիպելով Տ. Մուրադյանի արդարացի և իրավաչափ ընդվզմանը և անտեսելով լրագրող լինելու մասին վերջինիս հավաստիացումները, ինչպես նաև այն, որ լրագրողն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ոստիկանների ծառայությանը խոչընդոտող վարքագիծ չի դրսևորել, այդուհանդերձ, Ա. Արզումանյանը մյուս ծառայողների հետ ֆիզիկական ուժ և բռնություն գործադրելով` Տ. Մուրադյանին նստեցրել են «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան և հեռացրել մասնագիտական գործունեության իրականացման վայրից:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար ոստիկանության գնդապետ Ա. Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանության պետի հրամանով Արսեն Արզումանյանի ծառայողական լիազորությունները կասեցվել են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ