Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Հանրային հեռուստատեսությունը Ռուբեն Ջաղինյանի փողերի լվացքատունն է


Հանրային հեռուստաընկերությունը մեծ փողերի «լվացքատուն» է դարձել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի եւ իր թիմակիցների համար։ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունն այնտեղ ստուգումներ է կատարել, որոնց արդյունքում խոշոր բացահայտումներ են եղել, բայց դրանք հիմնականում «հետեւանքներ» չեն ունեցել, քանի որ, ինչպես պարզվում է, Ռուբեն Ջաղինյանը, որը հանրության մեջ հայտնի է նաեւ Ջազ մականունուվ, բոլորի ընկերն է եւ շատ արագ հարցերը լուծում է։   

Իսկ Ջաղինյանն իր թիմով կարողացել է ստեղծել «լվացքատունն» անխափան աշխատեցնելու համակարգը։

Ինչպես արդեն գրել ենք, մոտ 2 մլրդ դրամի խախտման փաստեր են արձանագրվել Հանրային հեռուստաընկերությունում։ Խոսքը պետբյուջեից ստացված գումարների մասին է, այսինքն` հարկատուներիս գումարների։ Բայց այստեղ կա մեկ այլ նրբություն. տեսչությունը չի ստուգել ոչ պետական բյուջեից ստացված գումարների ծախսերը։ Դրանք նույնպես մեծ չափերի են, դրանք գովազդային չեն համարվում (Հանրային հեռուստաընկերությունը չի կարող գովազդ տեղադրել իր եթերում), բայց աջակցություն, հովանավորություն, համատեղ արտադրանք եւ զանազան տերմիններ են մտածված այդ գումարները ստանալու եւ «ծախսելու» համար։

Հանրային հեռուստաընկերությունում արձանագրված խախտումների 2 մլրդ դրամից միայն 321 մլն դրամն է ենթակա վերականգնման (վերաձևակերպման)։ «Հետք»-ի հարցման պատասխանում ֆինանսների նախարարությունը գրել է.

«Նշված գումարից վերականգնման ենթակա 183,6 մլն դրամն արդեն իսկ մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե, 132,6 մլն դրամը արձանագրվել է որպես վերաձևակերպման ենթակա գումար, իսկ 1,692,8 մլն դրամը ենթակա չէ վերականգնման կամ վերաձևակերպման, և այդ մասով ընկերության կողմից շտկվել են արձանագրված թերությունները»,- նշված է հարցման պատասխանում:

Հիմա ներկայացնենք մեկ փաստ, թե ինչպես է վերականգնվել այդ 183,6 մլն դրամը։ Շատ պարզ ճանապարհով` Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը պահուստային ֆոնդից հենց մոտավորապես նույնքան գումար է հատկացրել Հանրային հեռուստաընկերությանը։

Մեջբերենք մի հատված որոշումից«Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից իրականացված տեխնիկական վերազինման գործընթացի արդյունքում առաջացած պարտավորությունների կատարման նպատակով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը 2017 թվականին հատկացնել 174,728.7 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

Ու ստացվել է` պետությունը նորից է գումար հատկացրել Ջաղինյանի ղեկավարած կառույցին։ Իսկ Ջաղինյանն այդ ընթացքում հասցնում է, օրինակ՝ երկու բնակարան գնել Հյուսիսային պողոտայում եւ իրար միացնել դրանց տարածքները։ Սա ընդամենը մեկ դրվագ է։

Թե ինչ խախտումներ են արձանագրվել Հանրային հեռուստաընկերությունում, ֆինանսների նախարարությունը չի մանրամասնել։ Որովհետեւ եթե մանրամասներ ներկայացվեին, ապա ազատազրկման վայրերում գտնվողներից շատերը պետք է ազատ արձակվեին եւ փոխարինվեին Հանրային հեռուստաընկերության ղեկավար կազմի անդամներով։ Մեզ հաջողվել է պարզել, որ, օրինակ՝ տարիներ շարունակ գումարներ են դուրս գրվել չպատրաստված հաղորդումների համար, իսկ եթերում ցուցադրվել են նախորդ տարիներին պատրաստված նույնանուն հաղորդումները, ձեռք բերված տեխնիկական միջոցները չեն գտնվում Հանրային հեռուստաընկերությունում կամ պարզապես դրանք չկան, չավարտվող շինարարական աշխատանքների վրա կատարված ծախսերն արժանահավատ չեն։

Ներկայացնենք մի փաստ, որը հասկանալի կդարձնի, թե ինչ մեխանիզմով էր Ռուբեն Ջաղինյանն աշխատեցնում իր «լվացքատունը»։ Հանրային հեռուստաընկերության բյուջեի մոտ 75%-ը փոխանցվում էր «Շարմ հոլդինգ» ընկերությանը, այս ընկերությունից գումարի մի մասը գնում էր մեկ այլ ընկերություն` տեխնիկա վարձակալելու համար։ «Շարմ հոլդինգ»-ի սեփականատերերն են Ռուբեն Ջաղինյանը (50%), Հրանտ Թոխատյանը (25%), Կարեն Ղազարյանը (25%)։

Եթե դատախազությունը քրեական գործ հարուցելու հիմքեր չի կարողացել գտնել, ապա մենք պատրաստ ենք օժանդակել այդ գործում։ Պետք է համապատասխան մարմինները հնարավորություն տան մեզ` ծանոթանալու Հանրային հեռուստաընկերության ֆինանսական փաստաթղթերին, եւ մենք կկարողանանք ներկայացնել լվացքատան գործունեության բոլոր մանրամասները։ Կա եւս մեկ փաստ, որ արժե` իմանա հասարակությունը` Հանրային հեռուստաընկերության շենքը գրավադրված է բանկերից մեկում։


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (7)
1. Manukjan17:37 - 23 մայիսի, 2018
Տղերք, КВН- ի աստեղային ժամերը անցյալում են, դուք սպառել եք ձեզ, տեսանք ձեր քաղաքականությամբ ու բիզնեսով զբաղվելու հետեւանքները: փողերը հետ տվեք ու « մարգինալացվեք» կամավոր կերպով: ձեր ռաբիզությունն ու «Միշիկական» պրոպագանդան հույս ունեմ էլ չի երեւա էկրաններից :
2. Manukjan18:02 - 23 մայիսի, 2018
Հարգելի «Հետք» ինչու՞ չեք հրապարակում առաջին մեկնաբանությունս: կարծում եմ ոչ մի վիրավորական բան չեմ գրել:
3. Հայկ19:23 - 23 մայիսի, 2018
Եվ ինչքան մարդկանց կրճատեց Ջաղինյանը հեռուստաընկերությունից պատճառաբանելով , թե Հանրայինի բյուջեն չի հերիքում իրենց աշխատավարձ վճարելու համար :
4. Հասմիկ Հովհաննիսյան11:37 - 24 մայիսի, 2018
Կարծում եմ, որ ոչ միայն արդարացի չի լինի նման հարուստ նյութին ընթացք, քրեա-իրավական գնահատական չտալը, այլև՝ իրավապահ մարմնի պարտականությունն է այդ հաղորդմանն ընթացք տալը՝ առանց որևէ անձի հաղորդում ներկայացնելու։ Սա արդեն հաղորդում է ։Հոդված 179. Լրատվության միջոցների հաղորդումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179 հոդված․ 1. Լրատվության միջոցների հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, ինչպես նաև լրատվության միջոցներին հասցեագրված և չհրապարակված հաղորդակցություններում: 2. Հանցագործությունների մասին հաղորդումներ հրապարակած կամ ըստ պատկանելության ուղարկած լրատվության միջոցները, ինչպես նաև այդ հաղորդումների հեղինակները պարտավոր են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող` իրենց մոտ եղած նյութերը: Հոդված 180. Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը 1. Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:
5. Աննա20:10 - 24 մայիսի, 2018
Իսկ ներկայացված նախագծերի ձևաչափը գեղանալն ու խաբե՞լը։
6. Արմինե00:43 - 25 մայիսի, 2018
Ով ուզում է լինել, սիրված կամ ոչ սիրված հայտնիներ կամ անհայտներ, բոլորը օրենքի դիմաց պիտի պատասխան տան։ Եթե պահանջում ենք արդհարություն ապա պիտի հետևողական լինենք, չէ որ կեղծը, սուտը և այլն դրանք մարդուն փչացնող վատ որակներ են իսկ պատիժի միջոցով գոնե հույս կա, որ որակը կբարձրանա։
7. Նուբար Ասլանյան00:19 - 5 հուլիսի, 2018
Կարծում եմ Ռուբիկը էս խայտառակությունը բարոյապես կուլ չի կարող տալ.....
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։